Բան ՁԸ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ ահավասիկ, կոտրված հոգով, սաստիկ հուսահատ,
Խորտակված սրտով առջևդ եմ թափում ջուրը իմ կամքի, կաթիլն արցունքի,
Հիշեցնելով արիմաթացի Սամուել մարգարեին,
Որ առնելով ջուրն սկավառակից՝ թափեց քո առջև, ո՜վ ամենատես,
Ցույց տալու համար ժողովրդին, թե խոստովանությամբ և հնազանդությամբ
Պետք է ընկնել գարշապարներիդ կենդանարար։
Բ
Եվ արդ, ընդունի՜ր այս աղիողորմ հեծեծանքներով հյուսված խոսքերը,
Եվ այս բանավոր անարյուն զոհի նվերն հոտոտիր, թագավո՛ր երկնի.
Սրբիր օրհնությամբ գիրը մատյանի այս ողբերգության,
Եվ դրոշմիր գրվածքն այս որպես արձան մշտնջենական՝
Քեզ համար հաճո մյուս միջնորդական մաղթանքների հետ։
Թող որ նա ընդմիշտ մնա քո առաջ և ականջներիդ հնչի շարունակ.
Եվ շրթունքներով ընտրյալներիդ բարբառի՛ թող նա
Ու հրեշտակներիդ բերանով խոսի.
Թող որ տարածվի աթոռիդ հանդեպ և ընծայվի սուրբ սրահի մեջ քո.
Քո անվան նվիրված տաճարում խնկարկվի և բուրի՜ փառքիդ սեղանի վրա.
Թող պահվի հարուստ քո գանձարանում և թող ամբարվի ստացվածքիդ մեջ.
Թող որ պատմվի ազգերին ի լուր և ժողովրդի համար քարոզվի.
Պատկերվի՛ թող որ մտքի դռներին և զգայարանքների սեմերին տպվի.
Իբրև կենդանի՝ թող պատմի նա իմ գործերն անօրեն ու խոստովանի.
Եվ թեպետ որպես մահացու պիտի վախճանվեմ ես,
Սակայն այս համեստ մատյանովս միշտ անմեռ կմնամ։
Քո կամքով՝ թող այն անեղծ մնա, Տե՜ր,
Եվ պատժապարտիս հանդեպ դատավոր դառնալով անդուլ,
Անաչառ կշտամբիչ, համարձակ հանդիմանիչ,
Անխնա պախարակիչ, անողոք պարսավիչ,
Անհամբույր ծանակիչ, անմարդասեր մատնիչ,
Անփրկելի տանջարար, անկաշառ գլխատիչ,
Խստասիրտ հրապարակող, աշխարհալուր բողոքող,—
Մեծաձայն փողով, առանց լռելու, անդուլ-անդադար՝
Իմ հանցանքնե՜րը թող խոստովանի։
Գ
Այս գիրքն իմ ձայնով իմ փոխարեն պիտի աղաղակի,
Ծածկվածները պիտի բանա և գաղտնիքներն հրապարակի,
Կատարվածները բարձրաձայն ողբա, մոռացվածները հնչեցնի,
Աներևույթները պիտի հայտնի, բարուրվածները բարբառի,
Դուրս պիտի հանի խորքում եղածներն ու մեղքերը պատմի,
Անտեսները պիտի մերկացնի, թաքցրածները ցուցահանի,
Սրանով որսերը պիտի շոշափվեն, գայթակղությունները գտնվեն,
Անպատմելիներն հանդես պիտի գան և ճզմվեն չարի մնացորդները։
Քո ողորմության շնորհներով, Քրիստո՛ս, կյանքը պիտի թագավորի
Իմ ցամաքած ոսկորների գանձարանի պահեստում,
Որով կենդանության գարնանամտի արշալույսին, օրը պայծառ նորոգության,
Շնորհիվ քո ցողի հոգիս աճելով անմահ փրկությամբ
Եվ անթառամ վերամբարձությամբ իմանալի բարիքների ճյուղեր ընձյուղելով,
Պիտի նորից դալարեմ դարձյալ և կրկի՜ն ծաղկեմ,
Ըստ ներշնչումովդ գրված գրքերի հուսադրության։
Եվ քեզ՝ միակ փրկչիդ և Հոգուդ՝ իսկակցին քո Հոր
Միասնական Տերությանդ և Երրորդությանդ անճառելի
Խորհրդական գովեստով՝ փա՜ռք և երկրպագություն հավիտյանս. ամեն։