Բան Թ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, ողբագին աղաչանքների իմ այս կտակ մատյանի մեջ
Ի՞նչ բամբասանքներ շարադրեմ արդյոք ես քեզ արժանի, ո՜վ անձն իմ թշվառ,
Սևերեսդ դու և պատասխանի համար անբարբառ,
Անպիտանըդ՝ Աստուծո և սրբերի հաղորդակցության։
Քանզի եթե ես ծովի ջրերը մելանի փոխեմ
Եվ բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը թղթի նման տարածեմ,
Կտրեմ եղեգնի անտառները և գրիչներ շինեմ՝
Մի մասն իսկ բազում անօրինական իմ արարքների
Դարձյա՛լ չեմ կարող ես գրի առնել։
Եվ Լիբանանի մայրիներն եթե իրար զոդելով շինելու լինեմ կշեռքի լծակ,
Ու նժարներից մեկի մեջ դնեմ լեռն Արարատյան՝
Դարձյա՛լ չի կարող հավասարվել նա իմ մեղքերի հետ։
Բ
Ես ծառ բարձուղեշ՝ ստվար ոստերով, սաղարթախիտ, բայց անպտուղ,
Ճիշտ ու ճիշտ նման այն թզենուն, որ Տերը չորացրեց։
Թեև իսկապես վարսագեղ, սաղարթազարդ,
Արտաքին տեսքով բարեշուք ես դու,
Պաճուճված, ինչպես պսակով մի պերճ,—
Եվ հեռվից նայողներին երևում ես բաղձալի,
Բայց երբ մոտենա Տնկողն իր ուզածը փնտրելու,
Ամեն բարիքից դատարկ և ունայն պիտի գտնի քեզ,
Եվ գարշելի՝ գեղեցկությանդ մեջ՝
Տեսնողներին ի ծաղր և նախատողաց՝ նշավակություն։
Քանզի եթե անժամանակ, չսպասված ժամին՝
Տունկը հերապանծ, անպտուղ և անկենդան,—
Որ մի պատկերն է անպատրաստ մեղավորների,—
Ենթարկվեց անեծքի,
Եվ կամ թե հողն այն, ոռոգված ցողով,
Որ երկրագործի թափած աշխատանքների դիմաց
Բազմապատիկ արդյունք չտալու պատճառով լքվում է և մոռացվում,—
Հապա ուրեմն դու, ո՜վ անձն իմ եղկելի,
Դու հո՛ղ բանավոր ու տունկ կենդանի,
Որ չես տալիս պտուղ իր ժամանակին,
Ինչպե՞ս կարող ես վերի առակում հիշված պատիժը չկրել, ինչպե՞ս։
Քանզի դու բոլոր արդյունքն ու բերքը նանիր գործերի,
Առաջին մարդուց սկսած մինչև սերունդը վերջին,
Եվ գյուտերը նոր, որոնք քեզ ստեղծող Աստուծո համար
Ատելի են խիստ, անախորժելի՝
Անպակաս չափով, առավելապես մեջդ ընդունեցիր։
Գ
Եվ քանզի ես քեզ արի նշավակ-նպատակակետ իմ մտադրությանց, ա՛նձն իմ անպիտան,
Բանաստեղծական խոսքերովս, ինչպես պարսաքարերով,
Քեզ, իբրև վայրի անընտել գազան՝ պիտի քարկոծեմ անողորմաբար։
Եթե մինչև իսկ չկարողանամ արդար անվանվել,
Սակայն առաջին պատասխանիս մեջ, ինչպես մի ոսոխի հետ,
Ոգորեմ պիտի ես հոժարակամ, ինչպես իմաստունն է բարբառել մեծ։
Եվ իմ մտքերի, մտածումների հույզերը թաքուն
Իբրև չար գործեր՝ կատարված արդեն, խոստովանելով,
Քո առջև պիտի տարածեմ բոլոր, Աստված իմ և Տեր,
Քանզի ի՛նչ չափով որ պիտի չափեմ մեղադրանքն անձիս,
Միևնույն չափով պիտի աննվազ քո գթությա՜նը ես արժանանամ,
Ընդունելով քո շնորհներն առատ իմ ամենամեծ պարտքերի տեղակ։
Որքան ճարակեն վերքերն անհնար և անբուժելի,
Այնքան ավելի և կրկնապատիկ բարձրյալ բժշկիդ
Հրաշագործության իմաստությունը բարեմասնորեն պիտի հռչակվի։
Հանցանքներն որքան որ ավելանան,
Նո՛ւյնքան փոխատվիդ առատությունն բարեբանելով՝
Պիտի պսակվի, ըստ քո խնկելի առակի, ընդմիշտ։
Դ
Քանզի փրկում ես դո՛ւ և դո՛ւ քավում,
Նորոգում ես աջով քո և զորացնում մատով.
Արդարացնում ես հրամանովդ և ողորմությամբդ ազատում.
Երեսովդ լուսավորում ես և քո դեմքով զվարճացնում.
Բարերարում ես Հոգով քո և յուղիդ օծումով սփոփում
Ու շնորհիդ ցողով զվարթացնում ես դու։
Դո՛ւ ես տալիս մխիթարություն և վհատության մոռացում.
Վերացնում խավարը վշտերի և հեծության ողբերը՝ ծիծաղի փոխում։
Եվ քեզ է վայելում օրհնություն՝ գովությամբ հանդերձ երկնքում ու
Նախահայրերից բոլոր և նրանց սերունդներից,
Հավիտյանս հավիտենից. ամեն։