Բան ՂԴ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Աստվա՜ծ հավիտենական, բարերար և ամենակալ,
Ստեղծող լույսի և հորինող գիշերի,
Դու կյանք՝ մահվան մեջ և լույս՝ խավարում,
Հույս՝ սպասողների և համբերություն՝ տարակուսյալների.
Որ ամենարվեստ քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի,
Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ,
Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել փառքը քո տերունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում՝
Երկնավորներն ու երկրավորներն և սանդարամետականները բոլոր։
Դու լսում ես հեծեծանքները կապյալների, ունկնդրում խոնարհների աղոթքին
Եվ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստված իմ և թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ,
Հույս իմ և վստահություն իմ, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու,
Մխիթարություն վշտերի և քավարան մեղավորների,
Որ գիտես ամեն ինչ՝ նրանց լինելուց առաջ։
Ուղարկի՛ր պաշտպան զորությունն աջիդ
Եվ գիշերային երկյուղից ու չար դևից ինձ փրկիր,
Որպեսզի հիշատակը սոսկալի և սուրբ քո անվան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով՝
Ըղձական շնչով ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտե քեզ են կանչում, Տե՜ր։
Բ
Եվ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստվածային արյամբդ ներկելով դու նորոգեցիր,
Եվ որդեգրության նույն շնորհով մեզ մկրտեցիր,
Եվ նկարեցիր ու հորինեցիր պատկերիդ փառքով,—
Պարգևներով այդ աստվածային թող ամոթահար լինի սատանան,
Մեքենայությունները քանդվեն թող ու որոգայթները վերացվեն,
Մարտնչողները պարտվեն թող որ, և թող չլինեն զենքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի։
Բազուկդ հովանի լինի թող և աջդ կնքի.
Քանզի գթած ես դու և ողորմած,
Եվ քո անունով են կոչվում ծառաներդ։
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ հավե՜րժ փառք և իշխանություն։