Բան ՂԲ
Խորհրդածություն և աղաչական պարզաբանություն ժամահարի երջանիկ բարեբախտության փայտի վերաբերյալ
Ա
Գոհունակությունս եմ հայտնում քեզ, բարեգութ,
Միակ մարդասեր, երկնքի ու երկրի արարիչ,
Կենդանի Աստծու Որդի,
Զարթնած քո հիշատակի սիրո անձկությամբ
Փայտիդ հրավերով,
Որ հնչեցրիր մեր ականջներին.
Եվ սթափվեցինք, ելանք մահակերպ թմրության միջից,
Կարծես սփոփիչ խոսքի կոչումով՝
Պաշտամունքի և օրհնության ժամին
Հանդիպելու քեզ ցնծությամբ
Այս հատուցման բեմի առջև։
Բ
Փա՜ռք քեզ, ահա՛, անուն անսահման
Եվ զորությունդ անընդգրկելի,
Որ փրկությունն իմ հոգացիր
Հնարներով բազմաքանակ.
Գոհաբանված անեղծ իսկություն,
Որ այստեղ հրաշքով կերպարանեցիր
Նմանությունը հանդերձյալի,
Որ վայելչական խաղաղ գործիքով այս փայտե
Որոտացիր սաստիկ, երբ քնած էի անզարթնելի,
Կարծես ծուլության դանդաղությանը
Խառնեցիր խրատիդ հանդիմանանքը,
Հայրական սիրուդ հեզությանը
Ճայթման ուժգնություն միացրիր.
Երկու միջնորդի ընդոստ հարվածով
Քաղցր անձրևեցիր մարդասիրաբար,
Փափուկ վանկերի մեղմ նիրհի մեջ չընկղմեցիր,
Եվ ոչ էլ անխնա ահավորությամբ
Տառապած հոգիս չզարհուրեցրիր։
Երկրպագություն ծնրադրական
Բոլորի ստեղծչիդ,
Որ հստակ օրինակով ցուցադրեցիր արդեն իսկ հիմա
Հարության մեծ օրվա ահեղ գոչումը,
Կենդանացրիր դժոխային անբանությունից,
Որոնելով կանչեցիր պակասամիտներին
Ուրախության գինուդ.
Սրան դարձրիր անարատ հարսին հանդերձող
Փեսայիդ սիրույն.
Վախ ներշնչեցիր այս փոքր խթանով
Վիթխարահսկա ապերասանին,
Կրթիչ ստվար լուծ դարձրիր այս իրը
Ստամբակի ուսին.
Չարախոսի կզակին զսպող սանձ դրեցիր։
Մեծդ Աստուծո անբավ բարձրությունը
Փառաբանյալ է հավետ,
Որ փայտի պարտքերը փոխարկեցիր
Կյանքի շնորհիդ ազատության,
Դարձյալ, վերստին իմաստնացրիր
Ցնդած հիմարիս՝
Հոգևոր քո հանճարով,
Կարկառ կռճումով
Օձին հասցրած նրա հարվածների անբուժելիությունը,
Առանց մոռացման բացատրեցիր,
Վերջում՝ [երեք հարվածներով], որ Երրորդության օրինակն է,
Եռակի ամրացրիր ինձ կործանողի կապերը։
Գ
Ամենախնամ, խունկերի բուրմամբ
Ներբողյան գովք եմ վերառաքում քեզ,
Որ բազմաստվածյան ստապատիր կուռքերից առավելորեն
Մեղսական հոգիս դարձրիր քո երկրպագությանը։
Խրոխտ, ահարկու, նվիրական այս փայտով
Քարոզեցիր ճշմարտությունը,
Այս պատշաճությամբ մեծացրիր նոր ավետմանդ պատիվը։
Հենց սա զինավառությանդ բարձրագոչ աղաղակն է,
Երկրային պետությունների կայսրերի արքա, Տեր Քրիստոս։
Քո մարտի ավարտի ուրախ հանդեսի նշանը, Հիսուս,
Որով կապկպվեց փարավոնը իմանալի.
Տաշած այս շերտը գոռոզացած չարագործի գլխի կատարի
Մշտական կռփիչն է։
Սրանով են Սիոնի որդիները խմբվում պատերազմում
Ընդդեմ խավարի աշխարհակալի։
Այս հինօրյա օծված արձանը աստվածային հրահանգների մի տոն է,
Որ չի հնանում և անխափան է,
Որ հեռվից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի —
Ազգակից ու համանման կենաց ծառին,
Որ Աստուծո դրախտում է.
Կոչման վայր է շտապ ու բարվոք հավաքումի,
Օրհնության վայր է.
Գիտության ծառի տեսանելի պատկերակիցը՝
Չարի ու բարու ընտրության ունակ,
Եվ մեծ հիշեցում Սուրբ Հոգովդ անձս տյառնագրելու խաչիդ նշանով,
Ավետող նախասացություն
Սուրբ թագավորիդ փառքով գալստյանը պահված դշխոյին.
Մաքուրների խմբի խրախճանության գոտեպնդող հորդոր.
Անապական սիրարկու հոգեհամբույր միացման
Շքեղաշուք քողազարդ ամենածին կույս թագուհուն.
Հարդարիչը ծածուկ պճնանքի,
Որ հոգու վայելչությունն է.
Եվ նման է Սինայի պատգամին,
Որ դուրս էր հորդում Տիրոջից.
Անարատ որդիների մայր,
Պանծալի ու անշաղախ օրիորդը փառազարդվում էր սրանով։
Դ
Երիքովի եղջերափողից առավել այս [գործիքով]
Գետնամած տապալեցիր Բելիարի բռնությունը.
Փայտե այս պարսատիկով քար արձակեցիր Գողիաթի վրա,
Նորոգ գայիսոն կառուցեցիր՝
Իբրև վկա սատանայի ահեղ կործանման.
Մեղքի խոր աճած արմատները այս գործիքով խլեցիր,
Իմ պարտքի մոռացված [բարի] գործերը սրա երախտիքով ինձ վերադարձրիր։
Թե այն Բանն Աստծուդ գալուստը հայտնող այլ ձայն անվանեմ՝
Չեմ սխալվի, այլ իրավ կլինեմ։
Հոգեկիր նյութի տկար անոթով այս
Հիսուսիդ մեծագործությունները պատմվելով՝
Հռչակվում է առավելապես։
Ի վերուստ պարգևված բյուր օգնություններ,
Որ դու ես տալիս,
Այս անպատսպար ապավինությունից
Ի զարմացումն երկրայիններին տրամադրեցիր։
Ե
Բարեխնամ մարդասիրությանդ
Անունն անքննելի խոստովանված է,
Սրբամասն խորհրդով խնկարկված,
Ո՜վ լույսի կերպարանք անգծագրելի,
Որ այս կրկնաձիր նշանով
Արձակեցիր հեռաձիգ նետեր՝
Ձայնատրական և օդագնա և հարմարընթաց,
Կենդանի հոգի իրենց մեջ կրող,
Որոնցով անսխալ դիպուկությամբ
Խավարի աղեղնավորի գաղտնի նպատակը
Հավետ կործանմամբ մերժեցիր։
Իբրև բարձրամուր պատնեշ բերդամարտության՝
Կանգուն ու անխորտակելի,
Այստեղից այնտեղ, ուղարկեցիր թշնամու դեմ
Այս փայտի զարկի հունչերը՝
Կամարար սուրհանդակները։
Մեծ ակնարկությամբ քո հրամանի,
Արյանդ խառնված օծության շնորհով,
Հեսանելով սրեցիր մոլի գոռոզին խեթկող եղջյուրն այս,
Ինչպես խաչդ փրկական։
Եվ մեծ ազդումից այս աղաղակի,
Երկնայինների ձայնից ավելի
Քանդվեց, վերացավ ամուր դրանդին
Կարճամիտների անվայելուչ երկչոտ վատասրտությունը
Հրեական պատկերացումների
Եվ ստվերական տան կործանման հետ։
Զ
Վերընծայում եմ փառաբանություն,
Քեզ՝ անմահ թագավոր,
Որ ստեղծեցիր, հաստատեցիր
Աջով քո հզոր,
Աղաչում եմ քեզ, կրկին կատարիր։
Սրանով անցկացրիր՝
Մեզնից հերքելով
Բանսարկուի խորամանկության դժնի վտանգը,
Մեղքի տապը տաժանական,
Եվ դառն հողմը խաբողի շնչառության,
Մահվան երկյուղի տարրն արկածների,
Օդի ցնդման վնասակար տխրեցուցիչ հետևանքները,
Թալկացնող դիվական հեծությունները։
Այս հեծանով, որ քո զենքն է,
Նշանիդ թևերի օժանդակությամբ
Ցրի՛ր վերստին հրածին ամպերը,
Եվ կարկտաբեր որոտները,
Բազմոտանի վիշապի փչումի
Հրախավար կեղծավորության ցավագին ցոլմունքը,
Սատակիչ սուրը, հարձակողական մարտը,
Վայրենի մտքերով գրոհող դևերի պարերը։
Այս փոքրիկ իրից զարհուրում են [դրանք]
Ու մեծ դողումով տեղի են տալիս,
Փորձով հայտնապես գիտնալով,
Որ այսպիսի ձայնից է Տերն ելնում դատելու։
Եվ հոգեպես խրախուսվում են արիությամբ՝
Ամրապես զինվելով Հոգու սուսերով՝
Մարտիկները բոլոր աստվածարյալ
Այս հիշատակի կանոնով,
Որ անպատմելի գոչմամբ
Բոլոր ազգերին կազդարարի
Երջանկաբար նահատակվելու օրինավոր ասպարեզում
Ամեն ինչ փորձող հրի դատաստանը։
Է
Ահա հնչեց ավագ փողը,
Որով համբարձավ Աստված օրհնությամբ,
Պատմվեց սրանով ամեն մի երկրի,
Հնչեց ականջին աշխարհասփյուռ հեթանոսների,
Մեծ [Սիոնի] պահապանների ձայնը բարձրացավ՝
Եսայիի խոսքի համաձայն,
Եվ նույն բարբառով կցնծանք բոլորս.
Սրանով խաչի թշնամիները ցնդեցին ջրի առակի նման,
Անպատվվեց առաջին փայտի պտղի ճաշակումը,
Խորհրդավոր նյութն այս տոնվեց՝ կոչվելով կյանքի [փայտ],
Անարգվեց երկաթը պատերազմական,
Ինչպես Տիրոջ սրբություն՝
Ձիու սանձի վրա
Մեծ նշանի կենսաձայն փայտն այս հարմարեցվեց.
Երկնային հովվի այս օծված ցուպով
Պատյան դրվեց մարդկային ձեռքի իշխանության սուրը։
Տաճարի վեմին քարտաշի մուրճ չգործեց,
Իսկ աստվածակերտ խորանների մեջ
Փայտն այս նվիրական
Սլանալով խաչի թևերով՝ զորավոր է։
Ոչ թե ամսագլխին,
Կամ յոթն անգամ յոթ հոբելյաններին
Մի անկյունում խափանվելով է փողհարում,
Այլ տիեզերքի չորս ծագերում
Եվ ծիրերում եզերքների,
Ծովերի անտակ ջրերի ծոցում ու կղզիներում,
Մեծ սաստկությամբ,
Ինչ-որ աստվածային անարգել ճայթումով
Ավետելով հնչում է։
Այս փայտի հայտնությամբ
Կոտրվեցին սատակողի սուսերները,
Մեզ համար անօգտակարությունից
Ձևափոխվելով խոփերի ու մանգաղների։
Ը
Չհնչեց արձագանք խոր անձավներից
Եվ ոչ օդը վիրավորելով դժնդակապես՝
Ըստ օտար մի իմաստակի,
Ոչ անախորժ սրությամբ ականջ մտնելով
Եվ ոչ ուղեղի ամանը չար տհաճությամբ թնդացնելով,
Ոչ մարմնին ոսկոր խրտնեցնող փուշ բուսցնելով,
Եվ ոչ միտք այլայլող ապշություն առաջացնելով,
Ոչ պղնձանյութ զանգ հնչեցնելով,
Եվ ոչ քարը սալարկի հետ տհաճ զարկվելով։
Նոր այս Սիոնի անխորտակ պարիսպ՝
Սա արարչավանդ գլխավոր սպասքներից է,
Որ քրիստոնյա եկեղեցականները
Ղևտացիների փոխարեն խնամում են զգուշորեն կրելով,
Հրեշտակի ձայնի օրինակով,
Որ առակողի խոսքը
Հավքի կանչի նմանությամբ պատկերեց։
Ավետարանի նոր շնորհալի նվագարան՝
Աստուծո Հոգին առ մեզ արթնացնող,
Քան թե քնարահարի օրհներգությունը Եղիսեի վրա.
Առաջինն ու պարագլուխը քաղցրանվագ
Ողբերգությունների համար լարված լարավոր գործիքների,
Զգացմունք շարժող բամբիռի հոյակապ արվեստ.
Մի այլ տեսակի նոր սրինգ՝ տրված մեզ
Հնի փոխարեն,
Ոչ թե հեթանոս ուրվաձայն հնչմամբ,
Կամ հրեական խակամտությամբ,
Որ Տիրոջ ազդմամբ մերժեց մարգարեն՝
«Հեռացրո՛ւ ինձնից»,
Այլ սիրեց սա ու կրկնակի պատվեց մաքրագործող հոգատարությամբ՝
Ահարկու՝ դևերին ու ամենայն չար պատահարներին։
Թ
Եվ արդ, ստացա օրհնաբանությամբ,
Հարգանքով գովեցի սրբության այս տուրքը՝
Ինձ պահպանություն, փառատրություն քեզ,
Քեզ պաշտամունք և ինձնից գոհություն,
Անթերի կերտվածք արարչական բարձր փառքիդ։
Աստվածարյալ այդ ձայնը թող մտնի
Հոդերս շաղկապող պատվաստի մեջ,
Հանելու հոգուցս դևերի խաբեությունը,
Ստացած անեծքներն ու զազիր մեղքերը։
Այս առարկան դարձրու նշանակ
Լուսափայլ ջնարի, անջրելի նամակի,
Անխափան ջատագովի քո տերունի տնօրինությունների։
Ահա սրանով պարգևիր, բարեգութ,
Աղաչում եմ, հզոր,
Մեզ կրկին շնորհիր պահպանություն
Աներևույթ ու երևելի թշնամիներից։
Ամենալի ձեռք մեկնի՛ր մեզ,
Որ բաց ես անում և մատուցում ես սիրով բաշխելով
Բարիքներ այլևայլ,
Օդի քաղցրություն և անձրևների օգտակարություն։
Ըստ Քո հրամանի սրա բարբառով թող պակասեն՝
Տապախառն հողմ, ցավաբեր փչում,
Գրոհները չար խարդախ հների,
Խափանվեն սրանով բոլոր հակամարտությունները
Դժնի մատնիչի զորքերի,
Հալչեն, վերջանան, մեռնեն
Երջանիկ օծյալ այս փայտից որդ և ուտիճ
Եվ բոլոր նմանները,
Որ զորանալով մեր մեղքերից՝
Կռվում են մեր դեմ։
Սրանով հույսիդ երանության տունկն արմատացրու
Մեզ պաշտպանելու, ստեղծիչ բոլորի,
Արարածոց Տեր, Սաբեկի ծառն այս,
Որի ոստերից կախված է, քեզանով ծաղկած, ով Քրիստոս,
Նոր սուրբ ավանդը արդի փրկության,
Պտուղը կյանքի անվախճանական։
Այս փառատրելի փայտի բարեհունչ ձայնարձակումով
Խորին խավարի անհուն հեռուները փախչեն
Խարդավանող, բազմահնար, ստապատիր, ստորնականների
Ներհակ չարքերը։
Հերքվեն սրանով մեր սահմանների
Արորով հերկված, ընտիր-պտղավետ անդաստաններից
Եվ քո մշակված կենդանի հողից՝
Հյուծող վերքերն ու մորմոքեցնող [միջատների] հույլերը,
Սրանով հատվեն հավելված պատահարները՝
Կրկնատգեղ և անվայելուչ,
Որ գալիս են մեզ չարի հնարներից։
Իսկապես վտարվեն սրանով
Այն ինքնաստեղծ բաները, որ երկյակ մեր բնության մեջ
Վերերևում են իբրև մերձավոր դավաճաններ,
Մեկին վրիպակ, օտարոտի մտածումներ,
Մյուսի մեջ՝ ապականող կեղտոտ զեռունների
Գարշ գոյացումներ.
Փրկի՛ր, Տեր Հիսուս, աղաչում եմ քեզ,
Փրկի՛ր, բարերար, ինձ մեկնի՛ր աջդ ամենքից գովված,
Օգնելով սրանով՝
Ազատի՛ր բոլոր թշնամիներից։
Ժ
Հրամանդ թող խառնվի, միանա սրան,
Հիմարացած ադամանդե սիրտս փոխարկելու
Դեպի քո խոսքի արդյունատրություն։
Քո սքանչելի հրաշքի նեցուկն այս
Խփես, մխրճես ծորած սրտերն ու լքված հոգիները,
Ամրապես կազմելով՝ հաստատես
Ուղիղ, անսասանելի լինելություն,
Իսկ անշարժին կակղեցնես, որ զարթնի
Եվ զգաստ լինի հեզ հոգով
Քո աստվածավանդ պատվիրանի հանդեպ,
Պողոսի ու Մատթեոսի նման։
Մարդասեր, հիշեցրո՛ւ այս պատվյալ փայտով
Երախտիքները քո խաչի,
Որով անճառ գործեր կատարեցիր,
Իմ միջից հանի՛ր, ապրեցնող, մեղապարտության վտանգը
Նոր տապանակիդ պանծալի լծակներով։
Հզոր, քո կամքով բացվի կյանքի այս ձայնին
Սրտի ականջը համառողների,
Խուլ ականջները լսեն ակնարկությունդ մեծ այս բարությամբ,
Սրա միջոցով պարզվի լեզուն համրացածների,
Լուսավորվի տեսողությունը աչքերի՝
Մաքրապես նայելու քեզ անայլայլ պշությամբ,
Կազդուրվի, զղջա, դարձի գա կամքը ձանձրացածների։
Տե՜ր, տագնապածիս ընձեռելով տո՛ւր
Արցունքի անձրև։
Սա քեզնով լինի մեզ ցնծության լուր,
Ուրախության ձայն, բերկրանքի բարբառ,
Հանգստյան նվագ, քավության առիթ,
Վշտերի հերքում, խեղդումների խզում,
Եվ ընդարձակություն նեղություններից,
Կրճատում խեթման, հերքում հեծության,
Թառանչումի թեթևացում, կարիքներից ապահովություն,
Կրքի կարգավորում, վհատումի սփոփություն,
Բժշկություն ցավերի, հեղգության մեջ համբերություն
Եվ ուշադրություն անտեսանելի բաներին։
ԺԱ
Անխոտոր ու անխոտորնակ այս ցանկալի կամրջով
Եվ վերնաշավիղ, բարձր, սրբահետ, երկնաչու սանդուղքով
Քո օրհնաբանված, ահավոր անունով Հոր մոտ տանես,
Բարերար, Հոգուդ առաջնորդությամբ
Միանալու քեզ անբաժանելի,
Որով և սուրբ, մեկ ու միակ,
Միասնական տերությանդ
Եվ անեղծ արարչությանդ ստեղծած
Շնչավորներից ու անշունչներից վայելուչ գոհությամբ՝
Փա՜ռք և իշխանությո՜ւն
Հավիտյանս հավիտենից. ամեն։