Բան Ը
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ կորուսյալ,
Ուր պիտի թաքնվես, ինչպե՞ս ազատվես,
Կամ ինչպե՜ս ելնես մեղքերի բանտից,
Քանզի բազում են պարտքերդ և վճարելիքներդ անթվելի.
Կշտամբանքը սաստիկ է, և նախատինքն՝ անվախճան.
Հրեշտակներն անողորմ են, և դատավորն՝ անկաշառ.
Ատյանն հզոր է, և բեմն՝ անաչառ.
Քստմնելի են կշտամբանքներն ու հատուցումներն՝ անողոք.
Հրամանն ահարկու է, և հանդիմանությունները՝ մերկապարանոց.
Հրեղեն են գետերը, և վտակներն՝ անանցանելի.
Խավարն է թանձրամած, և մառախուղն՝ անթափանցելի.
Անճողոպրելի է գուբը, և տագնապը՝ մշտնջենավոր,
Տարտարոսն ամենակուլ է, և սառնամանիքն՝ անզերծանելի։
Եվ այս դառնությունները բոլոր քեզ համար են արդարև,
Իբրև տաժանելի և դժնդակ օթևաններ՝ անտանելի պատուհասների,
Ո՜վ դու անարժան ա՛նձն իմ մեղավոր, չարագործ, պոռնիկ,
Բազմաբիծ և ամբողջապես անմաքրության անդաստան։
Քո իսկ գործերի արդյունքն ես, ահա՛, ժառանգելու դու,
Վրիպյա՛լդ ուղղությունից և խոտորյա՛լդ մաքրությունից,
Հեռացել ես արդարությունից և պարկեշտության կարգուկանոնից.
Ունա՛յնդ դու՝ հոգեպարգև հարստությունների լիությունից,
Նախանձարկո՛ւդ ամենակալ և բարերար թագավորի։
Բ
Եվ այսպես ահա՛ կառուցեցիր դու քեզ համար
Արգելարան անել և որոգայթ անփախչելի,
Ինքդ իսկ խոստովանելով, թե անբժշկելի են վերքերդ
Եվ կրած հարվածներդ՝ անօրինակ,
Հաստատելով, թե մահապարտ անձիդ բեկությունն է անբուժելի,
Ո՜վ դու չարդ բարիների մեջ,
Ո՜վ դու դառնությունդ քաղցրությանց մեջ,
Ո՜վ խավարդ լուսազարմերի մեջ,
Ո՜վ կողոպտվածդ պճնվածների մեջ,
Ո՜վ պախարակվածդ գովվածների մեջ,
Ո՜վ ամբարիշտդ բարեպաշտների մեջ,
Ո՜վ շնչավորդ բանականների մեջ,
Ո՜վ անմիտդ մտացիների մեջ,
Ո՜վ անհանճարդ իմաստունների մեջ,
Ո՜վ անմաքուրդ ընտրյալների մեջ,
Ո՜վ մեռածդ ողջերի մեջ,
Ո՜վ զազիրդ սրբերի մեջ,
Ո՜վ արբշիռդ պարկեշտների մեջ,
Ո՜վ կեղծավորդ արդարների մեջ,
Ո՜վ անպիտանդ պիտանիների մեջ,
Ո՜վ անարգդ փառավորների մեջ,
Ո՜վ նվազդ առավելությունների մեջ,
Ո՜վ գերիդ գերագույնների մեջ,
Ո՜վ նվաստագույնդ վեհերի մեջ,
Ո՜վ աղքատդ ունևորների մեջ,
Ո՜վ անարժանդ փրկվածների մեջ,
Ո՜վ տնանկդ բարձրերի և հոգեպես հարուստների մեջ,
Եվ բաժանվածդ դու օրհնվածներից։