Բան ԺԳ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Աստվա՜ծ բարերար, հզոր, ահավոր,
Շնորհատու հայր, բարի, ողորմած,
Անուն իսկ մեծիդ միայն գթություն,
Ընտանություն է ավետարանում.
Քաղցր ես մինչևիսկ ապերախտների, ժանտերի հանդեպ։
Քեզ նման է և որդիդ, ձեռքիդ պես զորավոր ձեռքով,
Տերությամբ ահեղ ինքնաժամանակ
Եվ արարչությամբ բարձրացած քեզ հետ։
Այլև Սուրբ Հոգին քո ճշմարտության,
Բխած քեզանից անսպառորեն՝
Իբրև կատարյալ գոյի իսկություն,
Էականություն մշտնջենական՝
Ըստ ամենայնի հավասար է քեզ,
Իսկ իշխանությամբ՝ փառակից որդուդ։
Եվ որպես եռյակ անձնավորություն, համակ անքնին՝
Տարանջատ եք դուք ինքնությամբ ուրույն
Եվ միավորված համազուգությամբ,
Բնությամբ՝ նույնգոյ, իսկությամբ՝ հատուկ,
Անշփոթելի ու անանջրպետ,
Միևնույն կամքով ու գործակցությամբ.
Մեկդ մյուսից ո՛չ ավագ է, ո՛չ
Նվազ՝ մինչևիսկ մի ակնթարթով,
Այլ ճանաչվում եք որպես համաշունչ սկզբնապատճառ
Երկնային սիրո անստվեր լույսի՝
Սրբասացության միակ պսակով
Անսկզբնաբար աստվածաբանված։
Բ
Արդ, եռափառյան ձեր դավանության
Խոստովանությունն այս վերաձայնված,
Որը Պետրոսին «հավատքի վեմի»
Մեծ երանության արժանացրեց,
Թող որ բարեհաճ իր հրամանով, փնտրո՜ղդ գերուս,
Նաև մեղքերով դատապարտյալիս
Արդարացնի հրաշանորոգ։
Թեպետև դու, տե՜ր, տնօրինողն ես
Ե՛վ պարգևների, և՛ ողորմության,
Սակայն ոչ այնքան պարգևներով ես
Հռչակված, որքան ողորմությամբ քո.
Զի առաջինը միայն որպես վարձ՝
Հայտնում է գործերն առաքինական,
Մինչդեռ երկրորդը բարձրացնում է փառքը բարձրյալիդ.
Քանզի պարգևը փոխհատուցում է վաստակի դիմաց,
Ողորմությունը, այնինչ, անհատույց
Բարերարում է մեղավորներիս։
Գ
Եվ արդ, մարդկային գործերը թող որ
Իրենց զորությամբ չգերազանցեն
Քո շնորհներին, գթառա՜տ Աստված,
Եթե մինչևիսկ մեր այս հոսանուտ
Բնության բոլոր օրենքներից էլ վեր լինեն նրանք.
Թող հաղթող լինի անչարությունը քո երկայնամիտ,
Եվ գործերն համայն երկրածիններիս
Նվազ լինեն միշտ քոնոնց նկատմամբ։
Չէ՛ որ և նրանք, որոնք մաքրությամբ
Պարծենում էին՝ իրենց օրենքին ապավինելով,
Երբ ծագեց լույսը՝ ներկայի գուշակ քո արդարության,
Հրեությունն այդ հետնյալ՝ համորեն
Անձկությամբ լքված ու նվաստացած,
Տարագրական եղկելիներից նույնիսկ ավելի,
Կարոտ զգաց քո մարդասիրության։
Քանզի ամեն ինչ հնարավոր է քեզ, ո՜վ բարերար,
Լսի՛ր դառնահեծ պաղատանքներիս,
Որ բարձրաղաղակ առաքում եմ քեզ.
Ողորմի՛ր, կյա՛նք տուր ու մարդասիրի՛ր,
Քանզի քաղցր ես դու ու երկայնամիտ, փրկիչ ու քավող.
Եվ քեզ փա՜ռք բոլոր հավիտյանների ազգերից. ամեն։