Բան ՁԳ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Բարձրյալ անքնին, զորություն ահեղ, Տեր արարածոց,
Թագավոր երկնի, ստեղծիչ հրեշտակաց, մտքի գոյարան,
Հաստիչ հրեղենների, հոգիների բարի պետ,
Ապավինության աջ, հանգստավետ անդորրություն,
Լուսալիր տեսություն, պայծառություն բերկրալից,
Երանության ճամփա, կենդանության պատճառ,
Բանականության առիթ,
Անվտանգ փրկություն,
Առաջնորդ խաղաղության,
Պարիսպ ամրության, պահպանության պատվար,
Ցանկապատ բոցեղեն՝ մեծագույն օրհնություն,
Անոխակալության սահման,
Այս ողբերգության մատյանում գրված խոսքերովն իմ խոստովանական՝
Մարդկային ազգի մեր թշնամիներին նույնպես բարությամբ հիշիր,
Եվ տո՛ւր կատարյալ քավություն նրանց և ողորմություն։
Մի՛ բարկանար, Տեր, դու նրանց վրա, որպես սրբերին բամբասողների,
Դեպ ինձ ունեցած մեծ սիրույդ համար և իմ պատճառով,
Այլ իբրև չարեր կշտամբողների և իրավաբար նախատողների՝
Ների՛ր նրանց հանցանքները։
Թե՛ ես, թե՛ նրանք եթե միասին ելնենք քո առաջ, ով արդարադատ,
Գուցե և ոմանց մեղքերը մեր դեմ շա՜տ սակավ լինեն
Եվ բամբասանքները՝ իրավացի.
Իսկ իմ՝ դեպի քեզ, ամենապարգև, ուխտազանցության օրինակները
Բազում են, անթիվ և անկշռելի։
Բ
Արդ, նայելով, Տեր, անարգիս վրա, հիշի՛ր մեծությունդ.
Եվ երբ քեզանից բարիք խնդրեմ ես իմ ատողներին,
Դու նրանց համար, որ քոնն են դարձյալ, ըստ քո մեծության,
Հրաշապես անճառ բարիքնե՛ր գործիր։
Չսատակեցնես ինձ խայթողներին, այլ ուղղի՛ր նրանց,
Գջլելով խոտան բարքերն երկրային,
Բարիներն արմատացնես դու թե՛ իմ և թե՛ նրանց մեջ։
Մանավանդ որ դու լույս ես ու հույս,
Իսկ ես խավար ու խենթ.
Դու՝ ի բնե բարի ու գովելի,
Իսկ ես՝ չար համակ ու ապիկար.
Դու՝ Տեր համորեն երկնի և երկրի,
Իսկ ես չեմ իշխում շնչիս և հոգուս.
Դու բարձրյալ՝ կարիքներից զերծ,
Իսկ ես ենթակա տաժանքի, վշտի.
Դու վեր երկրային կրքերից բոլոր,
Իսկ ես կավ անարգ ու գարշելի.
Դու հար կմնաս անհասանելի բարձրության վրա, ըստ մարգարեի,
Իսկ ես, ըստ նույնի, կկորչեմ ընդմիշտ.
Քո մեջ նենգություն կամ խավար չկա,
Իսկ ես, որ ավանդն իմ չպահեցի, այդ բոլորն էլ եմ։
Հանի՛ր ինձ բանտից, արձակի՛ր կապանքներից,
Պոկի՛ր ինձ պրկող իմ շղթաներից,
Փրկի՛ր խեղդվելուց,
Ազատի՛ր տագնապներից, քանդի՛ր երկաթներից,
Հա՛ն ինձ պաշարումներից, դուրս բեր երկմտությունից,
Հանգստացրու նեղություններից,
Փարատիր վշտերս, սփոփիր տխրություններս,
Հանդարտեցրու խռովություններս,
Ամոքիր լացս, ցրիր հեծություններս,
Հեռացրու ինձ իմ ողբերից ու կազդուրիր լալուց,
Աստվա՛ծ ողորմության և պարգևատու քաղցրության,
Հզորիդ արյան գնով փրկվածիս անտես առնելով՝ զուր մի՛ կորցնիր.
Կանգնեցրո՛ւ դու ինձ, որ բազմավտանգ հիվանդությունից մահվան ա՜փն եմ հասել։
Գ
Ահա՛ բարդվեցին և կուտակվեցին ընդունայն անցած տարիներն իմ ողջ
Ա՛յն օրից, երբ որ աշխարհ եկա ես, որպես անպիտան,
Դեռ անդաստանից իմ մոր արգանդի՝ մեղքերի դժնիկ փշեր ծլեցնելով.
Մի՛ լինիր ինձ խայթոց խոցոտիչ,
Ինչպես որ եղար Հուդայի տոհմին և կամ Եփրեմի զավակի համար։
Եվ քանզի հոգուս մեջ բարեսերմ ցորենի փոխարեն
Խայթող, թունավոր ու թմրեցուցիչ խոտեր բուսցրի ու տնկեցի ես,—
Ըստ Գրոց խոսքի՝ Ավետարանից էլ առաջ ասված,—
Ինչպե՞ս չկոչեմ անձն իմ գարշելի դաշտ ու անդաստան՝
Խեղդված՝ մեղքերի անիծաբեր փշերով։
Արդարություն չսերմանեցի ես, ըստ Ովսեեի,
Էլ ինչպե՞ս պիտի հնձեմ կենաց բերքն ու այն հավաքեմ,
Մաքուր իմ հոգու կուսական ստինքները թառամեցին,
Ինչպես որ մարգարեն Իսրայելի համար է ասում,
Բայց դու կարող ես, Տեր, նրանց կրկին նախկին տեսքը տալ։
Հուդայի մոլի բարքի համաձայն
Ընդարձակեցի կամքիս մահիճը հոմանի դևերի համար.
Քո ձեռքն է դարձյալ ամփոփել այն, Տե՛ր, նույն զգաստությամբ։
Դ
Եթե մարմնական կցորդությունը տեսանողի հետ պոռնիկին դարձրեց անբիծ, անարատ,
Իսկ դու, փրկությո՛ւն, միանալով ինձ հոգեպես՝ կրկի՛ն կմաքրագործես։
Եթե արեգակն այս անկենդան,
Որ ստեղծել ես դու մատակարար մեր երկրի համար,
Ցամաքեցնում է ճահիճների ցեխն ու խակ պտուղներ է հասցնում,
Իսկ դու ստեղծի՛չդ ամենայնի, Հոգիդ Աստուծո,
Ո՜րքան ավելի պիտի կարենաս չարիքների տիղմն աղտեղի
Եվ մեր մեղքերի աղծապիղծ թարախն իսկույն սպառել։
Դրա համար է, որ ես խոսքերիս կարգին շտապեցի
Թշնամիներիս համար նույնպես բարին հայցել քեզանից,
Որպեսզի մահապարտությամբ հեռացված հանցավորիս
Չգցե՛ս հզորիդ ամենախնամ աչքից, օրհնյա՜լ գթություն։
Արդ, կենագործիր ամենամեղիս՝ մարմնիս անդամներով, հոգուս բնության հետ,
Որպեսզի ես միշտ քո մասին խորհեմ։
Բարեգործներին բարիք խնդրելը օրենք է բնության,
Եվ մենք այդ բանը անում ենք կամքով մեր անբռնադատ։
Քանզի արդարև այդ մի պատվերդ կարող է ամեն հասակ կատարել,
Իսկ երկրորդի գործադրումը նույն սիրով հոգատար՝
Նշանակում է նմանվել Աստծուդ։
Այդ իսկ պատճառով գերադասեցի թշնամիներիս բարիք ցանկանալ,
Քան երախտավոր բարերարներիս համար աղերսել։
Ե
Եվ արդ, մեկի տեղ կրկնակի անգամ հիշիր դու նրանց,
Որոնք անարժանիս քո բարձրագույն անունով ընդունեցին.
Եվ տուր դու նրանց, Տե՜ր ամենառատ, բարերար և անոխակալ,
Վարձը արդարի և մարգարեի,
Թեպետև զուրկ եմ ես բոլորովին արժանիքներից,
Բայց նրանք ըստ իրենց հավատքի և հուսալիր ակնկալության,
Ողջամիտ կամքով են նայում ինձ պես պատժապարտ գերուս,
Որպես թե հոգուս փակ պահարանում կեցուցիչ մասունքդ ունենամ լրիվ։
Եվ դու անսահման գթությամբ մոտենալով մեղավորիս,—
Որ անկարող է պահվել քո տեսողությունից
Եվ կամ խույս տալ կշեռքից ուղիղ, անխաբելի,—
Մաքրե՜ս, որպեսզի չխայտառակվեմ մեծ դատաստանում։
Եվ ինչպես որ ինձ ուզում են պատվել վայելուչ շուքով սիրելիներդ քո անվան համար,
Կրոնավորի զգեստիս բարեձևությանը նայելով,
Անգիտակ գաղտնի իմ արատներին՝ երանի են տալիս եղկելուս,—
Դո՛ւ էլ, հնարավո՜ր, ամենապարգև, օրհնյալ մարդասեր,
Ողորմո՜ղդ բոլոր արարածներին հավասարապես,
Ամենաթշվառիս հեծության համար հաշտվիր նրանց հետ, ըստ իրենց հավատքի,
Ընծայիր նրանց, տուր որպես պարգև մեծությունդ անեղծ
Եվ քո պսակը հավերժ անթառամ՝
Ամեն ինչ քննող ու պարզաբանող մեծ դատաստանի վերջին օրն ահեղ։
Զ
Անհատնում ու անվատնելի գանձերի մեծ ու փրկարար
Գրավականն ես դու ստրուկիս համար ու սովյալիս,
Եվ մենք այդ գանձերն հօգուտ երկնքի ի գործ դնելով՝ հարստանում ենք խոսքիդ համաձայն։
Տեղ սահմանիր ինձ հանդարտ ջրի մոտ,
Ամրացրո՛ւ իմ մեջ, անփոփո՜խ, հաստատուն վստահություն.
Կարգիր ինձ համար, օրհնաբանվա՛ծ, անկասկածելի հույսի ամրություն.
Տուր ինձ, ամենախնա՛մ, անաչառ պաշտպանություն,
Սասանյալիս՝ բարի անդորրություն,
Տարակուսյալիս՝ լուսո ապավինություն,
Ողբալուս՝ մեծ երջանկություն,
Վհատյալիս՝ կենաց օգնություն,
Լքյալիս՝ հաստատուն օժանդակություն,
Նահանջածիս՝ անսայթաք վերընթացություն։
Զի քոնն են բոլորն, ու դու ես տվիչն ամենայնի.
Եվ քո ձեռքով է բաշխվում այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր կյանքի համար։
Եվ քեզ է վայելում փառք հավիտյանս հավիտենից. ամեն։