Բան ՂԳ

Մեկնողական աղոթք սրբալույս յուղ մեռոնի մասին

Ա

Սուրբ և ահավոր անուն անպատում, բարձրյալ,

Միշտ ախորժելի, անձկալի փափագ,

Սրբերգու փառատրողներից միշտ սրբաբանված,

Որ բնակվում ես սուրբ վայրում,

Լի ամենազեղ բարությամբ,

Առատաձեռն աննվազելի,

Լույս բարի և ծագումն գովելի,

Երկրպագված փառավորություն,

Ահեղ և անզննելի, ամեն և ամեն ինչի մեջ։

Դաշն հույսի այս խոսքով

Քեզ միանալու ուխտ եմ անում,

Հզոր, այո՛, ամե՛ն, ալելուիա,

Հանուրի գովյալ թագավոր,

Բոլորի Աստված, գոյերի ստեղծիչ և կամարար Տեր,

Միակ սկզբնապատճառ արարածների,

Փրկիչ և օծյալ մշտապաշտելի։

Բ

Ուստի մեկնությամբ պարզաբանելով մեզ համար

Անվախճան այս գանձը ու անփոխադրելի հարստությունը,

Հիսուս Քրիստոս, երկնային արքա, որին մեծ դողով սպասարկում են

Ահեղ անմահների լուսաբերան բոցաշնչությունները,

Խոնարհվելով կամահոժար, անխոտոր մտքով,

Գոհությամբ ծունր եմ դնում, ստեղծո՛ղ էությունների,

Որ կան տեսանելի և ծածուկ։

Որ ես և էիր միակ բովանդակը՝ անպակասելի ամենևին,

Մեր [բնությունն] առար, իսկապես համայն,

Որպեսզի քո լրությունից լրացնես,

Օրհնյալ և բարեբանյալ, հավետ ճանաչված,

Միշտ անքննելի ողորմությամբ մեր փրկության համար,

Ի փառս և գովեստ անճառ բարձրության

Ահավոր բարերարիդ։

Սկզբնաձիրդ մեր օծման շնորհի

Մեծախորհուրդ հրաշազարդության,

Քանզի քո լույսը ճանաչեցինք,

Անհաս ճառագայթ, անսահման ծագում,

Անաչառասփյուռ արեգակ,

Երկակշիռ տարրերի սահմանազատ աստղ,

Ոտքի ճրագ և ընթացքի լույս,

Որով այս խոսքիս հարմարության տեսությամբ

Տոնում ենք հրեշտակական պարերգությամբ,

Հստակ մտքով, փրկչավայելուչ կնդրուկով խնկելով

Ամենիմաստիդ առատ պարգևաբաշխումը,

Անբիծ դավանման զվարթ յուղով։

Քանզի հենց սկզբից կողոպտվեց փչումով տրված

Բարձրագույն շնորհից,

Ողորմելի տխրությամբ,

Սկզբնաստեղծ հայրն իմ,

Գերի մեղքերի՝ մահվան մատնվեց,

Անզերծ հանգույցով կապվեց մերժելի ապականության,

Ծառի պատճառով՝ անկումն անդարձ ամենակործան գլորման,

Լույսից մերժվելով՝ մատնվեց այս խավար վայրին։

Իսկ դու, գթած Տեր ողորմության,

Ավելի քան ինքն իրեն ճանաչեցիր նրան, որին ստեղծեցիր,

Չեղածի ակնկալությամբ չմնաց այնտեղ,

Ուր էր նախապես,

Դառնալով անկարող տեսնելու լույսը վերին

Անսահմանելիիդ անմատչելի գերակայության,

[Ուստի] ոչ թե մշտափայլ հարատև վառմամբ

Տարածեցիր [լույսն] անաղոտ,

Այլ գիշերի մթության արհավիրքներից, ուր սայթաքում են ոտքերը,

Որպես օգնություն տվեցիր ձեթն ու պատրույգի նյութին հյուսելով՝

Օրինակ տվիր անախտ միությամբ մեզ միանալու,

Մարդասիրաբար հյուսելով կազմեցիր.

Որպեսզի կանխակորուստ ծառի պատճառով

Մահվան ստվերների մեջ տարագրվածներս,

Նրա ազգակից պտղի շնորհիվ

Լուսավորվելով հավատի վառմամբ,

Վերստին դառնանք նույն պատվականությանը,

Ինչպես որ մահվան փայտին քո գամվելով,

Մեծ խորհրդի օրինակով միավորեցիր մեզ կենաց ծառի հետ։

Գ

Արդ, ինչպես օրը թերի է առանց գիշերի,

Նույնպես է տնտեսությունն առանց հարկ եղած ձեթի,

Քանզի ինչպես սովորական, ոչ նվիրական

Յուղն է լուսավորում մարմնական աչքի տեսողությունը,

Նույնպես անիմանալի կերպով

Քոյինաշունչ շնորհի ընտրությամբ մաքրվածը

Աներևույթ հոգիները միավորում է մեզ անտեսիդ՝

Հրաշափառապես պայծառացնելով։

Եվ ինչպես իջնելով սուրբ ավազանի լուսարանը,

Մարմինը լվանալով՝ հավատում ենք, թե սրբություն ենք ստանում,

Այդպես յուղի օծումով հուսավառվում ենք,

Սրանով կարծում ենք անտարակուսելիորեն

Հոգու զորություն ստացած։

Եվ ինչպես օրհնաբանելի տերունական հրամանդ

Նախավճռում էիր մեղքերի քավումն ախտացյալների,

Իսկ դրան չհավատացողների հանդեպ

Հրաշալի բժշկություն անելով՝

Մարմնական աչքով տեսանելի,

Հաստատում էիր վստահելի վկա,

Այսպես և այս յուղը՝ կատարյալ փրկության լույսով,

Լցվելով մեզ վրա՝ օծում է մեր խորանն արտաքին,

Իսկ ներքին մարդու մեջ մտնելով ոչ ակնհայտ, այլ ծածկապես՝

Նոր կենդանություն է հաղորդում։

Դ

Նյութի զանգվածն այս երկնի Արարչիդ

Պատկերն է պանծալի.

Քանի որ ովքեր յուղի օգուտն ստացան,

Ստացան և ողորմություն,

Իսկ դու ի գովեստ քեզ սահմանեցիր սա՝

«Ողորմած Տեր եմ ես»,

Որովհետև ինչպես սիրո հետ նույնացնում ես

Աստված անունդ,

Նույնպես և մասամբ կոչվում ես սրանով՝

Առ մեզ տածած հոգատարությամբ։

Պարարտ ճարպն այս վեհագույն մեծության խորհուրդն է կերպավորում

Թանձր երկրային հողանյութ գոյացությամբ,

Որովհետև կենդանու այս մասը ուտել չէր թույլատրվում այնտեղ,

Ըստ հին օրենքի,

Այլ արարչությանդ [արժանի] պտուղ էր համարվում,

Նույնպես և այստեղ,

Որպես Տիրոջը մատչելի զորություն,

Վայելչապես նվիրվում է Աստված Էիդ,

Հաճության ավանդն այս՝

Հոգուս հարազատ զուգաշավիղ,

Ուխտով պահված Արարողիդ։

Քանզի իմ հոգու օրինակն ու կարողությունը՝

Շունչ ունեցող արյունը և զվարթության ճենճերը

[Զոհի] մսի կտորների հետ չէին ոչնչացվում,

Այլ վերին արքայությանդ էին ձոնվում ճաշակման,

Այդպես և այս նյութը ջահավորական՝

Անշեջ ու պայծառ։

Ե

Անդրանիկն արու չէր կարող լինել

Դատաքննությանը նախագահող՝

Առանց օծումով դրոշմված լինելու,

Եվ չէր կարող անկոխելի տեղը մտնել քահանայության,

Եթե սրանով կատարյալ չլիներ։

Օծումով կնքելով քարը,

Որ խորհրդանիշն էր ընտրության խորանի,

Հակոբը երազում տեսավ հարմար սանդուղքը,

Որով իջնելը անճառ Բարձրյալիդ

Եվ իմ վեր ելնելը խորհրդանշվեց.

Նա վեմ կանգնեցրեց և օծեց յուղով՝

Ի ցույց, հիշատակ գալոց օրերի։

Ահարոնի քահանայության պայծառությունը

Մեծդ Աստուծո հրամանով օծմամբ էր ճոխանում,

Որով գլխից դեպ մորուքն իջնող գերափառ յուղը,

Ըստ սաղմոսողի զարմանազան նկարագրության, ինչը նշանակում էր

Նախահոր փառքի վերադարձ

Եվ կյանք պարգևող քո սուրբ շնորհի

Գիրկընդխառնումը մեր բնության հետ։

Թագավորը՝ Արարչիդ պատկերը երկրի վրա այնքան ժամանակ պանծալի չէր,

Քանի դեռ օրհնության յուղի եղջյուրով չէր ձեռնադրվել

Պճնության թագ ու պսակով,

Հանուն քո, Քրիստոս։

Եվ ինչպե՞ս մոռացա վեհերից առաջինին,

Մեծությանդ ծառային և անպարագրելիիդ պատկերին,

Մելքիսեդեկը չէ՞ր՝ ահավոր ճշմարտությանդ օրինակ,

Ձիթենյաց լեռան վրա,

Ուր հետո կանգնեցին

Մարմնացած Աստծուդ ոտքերը,

Այն վերին հրեշտակների ձեռքով

Այստեղի պտուղներից օծվեց,

Ուստի և նախահոր շիրմի պաշտպան նստեց՝

Քեզնից եպիսկոպոսական արքայապատիվ ճոխություն ստանալով,

Մինչև հայտնվեցիր իբրև կատարյալ իսկություն՝

Ունակ Ադամին կենագործելու։

Զ

Արդ, որովհետև քոնն է շնորհը

Եվ քեզ է վայել գոհաբանություն,

Ո՜վ օրհնաբանված Որդի Աստուծո,

Դու հարմարեցրո՛ւ իմ բարենշմար աղաչանքները՝

Յուղավոր, խնկապատար ու զմռսալիր

Քեզ պատճառ փառքի,

Ինձ՝ մեղապարտիս, բուժվելու առիթ։

Տեր Հիսուս, աներևույթ վերքիս մոտեցրո՛ւ

Ձեթն այս լուսանյութ

Եվ մահացու խոցի այս խարանին դի՛ր

Յուղիդ օրհնյալ կաթիլներ,

Քո սիրո անապակ փրկարար գինով,

Արարչական միությամբդ

Խնամքի պատանքով պատսպարելով,

Որ մաղթական խոսքի մեկնողական շարադրանքս

Մի վայելուչ հարմարությամբ քո Հոգու թևերով

Իր կարգը գտնի։

Բարձրյալ, քո հոգին Դավթի վրա իջավ այն օրը,

Երբ որ օծումով նվիրագործվեց.

Սավուղն այլ մարդ դարձավ

Եվ մարգարեների շարքը դասվեց,

Երբ իր գագաթին օծում ստացավ։

Ասորեստանցոց արքայությունը

Օծմամբ գրավված՝ կցորդվեց տանն Իսրայելի.

Կայսրեր մի քանի՝

Նշանավոր, վեհ ու երևելի,

Խուժիկ, բարբարոս ազգուցեղերից,

Կենսացնցուղ ցողով անձրևված այս յուղով

Որսվեցին, ինչպես կարթով, ընտանի դարձան

Մեծիդ Աստուծո հպատակության։

Երկնային պատվասիրության՝ Կյուրոսին ուղղված խոսքից

Օծյալ հորջորջումը մեծ համարվեց

Եվ Սաղմոսողը մարգարեությունից նախընտրեց

Օծյալ կոչումը՝ տարբերակեց ու սահմանազատեց,

«Մի՛ դիպչեք նրանց և մի՛ մեղանչեք»։

Քորեբում Եղիային Աստծուց առաքելություն շնորհվեց՝

Օծելու Հեուին ու Ազայելին,

Որ նշանակում էր հրաժարեցնել Բահաղի պաշտամունքից։

«Փեսայիդ անունը թափված յուղ է» հոգելից խոսքով

Վերավկայել է իմաստունը,

Նախապես իսկ գրվեց

Հոգին, որ Աստուծո ճիշտ պատկերն ու նմանակն է,

Քեզնով փոքրի մեջ մեծդ է պատկերված,

Շնորհդ ստանալով միանանք քեզ հետ։

Է

Այլևս ինչու հույժ երկար, խրթին,

Հեռավոր կերպով, ուրվագծերով և այլաբան շարադրեմ

Վերինիդ ու ահավորիդ առջև

Աղոթական բանաստեղծությունս։

Տերդ և կենդանարարդ,

Արարիչդ երկնի և երկրի,

Օծումից հետո սկսեցիր քարոզել արքայության Ավետարանը,

Այն օրերից վկայվելով Հովհաննեսի միջոցով

Իբրև Օծյալ և Գառն Աստուծո

Եվ վերացնող աշխարհի մեղքի։

Թեպետ քո օծմանը Հոգին էր բովանդակ էությամբ,

Խառնված աստվածությանը ամբողջապես,

Այդ [օծյալ] անունը պաշտվում է իբրև խորհրդանիշ

Սրբերի մեջ հրաշափառորեն ազդող շնորհի,

Որպեսզի ադամական մարմինը ստրկացած

Պատրաստ դարձնես այս հորջորջումով

Միանգամայն բարձրանալու։

Բանալով Եսայիի մարգարեությունը՝

Դու ինքդ՝ մարդացած աստվածությունդ կարդացիր՝

Հավաստելու քո ծառաների խոսքը, Տեր,

Եվ երբ օծությամբ ճանաչեցիր խոսքը, թե

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որով հենց ինձ օծեց»,

Հետո փակեցիր,

Որոշեցիր երկու հավասարափառ օծյալների որքանությունը,

Խտրոցով նշեցիր սահմանի ընդարձակ հեռավորությունը

Եվ կնքեցիր,

Մերը միայն մի կաթիլով շնորհազարդելով,

Իսկ քոնը բացատրեցիր Հոր և Հոգու հետ

Կատարյալ հավասարությամբ։

Մեր կերպարանքով երբ հայտնվեցիր՝

Օծյալ կոչումով, գովեստով իբրև,

Փառաբանիչ հրեշտակները

Երկրային արարածներին ծանուցեցին,

Որ մարգարեն նախապես հայտնեց

Հորդանանում և ընտրյալ լեռ Թաբորում

Հոր ձայնի գալուստը, թե՝

«Մարդկանց մեջ պատմում է իր օծյալի մասին»։

Որ և սաղմոսի ձայնն է պատմում կանխավ.

Հզորիդ այս փառքն ու պատիվը՝

Տրված ձեռնադրությամբ ստացածդ մարմնի.

«Օծեց քեզ, Աստվա՛ծ, քո Աստվածը

Յուղով ուրախության»։

Ը

Մարգարեի «Մեր հոգու շունչը» խոսքը, Տեր Քրիստոս,

Որ իսկական օծյալ կոչումդ է,

Որով կենդանության շունչ ներարկեցիր

Լույս բարերարությամբդ՝ մեր դեմքին.

Մի երջանիկ իմաստուն, ո՜վ խոստովանելի մարդասիրություն,

Մեկի մասին ասել է, թե Տիրոջ օծյալի առջև վկայեց՝

Նոր ավետումով «Անգամ կոշիկ չվերցրի բոլոր մարմնեղեններից»։

Երգ երգոցը Սուրբ Եկեղեցի հարսին գովելու համար

Աստուծո ցույց տված խորհուրդը լուսաբանում է՝

Համեմատելով յուղեփողական գինու հետ՝

Զմուռսն՝ առաքինության առաջին յուղով հանդերձ,

Եվ զմուռս ու կնդրուկ մաքուր վարքի՝

Ամեն տեսակ անուշաբույր փոշիներով ու

Յուղով շաղախած,

Առաջ բերեց այնժամ ու այժմ ևս։

Քրիստոս, երկնքի թագավոր,

Դանիելը կենսատու մահդ հստակ գուշակեց,

Քեզ անվանադրեց գերազանց բառով,

Եվ հորջորջեց քեզ օծյալ առաջնորդ.

«Օծյալը կսպանվի վաթսունինը յոթներյակ հետո»։

Բարեքի որդի Ադդովյան Զաքարիայի ճրագակիր աշտանակին

Յուղի բարեբաշխությամբ վառվող յոթնմասնյա գնդերից

Քո լրության մասին՝ հանուն մեր փրկության և օծության

Նախապատմեցիր գերբնականորեն։

Ըստ հին օրենքի նախանշման՝

Տաճարի մեջ, խորանի առջև

Ամենընտելությամբ սովորույթ էր մատուցելու

Բաղարջաբլիթներ, յուղով խառնած շարմաղալյուր,

Յուղով օծած մատաղ եզներ,

Որ կոչվում են տերունական,

Եվ որոշ հավքեր՝ թաթախած

Ճարպին ազգակից արյան մեջ։

[Այդ ամենը] սրա խորհրդի հայտնի նշան են,

Որ հարմար են քեզ,

Մեծ Աստուծո Միածին ծնունդդ օրհնաբանյալ,

Միայն դու ես օծված նոր ու զարմանալի՝

Ինքնությամբ, ամբողջ էությամբ,

Իսկապես լրմամբ

Եվ ամեն ինչով անպակասելի։

Թ

Եվ ի՞նչ կարիք կա բազմապատկելու

Անհասանելի այս մեծ խորհրդի զուգակշիռներ

Եվ չճաշակել քեզ, ո՜վ քաղցրություն,

Քեզնով իմանալ, թե ինչ է յուղն այս,

Որ մեղքի ծառից եկած տխրությունը

Նրանով ես բուժում, զվարթացնում, ըստ սաղմոսողի,

Կամ յուղը, որով մոռանում ենք մահացու կերը,

Կամ օծությունը, որով մոխիրի թշվառ տեսքը

Սրա միջով պիտի փոխարկենք

Հավերժ խնդության պայծառությանը։

Եվ փրկվելով քո անվամբ, զորության Հոգով

Պիտի որդեգրվենք Հորը։

Ինչպես հասկանանք մարգարեի հոգևոր ըղձականությունը

Եվ բաղձանքը ամենատենչ, որ

Իր ծերությունը պարուրվի ձեթով,

Կամ գլխի կատարը օծանել յուղով,

Եթե հին խարդախությունը սաստիկ սուգի,

Մահի ու կործանման,

Կյանքի այս դեղով կենագործելով՝

Պատսպարելով պիտ չօժանդակես.

Եվ ո՞րն է ճրագի լուսավորելու շնորհակալիքը,

Եթե ոչ մեղքի անհուսության մեգի և կռապաշտության խավարի մեջ

Կերպակցելով միավորվես ինձ հետ իբրև Էմմանուել։

Եվ կամ ինչո՞ւ մարգարեն, որ աստվածաբանում է

Սփոփիչ ու զվարթարար օրհներգությամբ,

Հստակ ու վայելուչ ավետում է ոմանց,

Թե՝ «Կօծվեն յուղով՝ մրուրից մաքրված»։

Կամ իմաստունը հարսի անունից ասում է օրիորդներին.

«Ինձ յուղով զորացրեք ու ծածկեցեք

Գեղեցկազարդ խնձորով»,

Եվ՝ «Ձիթենյաց պարտեզ տանելով գրկեցեք»,

Ահավասիկ, այս ընտիր նյութի լույսով, եթե քո Հոգով լցված չլիներ,

Չէինք տեսնի մեր մեջ գովյալ, անիմանալի բարձրությունը քո։

Եվ այժմ քեզ, միակ խնամակալ,

Բոլոր ստեղծվածների բարի պատճառդ,

Ձեռք եմ կարկառում ես բազկատարած,

Գործակցությամբ երիկամներիս, սրտիս հեծությամբ,

Լեզվիս ու շրթունքներիս ձայնարկումով.

Լսի՛ր ողորմությամբ, Տեր,

Քեզ ուղղված խնդրանքս պաղատական։

Պարգևներով այս շնորհված

Իմ գոհությունն եմ քեզ վերառաքում,

Հզոր, ահավոր, բարձրյալ, անքնին,

Եվ միշտ համբուրված անտակ փափագով,

«Սուրբ, սուրբ և միակդ միշտ սուրբ»,

Մշտապես օրհնյալ՝ հավերժ, անդադար երգեցողությամբ։

Իսպառ վրիպածիս ընձեռի՛ր առավել բարերարություն,

Քաղցրության հույս տու՛ր, որ քո լույսի մասնիկին իսկ

Անարժան եմ,

Քեզնով պարզել, [ո՜վ] բարի,

Ծածուկ խորհրդի նրբությունը,

Եվ աղերսանքիս գոհություն խառնելով,

Դավթի հետ ասել՝ Աստված,

Ստացանք ողորմությունդ

Եվ գաղտնիքների ծածուկն ու անհայտը

Քո իմաստությամբ հայտնի դարձրիր։

Ժ

Եվ արդ, քոնն է մեծությունը, ամենակա՜լ,

Աննվազելի առատաձեռն,

Գթության համար՝ ամենափույթ,

Իսկ բժշկության՝ մշտահոժար.

Քանզի առձեռն, դյուրագյուտ, սովորական նյութին այս

Միացրիր, խառնեցիր անճառ հրաշքը

Քո ահավոր սքանչելիքների։

Եվ այն, ինչն երկինքն իր ամենայն բարձրությամբ,

Երկիրն իր լայնությամբ, անդունդների անտակ խորությամբ ու ծովերի բազմությամբ չեն կարող տանել,

Ինչպես չնչինը մեծին,

Դու ամփոփեցիր այս փոքր գոյի մեջ՝

Զորությամբ հաստատելով ճշմարտապես և անսուտ,

Որպեսզի հարևանցի հայացքին

Մի նոր բան չերևա այլ էությունից

Եվ տարակուսանք առաջացնելով՝ վնասի, քան թե բժշկի

Անխորհրդաբար կասկածող միտքը։

Օրհներգված Որդի Աստուծո,

Ինչպես մարմինդ ցորենի հացից ես հանդերձում՝

Ուղիղ իմաստով և ոչ այլաբան,

Եվ խաղողի արյունը՝ կայլակ քո կողից,

Իսկ ջրերի առատությունը՝

Հոգևոր ծննդի ու կյանքի արգանդ,

Նույնպես և անմահիդ փչմամբ մեզ տրված Հոգին

Որով, որի մեջ արդյունատրեցիր կյանքի երկունքը,

Որից առաջացած կերպարանքը չի ձևափոխվի

Անգամ հեթանոսությամբ,

Ինչպես չի երկրորդվի տյառնագրությունը Խաչափայտի։

Տեր, խավար երկրում նստածներիս

Քոյանման լույս ծագեցրիր։

Որովհետև շնորհի այս կերպավորումով

Աշխարհին ցույց տվիր

Անհասիդ անպակասելի լրիվությունը

Եվ լուսավորեցիր, որպեսզի տնանկը կարոտ չմնա

Եվ ոչ հարուստը մեծամտանա,

Ինչպես որ օդն է հավասար բաշխվում,

Կամ արեգակի լույսն է տարածվում,

Եվ կամ հոսում են վտակներ ջրի,

Որ երկրածիններին տալիս են հավասարաբար

Մանանայի համանմանությամբ՝

Փոքրերին ավելի, քան մեծամեծներին։

ԺԱ

Իսկ այս նյութի խորին խորհրդի տեսանելությունը

Բնականորեն և հրաշապես է բացատրվում,

Որ ոչ թե երկմիտ հապշտապությամբ

Անհաստատապես իր տեղն է փոխում

Եվ ոչ նենգելով լքում է իր պահարանը,

Քանի որ ոչ օճառով է իսպառ լվացվում,

Եվ ոչ ինչ-որ ընդդիմակցից ողողվելով դուրս ելնում։

Որովհետև ինչպես պատահած գույնը

Անփոփոխ և անհրաժեշտ բան է մարմնի էության համար,

Որ լինելով գոյացնում է, չլինելով ապականում,

Այդպիսի մի հարմարությամբ այս յուղի զորությունը,

Որը իր հատկության բերումով

Զբաղեցրած տեղից անբաժան է,

Դու կցորդեցիր մեզ հետ միասնաբար,

Տեր Հիսուս Քրիստոս,

Եղած իրի հետ միավորեցիր և օրինակը՝

Որովհետև աչքի տեսությանը և մտքի ըղձերին անիմանալին՝

Առաջ բերելով կերպավորեցիր,

Երկրի պտուղներից ճզմելով ու քամելով,

Զարմանալի հրաշագործությամբ

Պատրաստեցիր մեզ մատակարարելու։

Մանավանդ որ ոչ թե բազում և զանազան ծաղկանց

Խառնումով ու խմբակցությունով

Եվ բազմաբույր այլայլումով՝

Օծման այս յուղը հրահանգեցիր՝

Ըստ հին ու ստվերական օրենքի,

Այլ դա օրինակ համարելով

Եվ ինքդ խառնվեցիր

Վերնալույս ձեթի այս մաքրությանը։

Ու թեպետ անճառելի են քո անուշ համեղությունները,

Եվ համեմատելի չեն այլ օրինակների հետ,

Այլ դաշտի ծաղիկը, հովտի շուշանը,

Ընտիր նարդոսը, եղեգնախունկը՝

Հալվեով խառնած,

Քրքումի հաճելի բույրով,

Փթթած ողկույզի և ազնիվ գինու,

Ոչ սոսկ յուղի միությամբ,

Պատշաճորեն պատկերացար,

Փառավորյալ և անքնին անուն,

Որ ամեն ինչ լիացնում ես

Եվ որևէ բանի բնավ չես կարոտում։

Ուստի ոչ թե հակառակ առարկաների

Բռնորեն խառնում,

Որ օրինակն է բաժան կամքերի,

Այլ հոժար սիրով մեր կողմից պարարվում ես

Դու աստվածապես.

Մեզ համար ըստ մեզ պատկերանում ես

Կատարյալ վայելչությամբ,

Եվ բարի լույս, ջերմացնող հուր

Եվ սիրո տապ,

Առանց անգութ ցրտի շնչման, որ

Տեսնում են մաքուր մտքերը և ճանաչում

Ձեթի նյութեղեն կաթիլների մեջ,

Որով հնարավոր է իրոք Աստծուն միանալ։

Օծված և Աստծուն որդեգրված Սողոմոնի հետ

Հարսի բերանով երգում եմ երկնային փեսայիդ

Բարեբան գոհություն,

Մտքի ըղձանքով համբուրելով քո յուղերի հոտը,

Ավելի քան բոլոր խունկերը,

Եվ որպես հավիտենական կյանքի խոսք ունեցողի

Իմաստունի և աստվածաբան Ավետարանչի

Հոգելից խոսքի համաձայն,

Յուղերիդ բույրով քո հետքով պիտի ընթանանք

Երեսներս լվանալով կյանքի ջրերով,

Որ վեր է քան այս օդի երկինքը,

Եվ գլուխս օծելով երկնային անապական յուղով՝

Ուրախությամբ քեզ ընդառաջ կգամ,

Զվարթորեն և ոչ տխրությամբ։

ԺԲ

Խնկելի յուղն այս,

Պաշտելի ու երանելի,

Սոսկ ուղեղի պահանոցը

Կամ գագաթի վարսերը օծելով օգուտ չի տա,

Եթե տերունի կենսատու խաչովդ չտյառնագրվի։

Զարմանահրաշ օրհնալույս յուղն այս

Հրեային ու խուժին, հնդիկին ու բարբարոսին,

Սկյութացուն ու հելլենին,

Դժնի դուժին ու արհավրատեսիլ

Սոսկավիթխար շնագլխին,

Ազատ տիրոջն ու ծառայածին ստրուկին

Քրիստոսյան դարձնելով՝

Քո անվամբ է կնքում, ընծայում Սուրբ Հոգուդ

Եվ երկնային Հորդ հարազատ Որդի հաստատում։

Բազմատեսակ են սրա հրաշալիքները

Նախ՝ հարմարված նյութին, ապա՝ զորությանը։

Որովհետև ինչպես փայտեղեն անոթը քանի չի օծվել,

Հեշտությամբ ջարդվում է ու դառնում անպետք,

Արժեզրկվում է,

Նույնպես և մարդը՝ չօծված սրանով,

Հեշտությամբ խորտակվում է

Եվ քեզնից հեռու լինելով՝ չի լուսավորվում։

Հիսուս, սա քո մատն է, որով

Զարմանագործում ես հրաշալիքներ,

Որովհետև նրա անգծելի կազմությամբ

Ու կարծր պահպանությամբ պաշտպանելով

Ամենապատրաստ շրջաբերությամբ

Ծածկում է այլևայլ եկամուտ բաներից,

Այնպես որ սրա մաքրությամբ օծվածը

Արյամբ չի ներկվի

Եվ չի այլայլվի տխուր գույներով։

Եվ մանավանդ իր թափանցել-խառնվելու հատկությամբ

Հոգեպես մտնում է մեր թանձր մարմինը,

Ու եթե սաղմոսողի անեծքը ձեթի պես

Չարի բոլոր ոսկորներին է հասնում,

Որչափ առավել Հոգիդ

Լույսի սույն ճարպով կյանք տալով ողջացնում է

Ներքին վերքերը անտեսանելի,

Եվ այն խորքերից ազդումն է տալիս

Հագագի շունչին,

Ներգործելով մինչև ծայրանդամները,

Մոռացնել տալիս մարմնի մահվան արկածները,

Որովհետև, միշտ ահավոր, Տեր Հիսուս Քրիստոս,

Քո կենսարար զորությունը խառնված է սրան,

Եվ բնակվում է նրա հետ։

ԺԳ

Այս օծումը բարետեսիլ

Բռնամարտիկ, մերկամրցման ըմբիշները ևս ունեն։

Իբրև ճգնական հնարանքների զորավոր խթան,

Անբռնելի՝ հակառակորդի ձեռքերի համար

Պաշտվում է օրենքով,

Հզոր և ահարկու է դևերի և հիվանդության դեմ։

Զի Եզեկիելի բազմապաճույճ պճնած խոսքով,

Որ հեգնում էր իմանալի փարավոնին այլաբանորեն,

Ողբական երանգներով.

«Այն օրից, երբ ստեղծվել ես, ասում է,

Ու զգեստավորվել՝ քերովբեին օծելիս,

Ուր հրեղեն քարեր էին հաստատված»։

Օրհնաբանված ահավորություն,

Որ ձեռքդ հասնում է ամեն տեղ,

Խոսքով անճառելի և քննությունից վեր,

Մշտապես խնկվում ես Ավետարանով,

Իբրև օծյալ նորածին՝ Դավթի քաղաքի մեջ,

Եվ քահանայապետի հարցին՝ թե

«Դո՞ւ ես Օծյալը՝ Օրհնյալի Որդին»

Պետրոսի երանելի դավանությունն էր՝

«Միակ Օծյալը՝ կենդանի Աստուծո Որդին»

Իսկ թերահավատ քննողները հարցնում են՝

«Դո՞ւ ես Օծյալը, ասա համարձակ»,

Նաև քո կանոններից դավանում ենք

Օծյալիդ ուսուցչիդ և Տեր բոլորի։

Սրանից առաջ Հերովդեսը Օծյալ անունով

Քեզ էր փնտրում հայտնապես։

«Ինչո՞ւ են գրում,— դու իսկ ասացիր,—

Աստուծո Օծյալը՝ Տերը Դավթի՝ Որդին անսկիզբ

Որդի՝ ժամանակով»։

Այսպես ըմբռնեցինք վայելչաբար

Այս բացատրությունը, որ մեզ տալիս է

Խորհրդավոր կոչման լրումը,

Որ նախապատիվ է [դարձնում] քրիստոնյաների վիճակը։

ԺԴ

Այնքան ահավոր, միաժամանակ այնքան սուրբ է

Յուղի սոսկալի, խնկավոր «օծություն» անունը,

Այնպես որ, ոչ ոք երկրայիններիցս չի համարձակվի

Աստված կոչվել, այլ՝ լոկ աստվածային,

Նույնպես չի կարող մարմնավոր մեկը

Իրեն Քրիստոս համարել, այլ՝ լոկ քրիստոնյա,

Դա անհնար էր և առաջին մեծ մկրտչին՝

Ջրերով Հոգուն հրավիրողին,

Որովհետև, ասում է, ես Օծյալը չեմ,

Այլ ուղարկված եմ նրա առջևից։

Ինչպես Մարկոս Ավետարանչի խոսքն է՝

Սրանով էին շրջում առաքելական լծակիցները,

Իբրև Աստուծո ձեռք, օգտվելով սրանից,

Քո անվամբ բուժում էին, առանց մարդկային դեղամիջոցի։

Քանի որ ինչպես խավարը լույսից,

Հիվանդությունը առողջությունից,

Գիշերն օրվանից ու մահը կյանքից,

Այդպես և այս տիրապարգև նյութից

Մերժվում են չարի բոլոր հանգամանքները,

Խափանվում են և իսպառ վերանում։

Քանզի, ինչպես որ զազիր ճանճերը,

Սարդերը, զեռունները ականջամուտ,

Իբրև թույնից՝ սպառվում, պակասում են այս նյութից,

Այդպես այս յուղը, երբ զորանում է

Օրհնության շնորհի լրությամբ և՛ դևերին է հալածում,

Ե՛վ չարյաց մուրհակներն է ոչնչացնում,

Ե՛վ մահավճիռն է պատռում։

Ավազանը կատարյալ է լոկ օծման օգնությամբ։

Թե՛ ավազակներից մահացու խոցված

Առաջին մարդուն տրվեց փրկության այս դեղը,

Թե՛ Հակոբոսի և Իսրայելի անբույժ վերքերին

[Իբրև դեղ] այս պատվական իրը հիշվեց։

Այս յուղն էր փափագում Դավիթը հարակա հույսով

Իբրև պտղավետ ձիթենի Աստուծո տան մեջ,

Այնժամ մերժելով թլփատությունը՝

Գուշակեց շնորհը մկրտության։

Եվ ինչո՞ւ եմ ես ճառում սրանից,

Կարծելով՝ կարող եմ սպառել նյութը,

Մինչդեռ վերիններն իսկ ի զորու չեն

Մասնակիորեն բացահայտել այս խորհուրդը,

Եվ կամ՝ էապես։

ԺԵ

Փա՜ռք քեզ միշտ և ամեն ինչում, անմահ թագավոր,

Այժմ իմ երգած օրհնաբանությամբ,

Որ արեցիր, կատարեցիր ինձ համար,

Բարեխնամ, գթած և ներողամիտ,

Հարուստ և առատ, ամենահաղթող,

Հայրերից սկսած՝ օրինակ տվիր,

Լրման հասցրիր իսկությունը ճշմարտապես։

Դու բնությամբ լույս ես և արեգակ մշտապայծառ,

Եվ աշակերտներիդ դասը լույս անվանեցիր,

Որով երկրի բոլոր արարածներին

Նրանց երջանիկ շնորհի շողերով լցրիր։

Մեկից անուշ յուղ ստացար ոտքերիդ

Նշան, որ ընդունելի են քեզ ուղղված խնդրանքները,

Եվ մի այլ պոռնկից՝ գլխիդ,

Նշանակ մեր հանդեպ գթառատ սիրույդ։

Անսահմանելիդ մշտափափագ բաղձանքով հոտոտեցիր յուղն այս,

Այնպես որ հաստատուն ուխտով սահմանածդ մշտակա օրենք օրհնաբանելի՝

Կյանքի պատգամներ քոյահրաման՝

Քարոզելու աշխարհով մեկ

Արժանավորությունը համեստ յուղի՝

Ի զարմանս հրաշքը լսողների,

Ի հուսադրություն գալիք սերնդի։

Դուք սրբից ունեք օծությունը՝

Ասաց երջանիկն առաքյալներից,

Մեկնաբանելով օծման խորհուրդը,

Որ տալիս ես մեզ կենդանարարիդ

Անպակաս էության առավելությունից։

Ուստի գերազանցորեն քեզ նմանատիպ և հարմարավոր

Լույսիդ և Սուրբ Հոգուդ,

Օրհնության կաթեցումն այս, որ սրսկվում է մեզ վրա անսպառ,

Նաև լույս է կոչվում,

Իբրև ստեղծվածներից առաջինը

Եվ արարչությանդ պատկերակից,

Որով հալածում ես մեղքի խավարը։

Իսկ հուր է կոչվում, որովհետև

Ամեն տեսակ տարրերի հետ

Հավասարապես զուգավորվում է՝

Բաշխված հայտնապես, թե ծածուկ,

Լուռ, թե հռչակված,

Ու թե չբախվի հակառակորդի՝

Չի բաղձա բորբոքվել ինքնասաստ կամքով։

Նաև՝ օծումն, որ արքայաբար

Որդեգրելով, քեզ հետ միասին՝

Մատուցես Հորդ ի ժառանգություն,

Ողորմությանդ [այս] ազգակիցը

Մեր մեջ նկարվի անեղծանելի,

Որպեսզի փայլենք գալիք փառքի մեջ։

Կոչվում է Հոգի,

Որպեսզի խաբեության հետքը մաքրելով,

Որ բանսարկուի ներգործությամբ էր,

Նոր փոփոխվելով

Երկնային Հորդ երկրպագենք

Հոգով և ճշմարտությամբ՝

Հույսի հավատքով քեզ հետ բևեռված,

Ամենապարգև։

ԺԶ

Ահա արդարև ճշմարտագունեղ

Այս լուսապատար, խնկալից յուղը

Վերնայնիդ սիրո արտացոլումն է,

Որի համար և Պողոսը պատշաճ համարեց

Գոհաբանական ճառի մեջ ասել հայտնապես.

«Ով մեզ օծեց ձեզ հետ միասին ի Քրիստոս Հիսուս՝

Աստված է, որ և կնքեց մեզ և մեր սրտերին

Հոգու առհավատչյան տվեց»։

Ու նաև ասաց. «Մի՛ տրտմեցրեք

Աստուծո Սուրբ Հոգին,

Որով կնքվեցիք փրկության օրվա համար»։

Պատկառելի և անհաղթելի է

Այս օծություն հորջորջումը

Ինչպես հին օրենքում,

Առավել և նորում։

Տերունական տնօրինություններիդ ու չարչարանքիդ

Անցած խորհուրդն է ակնհայտ դարձնում

Դավթյան սաղմոսի այն ասույթը, թե՝

«Տիրոջ և իր Օծյալի դեմ

Հավաքվեցին, կուտակվեցին

Իշխանները ժողովուրդների»։

Մեծ մարգարեությունն էր ակնարկում

Մոլեգնաչար հրեաների խմբի՝

Անջնջելի արյանդ մեղքի տակ մտնելը,

Երբ հանդգնեցին տերությանդ դեմ.

«Ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա

Եվ քավություն գտնի»։

Որովհետև թեպետ Սավուղը

Իր յուրայինի ձեռքով սպանվեց,

Օտար ազգերի ամոթից ու նախատինքից

Նրանք իսպառ չմերժվեցին,

Մինչև որ Աստուծո արյանդ հաղորդվեցին։

Ապագայի մեծ հիշողության գրավական են

Աղոթանվեր աղերսանքներն այն,

Որ ասում էր իր սաղմոսով.

«Հանուն քո սիրելի Դավթի

Երես մի՛ դարձրու քո Օծյալից»։

Ու դարձյալ. «Նայի՛ր և տե՛ս Օծյալի երեսը»,

Եվ՝ «Ողորմություն արա՛ Օծյալիդ»։

ԺԷ

Քրիստոս, երկրպագելի պարգևն է ձեռքիդ

Լուսակիր հյութն այս,

Եվ արքայական իր ճոխության մեջ

Չի տեսնում ուրիշ բարձրություն մի մեծ,

Քան քո անունից ասված քո խոսքը.

«Գտա իմ ծառա Դավթին

Եվ իմ սուրբ յուղով օծեցի նրան»։

Ըստ սովորության հիշելով և համբուրելով

Քո լուսեղեն օծությունը,

Տեր Հիսուս Քրիստոս,

Քեզ ճանաչում ենք՝

Անփոփոխելի մշտնջենություն,

Դու ես ամենը, ամեն ինչի մեջ,

Միակ թագավոր թագավորությանց,

Եվ յուղվածների ճշմարիտ օծյալ,

Երեկ և այսօր

Փառաբանվածդ երկրպագությամբ։

Ինչպես պատրույգը ճարպի մեջ թրջված

Նշողում չունի՝ մինչև չվառվի,

Այդպես և լույսի այս օծությունը՝ հեղված մեզ վրա,

Ապագայում է լուսավառվելու։

Սա [օծման] մեկին բացատրությունն է՝

Նախնիներից մինչև օրս հասած,

Բարենշան օրինակով մի հարմարեցված,

Հրաշապայծառ գույնով ներկված։

ԺԸ

Արդ, պատճառը ապրեցուցիչ վեհագույն մասանց,

Աստվածային արարչությանդ հարազատների,

Առանց որի հնարավոր չէ քրիստոնյա լինել,

Եվ կամ անվանվել Նազովրեցի,

Կամ հիշատակվել Հուդայի որդի,

Խրախույս կարդալ հանուն Հակոբի Աստուծո,

Այս ձեթի հյութը, որի մեջ խառնվելով

Միավորվում է սուրբ Երրորդությունդ,

Շնորհքի ճառագայթ, շուքը մեր դեմքի,

Նկարագիրը մեր երեսների, բարեձևությունը պատահմունքի,

Աչքերի լույսը, բիբերի տյառնագրությունը,

Այտերի վայելչությունը, կերպարանքի զարդը,

Շրթունքների պահպանարանը,

Հանդերձիչը կրոնի,

Վարքի հարմարիչ, հավաքման շաղկապ,

Անձանց զորություն, ընդդիմացող ուժ,

Հուռութ խափանող, հմայանք քակտող,

Ձեռնածուների հալածիչ, կախարդների խայտառակիչ,

Աղանդները բացահայտող, դևերին հաղթող,

Ցավեր փարատող, կնքվածներին սրբագործող,

Նորադարձների տենչանք, անիմանալի՝ իմաստուններին,

Ապշությունը հեթանոսների, անհավատների նախանձը շարժող,

Գաղտնիքները բացահայտող,

Հարգանք՝ նվաստներին, փառք՝ ստրուկներին,

Պճնումն կանանց, աճումն մանկանց,

Ծերերի հրճվանք, նվիրվածների ձեռնադրություն,

Զգուշացում մաքուրներին, պսակ թագավորներին,

Ճոխությունն արքաների և կայսրերի մտադրություն,

Քանի որ կնքված ամանը ցույց է տալիս

Պարունակության մեծագնությունը,

Նաև մեզ տրված շնորհի բարձրությունը՝

Սրանով ծածկված քո անվամբ,

Աստված Տեր Հիսուս Քրիստոս,

Վայելուչ ինչ-որ համեմատությամբ

Դառնում է ճանաչելի։

Իսկ նրա անունը նույն հորջորջումով,

Ըստ հոգելից իմաստունների,

Դեռ եգիպտացիներից սկսած՝

Բացահայտում է իրի պատկերը՝

Ահեղ խորհրդի կերպարանքը։

ԺԹ

Չէ՞ որ մյուռոնը այս օրհնաբանված,

Որ մարգարեն նախապես աղերսելով

Աչքի լույս էր խնդրում,

Քերթողական խոսքով բացատրած՝

Հոմերոնը թարգմանվում է «իմ մայր»,

Այսինքն՝ մեր բնությունը ուժգնորեն ձգող,

Եվ կայունացնող չքնաղ փոփոխմամբ

Հոսուն ջրերը լուսավոր ավազանի,

Եվ կաթ մածուցող մակարդի նման

Իր մեջ է հաստատել վայրենությունս

Եվ հեղեղը աղբյուրների մշտահոս։

Իսկ մառնամուտը նույնպես մյուռոն է նշանակում,

Մի այլ բառով արտահայտված,

Այսինքն՝ մթին, որ խավարչուտ է

Եվ ծածկված է, անտեսանելի։

Օտարացեղ չէ այս դիմառնական կոչումը բառիս,

Քանի որ իրոք անուն է դրվում իրին համաձայն

Եվ անքննելի է խորությունը այս,

Քան ամենայն Սրբություն սրբոց։

Քանի որ ոչ թե ջրի նման է աղտը լվանում,

Կամ սիրտն ամրացնում հացի բնությամբ,

Այլ նորոգ ինչ-որ մի հարմարությամբ

Տնօրինապես տյառնագրվում է զգայարաններին,

Սակայն վերնական անհասությամբ

Ունի անուն անքննելի։

Եվ ինչպես ասվում է՝ «Աստված անմատույց

Լույսերի մեջ է», իսկ անսահման փառավորությամբ

Անբավ խավարում ծածկված է անտես՝

Արտաքուստ փակված՝ հասու չենք նրան։

Նույն կերպ է և այս ծորումը լույսի

Որոշ ճարտար լեզուներից

Պատշաճ ասությամբ անվանագրված՝

Մռայլ է կոչվում,

Քանի որ անհնար է

Երկրածին բնությամբ իսկությունն զգալ։

Իսկ իր մեջ հարստաբար ու տիրականապես

Երկու աստվածային անուն է կրում։

Եվ բարձրյալի անվանը նմանվելով

Կրկնակի է հարգով մեծանում այս յուղը՝

Նվիրագործված ամենաբուրյան ազնիվ կնդրուկով,

Զի Աստվածը մեր «սպառիչ կրակ է» ըստ Մովսեսի,

Ու նաև «լույս» է, ըստ Հովհաննեսի,

Ուստի Եսային ճշմարտորեն է սրան ակնարկում՝

«Լույսն Իսրայելի հուր պիտի դառնա»։

Ի

Դարձյալ նոր ձևով ներկայացնեմ՝

Իրը հայտնելու նոր մի պատկերով,

Չմոռանալով իմ նողկությունը,

Որը քաղցրացավ գթությամբ մեծիդ՝

Նորից ու նորից գովեստով օրհնված։

Մեռա՝ դառնություն է նշանակում,

Տաժանելի կիրք և չարչարանքներ։

Մյուռոն՝ մեր լեզվով թե ստուգաբանենք,

Պիտի թարգմանենք մահ-մեռելություն։

Որովհետև այս հոգևոր օծմամբ

Մենք կտրվում ենք սնոտիասեր,

Մահակերպարան, տաղտուկ ու զազիր,

Հեշտություններից հակառակվողի,

Որ օդախոնավ մեղկություններով,

Ինչ-որ ջրացիր մի խոնավությամբ

Աղավաղում են հունչը քնարի իմ լսողության,

Թմբուկ-թաղանթի ներդաշնությունը

Ուժգին հնչումով մի անվայելուչ

Ներքև է ձգում, մատնում կորստյան

Հեռանկարը մարդուս գոյության։

Դարձյալ, վերստին հուսով ենք կապվում

Քո խաչի անճառ խորհրդին, Քրիստոս,

Եվ մկրտվելով անմահիդ մահով՝

Սրանով անվախճան կյանքիդ ենք հաղորդվում,

Հաղորդվում ենք քեզ, Աստված, մեծ խրախույսով

Իսպառ, լիովին, անբաժան կերպով։

ԻԱ

Հիսուս, քո անվամբ չորս կողմից դրոշմած այս յուղը

Բարձրյալիդ խաչին հավասար,

Ու շնորհ տալով կեցուցչիդ զուգափառ և նմանատիպ արյանը,

Մեծարում է՝

Նույն անմերժելի փառքով պսակելով։

Ծառն այդ կոչվում է օրհնյալ յուղի փայտ,

Ըստ մարգարեի կանխասացության,

Դա սովորական անտառի տունկից կազմվածը

Հզոր մի ուժով փրկում է չարի նենգ արկածներից

Եվ օտարոտի մտածումներից,

Վերադարձնում է քեզ՝ ստեղծողիդ,

Հասցնում նրան կենաց նույն նյութին։

Եվ մեր մտքի պատուհանը մշտաբաց ու դյուրաթափանց

Տյառնագրում ենք հանուն ահավոր մեծիդ զորության,

Որ զգայարանքս խոհականորեն զգաստանան քեզնով,

Իբրև ըղձական օթևան Հոգուդ,

Եվ խավարահողմ խարդախող չարի

Խաբեության դեմ անհաղորդ մնան։

Զսպված այս լույսով՝ կենտրոնանում ենք,

Երեկոյան պաշտամունքի

Գոհաբանական նվագերգության,

Երկնային կանթեղների հետ, որ նշանն են

Մեր մեջ վառվող քո շնորհի։

Սրանով են և փրկության բարի հուշարկումները

Տնկվում մեր սրտում ու պտղաբերում,

Քո մեծ գալստյան վերջին գիշերի

Ընթրիքի համար

Այս լույս ճրագն ենք, ահա՝ կիրառում։

ԻԲ

Իսկ այժմ տառաթվերի գումարով դիտենք.

Թե քսանը չորսով մենք բազմապատկենք,

Եվ գտնենք տառը քսաներկուերորդ ըստ այբուբենի՝

Կբացատրենք խորին իմաստը [սրբալույս] յուղի,

Որ թարգմանվում է ճաշակ հեշտալի,

Եվ պատրաստում ենք այն ընկալելու մենք ամբողջապես։

Երբ ութսուն նշող գրի [Ձ-ի] փոխարեն դնենք չորս հարյուրը [Ն],

Ստուգաբանենք՝

Ձեթի անվան հետ նյութ է ստացվում,

Որ կերպարանքն է թթու խմորի։

Սա զանգվածն զորեղ կերպով իրեն ենթարկել գիտե,

Որ ոչ թե ինքը քիչն է շատի ընդերքում,

Այն ամեն ինչը իր կողմն է ձգում՝ իրեն վերափոխելով և աճեցնելով,

Ինչպես ասում է Ավետարանը։

ԻԳ

Հեզության այս յուղը միշտ օրինակն ու նմանությունն է

Համբարձման և խոնարհության։

Երբեմն իբրև կակուղ պատառ է մատուցվում ուտելու համար, և ընկալվում որպես վայելուչ

Համակշիռ ու բարեհարմար խոսքի,

Երբեմն, սակայն, գերափառ է նա,

Բոլոր հեղուկ, հոսանուտ, ծորող նյութերի երեսին

Շրջում է իբրև

Այն հրաշափառ խորհրդի պատկեր։

Երբ որ լցվում է կաշվե ամանի մեջ՝

Ոչ թե գինու կամ ջրի պես կխոնավացնի,

Այլ կպահպանի պատշաճ վիճակում։

Այսպես ստանալով առավելական

Այս բարիքը քո,

Որդիդ կենդանի Աստուծո,

Սրբանվեր այս օծությունը

Մեր ճակատին ենք գրում քո արյամբ,

Ու քո Հոգով տպավորում ենք մեր սրտում,

Եվ հավատում ենք խորապես,

Որ յուղի այս պտուղը մի օր թե հայտնվի

Բազմաճաճանչ շառայլներով՝

Տարածվելու բազմատեսիլ,

Զարմանահրաշ ընդլայնումով,

Լույս կընծայի գալիք օր ու սերունդներին։

Երջանիկ ու վերնանշույլ ճարպն հոգևոր

Թող իմ դեմքին քո նշանով լուսավառվի։

ԻԴ

Եվ կարծես անհաս, անըմբռնելի

Մեծ զորությունն այս

Մտքի սլացքի թեթև թևերով,

Որ շա՜տ, շատ վեր է մեր ըմբռնումից,

Անկանգ շարժումով, անհետ փախստյամբ

Ու լայն տարածքով տարաբաժանված,

Թաքնվեց ինձնից և չօրինակվեց.

Կամ զուգորդաբար չնմանակվեց,

Կամ սահմանումով չձևակերպվեց,

Եվ չկշռվեց զուգակցի չափով,

Այլ աստվածային խաչի նշանիդ հավասարությամբ

Եվ, կեցուցիչ, քո արյան հետ միայն

Հոգևորապես գերազանց եղավ։

Եվ հիմա օրհնիր մեզ, Տե՛ր, սրանով և սրա մեջ։

Նաև ահավոր, լուսեղ, երկնային և զարմանալի

Քո անունը, Տեր, թող փառաբանվի,

Մաքրակրոնների բուրվառով խնկված,

Սուրբ, սուրբ, անքնին, անպատում, բարձրյալ,

Ողորմած, երգված, ճշմարիտ,

Բարերար և սուրբ,

Սրանով փրկագործի՛ր, և քավություն տու՛ր

Բժշկություն պարգևի՛ր, շնորհով օժտի՛ր,

Առատաձեռնի՛ր, ով երանություն։

Օծվելով երկնանձրև լույսի այս ձեթով՝

Անարատ լինեմ,

Յուղով օծված այս բանական հյուսվածքի մեջ թող

Չմտնի և չնվաճի մեղքի տխրության ախտով,

Որ հոգուս կերպը մնա անարատ։

Եվ թող բոլորը, որ կմոտենան օծվելու սրանով՝

Հարսնապաճույճ վեհությունով գեղազարդ,

Սուրբ վայելչությամբ ու երջանկորեն

Հոգով զարդարվեն։

Թող այս լուսափառ և աստվածատուր

Հուրը այս ընտրությանը մոտեցնողներին լինի կրկնեռաց մուխ

Եվ բարեփափագ ջերմությամբ ու կոփված երկաթ,

Որով ամբողջովին, ամենապատրաստ պնդությամբ

Քո կարծր անսասան վեմի վրա հարակա

Միշտ արձանանան՝

Աներկբայորեն ի քեզ հաստատված։

Ով սրանով զինվի՝

Երկնամրցանակ այս մեծ պարգևի հաղթանշանը թող լինի այն, որ

Ո՛չ ջրով թրջվի, ո՛չ այրվի հրով, ո՛չ ցրտահարվի,

Ո՛չ վնասաբեր հողմն իրեն մարի,

Ո՛չ աղտեղանա ինչ-որ ուրվական պղծություններից,

Եվ պահվածները չարին չմատնի,

Ո՛չ աշխարհից հեռանալիս անմտաբար

Դուրս նետի կյանքի գանձերն ամբարված,

Եվ քո թևերի օգնությունից զուրկ չմնա [հանկարծ],

Մեր մեջ էացած [սուրբ] օծությունից,

Անմաքրությամբ չմերկանա։

Այլ քո հաճությամբ կիզվենք նրանով,

Պարարվենք իրմով և լուսավորվենք,

Նրանով ազատված և արդարացված,

Պսակված ու թագավորած։

Եվ քեզ, միակիդ, միակ Օծյալիդ

Բոլորի երգը օրհնաբանական,

Եվ լեզուների փառատրությունը ալելուական,

Հնչմունքը ձայների, հանդիսավոր գովքերը,

Եվ շրթունքների բարեբանությունները,

Սրբաբանությո՛ւնները սաղմոսների

Հոր և Սուրբ Հոգու հետ

Հավիտյանս հավիտենից. ամեն։