Բան ՂԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արեգա՛կ արդար, օրհնյալ ճառագայթ, պատկեր լուսեղեն,

Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անպատում զորեղ,

Բարու բերկրություն, հուսատու տեսիլ, գովյալ երկնավոր,

Թագավոր փառաց, Քրիստոս Արարիչ, խոստովանյալ կյանք,

Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս շարադրանքի

Պակասները դո՛ւ լրացրու խոսքով քո ամենազոր

Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ։

Դու ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝

Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՜ց օրհնություն,

Բարեխնամ տեսուչ երկնայինների և ողջ երկրայնոց։

Զի թե հանձն առար մեռնել ինձ համար, Աստվա՜ծ բոլորի,

Ո՛րքան ավելի պիտի ուզենաս կարեկցել և այժմ ինձ՝ տառապալից տագնապահարիս,

Ազգակցիդ մեզ՝ մեզնից մարմնացյալ,

Մեղապարտիս հետ միշտ աղոթելով Հորդ համապատիվ։

Բ

Եվ պատվական արյանդ միջնորդությամբ,

Որ մատուցվում է միշտ առաքչիդ կամքին ի հաճություն՝

Թող վերացվեն վտանգները մեղավոր դատապարտյալիս,

Պարտքերը զիջվեն, ամոթը փարատվի,

Մոռացվեն խայտառակություններն ու դատավճիռն ի բարին փոխվի,

Սատակեն որդերն, ու լացը վերանա,

Դադարի կրճտումն ատամների թող,

Ողբերն սպառվեն,

Արտասուքները ցամաքեն թող որ, սուգը հեռանա,

Խավարն հալածվի, ու հուրը սաստիկ մարի, մոխրանա,

Եվ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժվեն։

Գ

Եվ թող բոլորին կյանք կամեցողիդ ու պարգևողիդ գթությո՜ւնը գա,

Թող լույսդ ծագի, փրկությունդ փութա, օգնությունդ հասնի,

Այցելությունդ ժամանի, և ողորմությանդ ցողը կանխահաս

Թող որ շտապի՝ հույժ թշվառությամբ մահվան վիհն ընկած

Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու։

Կենարար արյանդ բաժակն երկնավոր, որ պատարագվում է միշտ, անսպառ

Հանուն ննջեցյալների հոգու փրկության և կենաց,

Թող ծաղկեցնի և պտղաբերի լուսավոր օրվանդ համար մշակված դաշտն իմ մարմնեղեն,

Որպեսզի նրա մեղքով իսպառ մահացած հոգիս,

Քո շնորհներով, գթա՜ծ, քո մեջ զորացած,

Եվ մեղքերից ազատ, անմահ կենդանությամբ

Նորոգվեմ արդարների հարության օրը՝ Հորիցդ օրհնված,

Որի հետ փառք քեզ և քո Սուրբ Հոգուն

Եվ բարեբանություն վայելչական գոհությամբ,

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։