Բան Ժ
Ի խորոց սրտի խոսք աստծո հետ
Ա
Թե՛ զղջումն ուժգին, թե՛ մեղանչումը անսանձ, մոլագար,
Կորստաբեր են հավասարապես.
Թեպետև դրանք օտարածին են
Ու երևույթով իրարից տարբեր,
Բայց ըստ էության զուգադրելիս
Կնկատենք, որ երկուսն էլ մարդուն
Մղում, հասցնում են նույն վհատության,
Քանի որ մեկը թերհավատում է հզորի ձեռքին՝
Համարելով այն ապիկար, անզոր,
Իսկ մյուսն, անբան ու չորքոտանի
Անասունի պես անզգայացած,
Իսպառ կտրում է առասանն հույսի.
Ուստի առաջնից փաղաքշվելով՝
Չարախնդում է, հրճվում սատանան,
Իսկ երկրորդով, միշտ լիզելով արյունն իբրև կերակուր,
Պարարտանում է դժոխորովայն մի գազանի պես։
Բ
Արդ, ինչպես մեկը, որ բազմահարված հեծանով ծեծված՝
Հասել է մինչև ափունքը մահու,
Դարձյալ փոքր-ինչ շունչ ու կենդանության
Ոգի առնելով՝ պետք է զորանալ,
Կազդուրվել նորից ու ելնել ոտքի,
Հառնել կորստից անկենդանական
Օժանդակությամբ Հիսուսի աջի,
Որ բարեգութ է բոլորի հանդեպ.
Ձեռք բերելով և երկնավոր հորից
Բազմախտավորիս, մեռյալիս համար
Բժշկության ու փրկության պտուղ՝
Սկզբնավորմամբ այս աղերսական ողբամատյանի
Ես հավատքի շենք պիտի կառուցեմ։
Քանի որ մեկը նախահայրերից
Սրանով զինված, իսկապես, իսկույն
Անցավ երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով՝
Զղջման միջոցով նա անեղծության
Գրավականն իր ժառանգեց այստեղ,
Նույնիսկ ավելի, քան նրանք, որոնց
Հիշատակում է առաքյալն իր հետ,
Թեպետև սրանք ապագայի ու
Երկնավոր հույսի հավատով լցված՝
Երկրում հանձն առան ճգնակեցական ամեն փորձություն
Ու փարթամացան անտես անպատում ամեն ճոխությամբ։
Գ
Եթե հիշենք և սրա հետ տիրոջ
Խրախուսական խոսքը պաշտելի՝
«Ով հավատում է, հնարավոր է նրան ամեն բան»,
Ապա ընտրագույն աստվածահաճո
Բարեմասնությանց չափն ու արժեքը որոշելիս՝ միշտ
Հավատը պիտի գտնենք ամենից բարձր ու գերազանց,
Քանզի նրանով կարելի է լոկ
Մերձենալ բոլոր սրբություններին։
Առանց հավատի փառքի տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ,
Այլ նախ և առաջ, որպես լծորդ իր բարերարության,
Մեզնից անսասան հավատ պահանջեց։
Լինելով տիրոջն առընթեր՝ սա և զորություն ունի
Ինքնիշխանորեն կյանք ընձեռելու,
Ինչպես վկայեց հենց օրհնաբանյալ բերանն Աստծո,
Թե՝ «Քո հավատը միայն քեզ փրկեց»։
Դ
Քանզի, արդարև, տեսությունն հստակ,
Իմաստությունը կատարելագույն,
Մտերմությունը երկնավորի հետ,
Ճանաչումն Աստծո՝ մասն են հավատքի,
Այդ երջանիկ ու ընտիր անվան, որ
Հարաձգվելով՝ մնում է հավետ անեղծ, անխափան՝
Որպես պատվակից սիրո և հույսի։
Իսկապես, եթե մանանեխի մի
Փոքրիկ, աննշան սերմնահատի չափ
Հավատն անվրեպ կարող է ծովի
Խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա իզուր չենք ընդունել մենք այն
Որպես ուղեցույց առաջնորդ կյանքի,
Աստծո աներկմիտ երկրպագության.
Նա է աներկբա՝ հոգու աչքերով
Տեսնում ապագան, ամեն ծածկություն,
Մեծարգված անվամբ փառատրելի սուրբ Երրորդության՝
Որպես դասակից սիրո և հույսի։
Եթե առանձին երեք մասերն այս
Դիտես միևնույն խորհրդով, ապա
Նրանց շնորհիվ Աստծով պիտի հավետ ճոխանաս.
Քանի որ եթե հավատաս նրան, նաև կսիրես,
Որով կհուսաս և աներևույթ իր պարգևներին.
Եվ նրան փա՜ռք միշտ, հավիտյանս. ամեն։