Բան ԺԴ

Ի խորոց սրտի խոսք աստծո հետ

Ա

Պաղատում եմ քեզ, լույսի ճառագայթ,

Արքա երկնավոր, գովյալ անպատում,

Որդի միածին անճառ Աստծո,

Խոնարհելով քո ունկն ու վերստին մերձենալով ինձ,

Բարձրյա՜լ բարեգութ, կյանքի ապավեն,

Անսա՛ չարաչար վիրավորվածիս

Հառաչանքներին այս նվաղաձայն։

Բ

Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված,

Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ,

Զի կարկամած էր.

Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն,

Զի պապանձված էր.

Ոչ էլ տատանվող, դողդոջ մատներով

Վիշտ ու աղետն է հայտնել տեսողիդ,

Զի խորտակված էր.

Չի սևեռել քեզ արտասվաշաղախ

Ու կողկողագին հայացքն աչքերի,

Զի մեղապարտ էր.

Ոչ էլ միջնորդի բարեխոսությամբ

Գթառատ կամքդ է շահել աշխատել,

Քանզի լքված էր.

Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով

Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց՝

Փորձելով ճմլել սիրտը գթածիդ,

Զի հուսահատ էր.

Ծնկների վրա, ինչպես ոտքերի

Գարշապարներով, չուղղվեց դեպի քեզ,

Քանզի անզոր էր տեղից բարձրանալ.

Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ,

Քիչ է տարբերվում արդեն մեռածից,

Նամանավանդ որ, թեպետ խրատվեց մեծիդ խոսքերով,

Բարերարվեց քո գթասրտությամբ

Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ,

Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ,

Այլև հեստաբար ապստամբելով՝

Անցավ բանակն իր թշնամիների,

Դաշնակցեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ։

Գ

Բայց դու, բարերա՜ր ու բազմապարգև,

Անոխակալ ու ամենակեցույց,

Ոչ միայն մեղքերն այդ չարագործի

Չպահեցիր քո հիշողության մեջ,

Այլև խոսքով իսկ չկշտամբեցիր.

Ոչ թե ընկածին ոտնահարեցիր,

Այլ, կարեկցաբար մոտենալով, դեռ

Ծայրագույն խնամք ցույց տվիր նրան։

Չաճապարեցիր քահանայապես վրա պրծնելով՝

Խորտակել ծանր վիրավորվածին

(Ըստ ահարոնյան տկար օրենքի,

Որ զորավոր էր միայն բռնալիր քարաձգությամբ

Ու անեծքներով դատապարտելու, մահ գործելու մեջ),

Ոչ էլ ղևտական անկատարագործ կարապետի պես

(Որը երկուսի միջասահմանում իբրև անջրպետ՝

Հնի լրումն ու սկիզբն էր նորի,

Ունայն, հոգեզուրկ, ապաշխարության մի հրավիրակ)

Նայեցիր վշտին վիրավորյալի,

Այլ, որպեսզի նա՝ արմատակտուր

Սատակիչ կացնի օրինակով և

Քո մեջ չտեսներ պաշտոնը մահվան ու ահից մեռներ,

Ասորեստանցի պահապանանուն

Հեթանոսների տեսքն ընդունեցիր

(Որոնք վերցնելով օրենքն հրեական՝ պահեցին անեղծ,

Մինչդեռ հրեաներն իրենք մոռացան)

Ու մեր բնությամբ կերպարված մարմնով՝

Ազատագրության ավետիսը մեծ

Համբավեցիր և օտար ազգերին

Ու աստվածային, անեղծ, անապակ

Ներգործությամբ քո, ձեռք կարկառելով,

Երբեմնի մահվան մեղապարտ մարդուն

Իր սերունդներով ոտքի կանգնեցրիր։

Ուրախացրիր սիրտը վշտաբեկ,

Հուսահատվածին գոտեպնդեցիր,

Զվարթացրիր թշվառին նորեն.

Սուրբ ավազանի կենարար օծմամբ,

Լույսի բաժակով բարգավաճեցրիր.

Նորակերտեցիր երկնային հացով՝

Կենսատու մարմնով քո արարչական.

Երջանիկների, ընտրազունների վերակացությամբ՝

Խանդաղատանքով ամոքեցիր ու խնամարկեցիր

Եվ հանդարտընթաց գրաստի անքույթ

Խնամքին հանձնած՝ պահեցիր անփորձ,

Մինչև հանեցիր հարկը լուսեղեն։

Նախնյաց ու երկրորդ կենդանապարգև

Զույգ կտակների միջոցով նորից

Մարդասիրաբար ապաքինեցիր

Եվ թևատարած մի արծվի նման առնելով նրան՝

(Ինչպես արեցիր Մովսեսի օրով)

Առաջնորդեցիր բարության երկրի

Հանգստարանը քո անդորրավետ,

Վարդապետներին հրամայելով՝

Խոսքի կերակրով սնուցել նրան։

Դ

Դու, որ ծայրագույն լույսդ բարության

Ամեն ինչի մեջ բովանդակապես հրաշագործեցիր

Եվ պառակտիչից՝ գանձը գողացած սեփականելով՝

Ստացվածքը քո վերադարձրիր քեզ,

Փրկի՛ր նաև ինձ՝ մեղքի պարտքերից մաքրելով իսպառ.

Դու, որ անհատույց պարգևում ես և անպատրաստներին,

Նրանց հետ նաև ի՛նձ տուր քավություն ու բժշկություն,

Բարեգո՜ւթ, զորեղ, անճառ, անքնին, անեղծ, ահավոր,

Օրհնյա՜լ մշտապես, հավիտյաններից հավիտյանս. ամեն։