Բան ՁԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Աստվածածնի մաղթանքների հետ ընդունի՛ր, ո՜վ բարեգութ,
Ե՛վ աղերսագին խնդրանքներն, ահա՛, անմահ, լուսակերպ հրեշտակների,
Որոնք ինձ համար մաքուր բերանով գոչում են անլուռ
Հանապազօրյա բարեխոսությամբ։
Բարի են նրանք, բարերարիցդ միշտ բարեգործված,
Եվ ամենիշխան Էիդ հրամանով ստեղծված՝ հավետ անընդել չարին։
Նրանք բարձրյալիդ զորքերն են հզոր՝ խոսքիդ միշտ պատրաստ.
Սուրբ են ու մաքուր, անարատ, օրհնյալ,
Վայելուչ, հաղթող և անպարտելի,
Եվ արագաշարժ՝ մտքի տեսության ընթացքի նման։
Բարեխոսներ են նրանք, մատակարար և խնամակալ,—
Աշխարհիս այգում արմատավորված
Եվ երեք երկար ու ձիգ տարիներ դատարկ մնացած,
(Որ հավերժական ժամանակն է պարունակում իր մեջ՝
Անցյալը, ներկան ու ապառնին),
Այն թզենու, որ պտղազուրկ էր, պաճուճված միայն սին սաղարթներով,
Որ ճիշտ պատկերն է թշվառ մարդկության։
Նրանք մեր շուրջը դեգերում են միշտ, կարեկցելով մեզ
Եվ ուզում են, որ լինենք բախտավոր.
Եվ կենդանությամբ հավիտենական՝ աղոթում են մեր փրկության համար,
Այս խոսքն ասելով՝ «Քո ձեռքի գործերը մի՛ անտեսիր դու»։
Արդարև մերն է այս աղաչանքը,
Բարերար Աստծուդ կողմից մեզ համար՝ նրանց սահմանված.
Զի նրանք ստեղծված են խոսքով,
Իսկ մենք ձեռքով ենք ստեղծագործված։
Նրանք հատուցման ահավոր դատաստանին գալու են որպես վկաներ՝
Միածնիդ հետ՝ ճշմարտաբան դատախազներ լինելու երկրայիններիս հանցանքներին,
Եվ ահավորի ատյանի առաջ՝ իրավախնդիր՝
Հաշվետու պիտի լինեն մեզ համար.
Թեև այնտեղ էլ մեզ կարեկցելով՝
Հնչեցնեն պիտի իրենց մշտանվեր երգն հառաչաձայն.—
«Ողորմիր, ո՜վ Տեր, դո՛ւ ստեղծեցիր, դու մի՛ կորցնի»։
Բ
Արդ, անմահների գոհաբանության խնդրանքների հետ
Մեր հեծություններն էլ հոտոտիր, Արարի՛չ ամենայնի,
Որ քո գթությամբ գերազանցում ես երկնայիններին ու երկրայիններիս,
Զի դու ես բարերարում թե՛ մեզ և թե՛ նրանց։
Եվ արդ, անախտներն այդ ահա՛,
Հրակերպներն հրաշատեսիլ, մաքուրներն անխառն,
Անմեղներն ու բոցեղենները, հոգեղեններն ու անհաղթները,
Շնորհիվ իրենց անարատ բարեզարդության,
Բարձր ազնվության ամենազարգացած առավելությամբ
Եվ գերափայլ ու ճոխ գիտությամբ,
Որպես ջերմեռանդ աստվածասիրության ինքնաբուն տապի
Անցուրտ ջերմությամբ ջեռուցանողներ,
Իրենց պես և մեր սառը սրտերի անբորբոք շիջումն են հրահրում հար,
Որպեսզի նրանք այրվեն անաղոտ՝
Մեծախորհուրդ սուրբ սեղանի վրա՝ այս խորանի մեջ,
Առանց նիրհելու և դանդաղելու, սպասելով միշտ
Ամենաստեղծիդ կեցուցիչ կամքի երանելի հրամաններին,
Աստծուն միացած անբաժանելի՝ քերովբեական առաքինությամբ։
Պետություններ են նրանք երկնավոր,
Եվ զինվորներ են ահավոր, անբիծ,
Երկնավոր Աստծուդ պաշտոնյաներն են ազատազնյա,
Լուսեղեն ամպիցդ շողերի ցոլքեր։
Գ
Ուստի հողեղեն մեղավորիս էլ մարդասիրաբար ողորմիր, Հիսո՛ւս,
Աղաչանքներովն իմ հրեշտակի, դարձնելով ինձ, Տե՛ր,
Դեպի քո բարի, լուսավոր ճամփան,
Որպեսզի հոգուս ավանդը, որի պաշտպանությունը նրա տեսչությանը վստահացար,
Որը նա քեզնից ընդունեց այստեղ, այս աշխարհում դեռ,
Ինձնով բերկրալից և ուրախ սրտով, քեզնից օրհնված,
Անմեղադրելի, խնդալից դեմքով ու կենսազվարթ՝
Քեզ՝ անհաս փառքով բարձր արքայիդ,
Հավերժ կենդանի հրեշտակներիդ ամենաուրախ խրախճանքներում
Ընծայաբերի, գովյա՜լ ողորմած։
Քեզ՝ անքննելուդ, Հոր և Հոգու հետ անհաս և անճառ
Վայելում են փառք, պատիվ, երկրպագություն հավիտյանս. ամեն։