Բան ՁԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Երկնավո՛ր արքա, բարձրյալ թագավոր,

Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս,

Արարիչ տեսանելիների և հոգեղենների հաստիչ,

Պատճառ եղածների և կազմող լինելիների,

Տվիչ լույսի, առիթ առավոտի, պատրաստիչ վաղվա,

Երևացնո՛ղ երեկոյի, հորինող խավարի,

Արվեստավոր բարեհնար, իմաստության գործիչ,

Քավարան օրհնյալ, հալիչ մեղքերի, հալածիչ ցավերի,

Լուծիչ դառնության, պահպանարան հանգստի,

Հնարիչ նիրհի, կարգավորիչ քնի, պարգևիչ նինջի,

Կարգավորիչ շնչառության, զգայության տևողություն,

Ցրիչ ցնորքների, բարեկարգիչ անուրջների, փոխարկող զարհուրանքի,

Փոփոխիչ տխրության, խափանիչ խայթումների,

Կասկածների փարատիչ, ծփանքների հանդարտիչ,

Ահաբեկություն խարդախների, դևերի հարվածիչ,

Ախտերի փախուցիչ և ընկղմիչ գայթակղությունների։

Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,

Զորացրո՛ւ աջովդ բարձրացած,

Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ,

Ծածկի՛ր խնամքովդ աստվածային,

Ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացությամբ,

Շուրջանակի պարսպիր անմահներիդ գումարտակներով,

Ընդդիմամարտին իմ վանիր զվարթուններիդ դասով,

Պատսպարի՛ր սասանյալիս Աստվածածնիդ մաղթանքներով,

Անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապան կարգիր։

Բաց արա աչքերիս հետ նաև տեսանելիքները մտքիս,

Զգաստացրու շնչիս հետ նաև դանդաղությունը ծանրաբեռն իմ կրքերի,

Վերացրու թանձրամած հիմարությունն իմ զգայարանքների, Տե՛ր,

Վերցրու թանձրությունն իմ ծածկույթի, միա՛կ բարեգործ։

Լույսը բացվելիս՝ ողորմությունդ էլ ծագիր ինձ վրա,

Եվ արևի հետ՝ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ.

Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի.

Եվ տյառնագրությունը խաչիդ՝ մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի՜ համասփյուռ։

Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝

Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին.

Զի դու ես Աստված անքնին,

Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես,

Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։