Բան ՁԹ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Աստված և Տեր, կյանք և Արարիչ,
Ողորմած, գթած, լույս երկայնամիտ,
Անոխակալ, մարդասեր, ամենագութ,
Պարգևատու, փրկիչ,
Օրհնյա՜լ, գովյալ և բարեբանյալ։
Ապաստարան ամրության, վստահելի պատսպարան,
Բարություն՝ առանց նենգության,
Ճառագայթ՝ առանց խավարի,
Քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի,
Անհնարինների հնարք, անմատույցներում՝ մոտիկ,
Անհուսության ելք,
Անունդ խոստովանված՝ Աստուծո Որդի։
Քեզ և ահավոր ու հզոր Հորդ
Եվ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ
Փա՜ռք ու պաշտոն գոհաբանության
Հավիտյանս. ամեն։