Բան ՁԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ ահա, քանզի այս ողբերգության կտակը համեստ հասել է իր ավարտին,
Արա՛ այնպես, Տե՜ր, որ ինքնանախատ կշտամբանքների այս խոսքերիս հետ
Վերջ գտնեն նաև ու դադար առնեն սովորություններն իմ չար։
Դու ինքդ հուսադրեցիր դատապարտյալիս, ասելով՝
«Հայրս չի ուզում, որ կորչի մեկն իսկ այս փոքրիկներից»,
Եվ դարձյալ, թե՝ «Հորս կամքն է, որ չկորցնեմ բոլոր ինձ հանձնվածներին»։
Բ
Ահա՛ օրհնված ես դու գթության մեջ,
Բարեբանված միշտ՝ քաղցրության մեջ,
Խոստովանված՝ երկայնամտության մեջ,
Եվ ճանաչված ես այցելության մեջ.
Քարոզված Տեր ես դու փրկության մեջ,
Եվ ներբողված ես առատության մեջ,
Պատվված ես պաշտպանության մեջ,
Փառավորված ես փրկության մեջ,
Երկրպագված՝ անբավ բարձրության մեջ,
Պաշտված ես անքննության մեջ,
Գովյա՜լդ միակ՝ հաղթության մեջ,
Հռչակված՝ հզորության մեջ,
Խնկավորված ես ողորմության մեջ,
Համբուրված՝ անճառ հեզության մեջ,
Ճաշակված ես դու խոնարհության մեջ։
Եվ քեզ հետ նաև ծնողդ երկնավոր՝ Աստված բոլորի մխիթարության,
Ընդ որում և Սուրբ ու Բարի Հոգիդ,
Դու, որ սահմանեցիր չանտեսել ընկած գրաստը թշնամու
Եվ անբանությամբ սայթաքած մարդուն։
Հզորիդ ինձ ցույց տված երախտիքներն ու առաքինությունը մեծիդ՝
Փառաբանողներն անվերջ անդադար տոնում են բարձրում,
Որոնց հետ, ուշադրությանդ արժանացնելով և այս ձայնն աղերսական՝
Ընդունե՜ս այն դու մարտիրոսների պաղատանքներով,
Իբրև հաճելի և անուշ բուրմունք,
Եվ այս հաշտարար խոսքի փրկանքով՝
Պարտքերը նախնյաց և աներևույթ վերքերը բոլոր,
Հոգին ու մարմինը մահացնող միջիններով ու վերջիններով,
Ներքիններն ու արտաքինները, դրոշմներն ու բծերը
Եվ հարվածների խարանները ողջ բժշկիր, ամենակարո՛ղ,
Ողորմությանդ դեղերով ջնջելով ու մաքրելով
Բազմապիսի խայթվածքների հետքերը ամեն,
Որոնք քեզ համար հաճելիների հետ նմանապես
Ցույց կտան նաև գարշելիները մեր բնության մեջ։
Գ
Եվ եթե հասնեմ խորին ծերության քո առաջնորդությամբ՝ մահվան արժանիս,
Մի՛ լքիր ինձ տկարությանս մեջ և մի՛ անարգիր մազերս սպիտակ,
Մի՛ կորացնիր կործանվածին և կքյալին մի՛ իջեցնի,
Մի՛ ցած բերի խոնարհվածին և առկայծյալին հողմի շնչին մի՛ մատնիր,
Մի՛ բաց թողնի դեդևողին և մի՛ մրսածին՝ անվերարկու։
Թող չմնա տագնապյալն անդարման, ոչ էլ խարխլված տունը՝ անխնամ.
Թող չանպատվվի պատկերն հնացած, և պարարտությունը չանհամանա.
Թող որ չանարգվի շուքը շնորհի, և հնությունը չքամահրվի,
Թող չալեկոծվի հոգուս նավն, ու հույսի երկարությունը չկտրվի,
Թող ուղղալարը չխզվի, ու չխանգարվի հիշողությունը,
Թող չքայքայվի մարմնի կազմությունն, ու բարձրացող թևերը չփետտվեն,
Զվարթ գեղեցկությունը չտգեղանա, չքաղվի պայծառ ճաճանչը շողի,
Պատուհաններն աչքերիս չփակվեն և ոչ էլ նրանց լույսը խափանվի,
Թող չընկնի պատկերը խոսուն։
Դ
Աղաչում եմ քեզ, բարեգո՛ւթ, ու պաղատում եմ բոլոր սրբերով,
Լսիր այս ամենն իսկ հիմիկվանից, որպեսզի վերջում չմոռանաս։
Դու եղար ինձ առաջնորդ և ազատարար, ըստ սաղմոսողի,
Հանիր նաև ինձ Երգողի հետ, Տե՜ր, կասկածանքներից ու վարանքներից,
Որոնցից սաստիկ վախենում եմ ես։
Թեև արժանի չեմ սովորական կերակուրն անգամ ստանալու քեզանից որպես վարձք,
Բայց դու սովոր ես և կարող նույնպես ապերախտներին էլ բարեգործել։
Քոնն են ամենայն բարիքներն անճառ ու զարմանալի
Հրաշագործդ միայն՝ կատարյալ երկայնամտությամբ։
Օրհնյա՜լ ես դու Հոր և Սուրբ Հոգուդ հետ հավիտյանս հավիտենից. ամեն։