Հիշատակարան

Ժամանակի առաջընթացին զուգահավասար՝ կատարյալ, նշուլագեղ, արփիաճաճանչ լուսակիր, օրակշիռ, մշուշափարատ արեգակը՝ աստվածաստեղծ արուսյակը, կուտակում է տարիների հոլովմունքը դարերի չափումով՝ կենսանորոգում է անցավորն ու մնայունը։ Իններյակ հոբելյանի ավարտին և Հաբեթյան մեր տոհմի տասներյակի լրումին հոռոմոց հաղթող և մեծ կայսր Բասիլի՝ հյուսիսի և արևելքի կողմերը գալուց երեք տարի է անցել։ [Նա] իր ընդարձակ և լայնատարած սահմանները տարածում է լիասահման ու անարգել, [հաստատում է] կարծր արձանների վիթխարի կոթողներ և շատ երկար անխզելի պարաններ ձգելով՝ անսայթաք սլանում է աջ ու ձախ, գրավելով աշխարհներ և ընդարձակելով իր տերության սահմանները։

Արդ, անդորրության այս ժամանակ, երբ ոտնահար սպանվեցին եկեղեցու թշնամիները՝ ստեղծեցի, հիմնեցի, կառուցեցի, կարգեցի, կուտակեցի, արձանագրեցի, դիզեցի, բարդեցի, կայացրի, ցուցադրեցի՝ հաստատելով մեկ միաձույլ հրաշակերտության մեջ, այս արգասավոր գրքի բազմաստեղն դրվագները շարադրեցի ես՝ Գրիգոր կրոնավոր քահանաս, հետինս բանահյուսների մեջ և կրտսերս վարժապետներից, իմ Հովհաննես կոչված ընտրյալ եղբոր՝ Նարեկա մեծափառ և բարձրապատիվ ուխտի վանականի գործակցությամբ։ Մենք իբրև մեկ բանական մարմին և երկուսից մեկ կերպարանք առած կենցաղակցությամբ՝ ոչ միայն հարազատ, այլև միաշունչ, միակրոն, համապատիվ, միասիրտ, չորս աչքով միևնույն շավիղն ենք նշմարել։

Այժմ առատ և ախորժահամ պատրաստված այս սեղանից ճաշակողներիցդ հայցում ենք հիշատակել մեզ ուղիղ մաղթանքներով և պատշաճ խնդրանքով՝ ջինջ սիրով և բարի մտքով, որով դուք ևս կլինեք գրված վերին դպրության մատյաններում։ Ամեն։