Բան ՁԶ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Բազմազանորեն շարահյուսված ա՛յս հառաչագին ու տխրաթախիծ ողբերի փոխարեն
Ողորմի՛ր բոլոր հոգիներին դու, թագավո՛ր գովյալ և երկայնամիտ,
Եվ առավել ևս նրանց, որ չունեն կենաց փրկության ակնկալություն,
Ինչպես և նրանց, որոնք ննջեցին ի մահ անպատրաստ՝ յուղի պակասից հանգած լապտերով։
Ուստի և հիշի՛ր, Տեր իմ գթառատ, և այդ պատճառով տուր ինձ իրավունք,
Քանզի ի փառս ահավոր և սքանչելի մեծիդ՝
Մարդու կազմվածքը բաղադրեցիր դու իրար հակառակ տարբեր տարրերով՝
Մեկը ծանր և մյուսը թեթև, մեկը սառն և մյուսը ջերմ,
Որպեսզի մենք այդ ներհակություններն հարթ պահելով միշտ՝
Նրանց համերաշխ հավասարությամբ կոչվենք արդար։
Եվ այսպես, առաքինաբար, երբ հոգու հետ բարձրանանք,
Չմոռանանք և մեր խոնարհությունը կավին նայելով
Եվ ընդունենք պսակ ճգնավորական։
Եվ սակայն ուխտազանց եղանք այս կանոնի դեմ,
Զիջելով կառուցվածքին մեր հողեղեն՝ անասնորեն սողալով կպանք երկրին՝
Մեկն իր ախտերով, մեկն անգթությամբ,
Մյուսն ամենաբաղձ կերակուրների իր մոլությունով,
Որպես մշտաբույծ գազան շարունակ կապված մնալով մեր բնության հետ։
Պատահում է մերթ, որ մեկը այդ չորս տարրերից մեր մեջ,
Անողոքելի, անզուսպ սլացքով ոստնելով ի դուրս,
Ամբարտավանում է վայրենապես։
Եվ այսպես եթե տաքանանք մենք քո սիրո ջերմությամբ,
Մեր մեջ գտնվող բոցի նշխարով,
Ցուրտը առընթեր և կենակից նրան՝ կասեցնելով այն, կընդմիջի բարուն։
Եթե էությամբ հրեշտակային օդաճեմ դեպի քեզ թևել ուզենք,
Այս առաջնաստեղծ հողեղեն նյութի ծանրությունը հոծ
Մեզ քաշելով՝ կխափանի մեր թռիչքը իսկույն։
Բ
Արդ, ամեն կողմից պարտված ու լքված,
Որպես ապիկար, հաշմված՝ մերժվեցի, կորա, քշվեցի.
Եվ մաշված իսպառ բազում մեղքերից ի մահ գլորվեցի.
Որի համար էլ պարգևներից զուրկ՝ ողորմության կողմն եմ նայում,
Եվ ամոթահար երեսով ե՛ս էլ, որ տեր եմ ամեն տեսակ մեղքերի,
Աղերսում եմ քեզ բոլոր կենդանի մեռյալների հետ,
Զի կարող ես միշտ մի հնար անել ինձ նման մեռած ու կորածներին.
Ամեն ինչի մեջ զորավոր ես դու.
Եվ մանավանդ որ կարենալուդ հետ՝ և՛ կամենալն է քեզ ախորժելի։
Եվ արդ բարգավաճ ու կենսանորոգ շնորհներն այս երկու,—
Կամենալն ու կարենալը իրար մոտ գալով,
Կվերանա անհույս վհատությունը բոլոր մեղավորների
Եվ կգա այնժամ, կհասնի շուտով հոգիներ բուժող
Քո հրամանի լույսն ավետավոր, Տե՜ր ամենայնի,
Օրհնյալ հավիտյանս. ամեն։