Բան ՀԹ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Հիշի՛ր, Տե՛ր, Տեր գթությունների, արդարասեր, Աստվա՛ծ ճշմարիտ.
Նայի՛ր վերստին քո ստեղծածին, որ սխալական է իր բնությամբ.
Զննիր ինձ դարձյալ՝ շրջանառությունն իմ արյան, ահա՛,
Որ տարածվում է ամեն ուղղությամբ։
Մոտեցիր դու ինձ բժշկի նման
Եվ տե՛ս, որ մարդ եմ խակամիտ, թերի իմ խորհուրդներով,
Ինչպես որ ինքդ վկայեցիր, չեղածներն անգամ տեսնող սրտագետ,
Դո՛ւ միայն անմաս՝ ստության մթին։
Ապա ուրեմն իրավացի է, որ դասվեմ կարգն այն մեղավորների,
Որոնք իբրև երկրածին մարմին մահկանացու՝
Վրիպել են մարդկորեն սխալվելով և դատապարտված են կրկնապես,
Քան թե ուզենամ՝ խոսքդ սուտ դուրս գա։
Քանզի արդարև դու ինքդ էլ գիտես,
Թե չար է ի բնե մեր ծնունդն արդեն և ընդաբույս է չարությունը մեր,
Եվ մեր խորհուրդներն անփոփոխ են միշտ,
Ըստ հոգեհանճար իմաստունի կանխազեկույց առակի։
Բ
Թեթևացրո՛ւ սաստկությունն այն տանջանքների,
Որոնք պատրաստված՝ սպասում են ինձ՝
Գեհենի որդուս հավիտենական մահվան համար զարդ դարձնելու ընդմիշտ.
Վերացրո՛ւ մեջտեղից մեղքերս ամոթալի,
Որոնք պահված են՝ հանդիմանության վերջին ատյանին հայտնի դառնալու թշվառականիս։
Ընծայի՛ր խրատդ խաղաղարար նախապարգև քո ողորմությամբ,
Որպեսզի ահեղ անտանելիներն իմ մտքի առաջ չպատկերանան,
Կենարար զղջման փոխարեն՝ անհույս ապշության առաջ կանգնեցնելով ինձ,—
Դատաստանն ահավոր և դատավորն անկաշառ ու անխաբելի,
Սոսկալի ամոթն ու կշտամբանքը սարսափելի,
Հանդիմանությունն անխուսափելի,
Տագնապն անճողոպրելի,
Պակուցումն անխրախուսելի,
Դողումն անվերջանալի,
Լացն անսփոփելի,
Ատամնակրճտումն անբժշկելի,
Ապականությունն անողջանալի,
Սարսափելի անեծքն աստվածային խոսքիդ,
Փակումն գթության և արգելումն ողորմության։
Կգալարվի երկինքն այն ժամանակ,
Եվ կդղրդվի երկիրն իր հատակով
Խռովահույզ ծովի բազմակուտակ կոհակների պես,
Որոնք փախչում են նախ խուճապահար,
Ապա դառնալով մեկ-մյուսի վրա՝
Խափանում են խոլ ընթացքն երկուստեք ու կանգ են առնում։
Եվ լայնատարած գետինը այնժամ տարուբերվելով ու տատանվելով՝
Թնդագին բախմամբ կցնցի ուժգին իրենց հիմունքից
Լեռները բոլոր ու փուլ բերելով՝ կհարթի նրանց։
Կհալվեն համակ ու կհրդեհվեն քարեղեն նյութերն ու տարրերն ամեն.
Կայլայլվի երկինքն անեղծանելի մի փոփոխությամբ,
Եվ արարածներն իրենց տարերքով կառնեն մի նոր ձև ու նոր կերպարանք։
Ծածուկ գործերը կհրապարակվեն, ու կհայտնվեն մեր կրքերն անտես.
Մեր վարքն ու կենցաղն ու ներքինը ողջ՝
Պարզ կնկարվեն մեր մարմնի վրա։
Երկնի թագավորն ատյան կնստի՝ հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ։
Գ
Ուստի և ահա՛, վա՜յ ինձ յոթն անգամ՝ կրկին եղկությամբ,
Չափով ու կշռով այս նույն համրանքի,
Որը թվերի անբավություն է պարփակում իր մեջ։
Ի՞նչ պիտի անի ողբալի հոգիս՝ այդ մեծ օրն ամենաահեղ.
Քանզի առաջուց հիշելն ավելի սաստիկ է, քան թե հանդիպելը նրան։
Ոմն մարգարե այդ տագնապալից փախուստի խուճապն անզերծանելի
Պատկերացնում է մեզ առակավոր այս օրինակով,
Թե՝ մի մարդ փախչում է առյուծի ձեռքից,
Եվ պատահում է նրան արջը.
Եվ երբ արջից էլ խույս տալով հասնում և մտնում է տուն,
Եվ ձեռքը հենում է պատին՝ օձն է խայթում նրան։
Եվ ապա, ավելի սաստկացնելով տեսիլն այդ քստմնելի,
Ավելացնում է դարձյալ ասելով.—
«Ո՞չ ապաքեն խավար է Տիրոջ օրը»,
«Օր խավարի և մութի, օր ամպի և մառախուղի»։
Դ
Երբ կենակից պահապան հրեշտակը՝ հզոր ոստիկանն իրավամբ կամբաստանի,
Եվ ահավոր հատուցողը կհանդիմանի արդարությամբ,
Թագավորի սպասավորները կաճապարեն առանց խնայելու՝
Ոմանց կյանքի հրավիրելով և ոմանց դատապարտելով ամոթի,
Ոմանց ծիծաղկոտ և ինձ ահարկու ու քստմնելի երես ցույց տալով,
Ոմանց լուսապաճույճ պսակներ մատուցելով
Եվ այլոց՝ վճիռ մահվամբ կորստյան.
Արդարներին ավետավոր լուր և ինձ գույժ տխուր՝ անվերջ վշտերի։
Մինչդեռ բարիների համար կմեռնի իսպառ մահվան հաղթանակը,
Ինձ՝ չարագործիս համար կմնա ընդմիշտ տևական.
Դուռ բախելն այլևս ի զուր կդառնա,
Ու կդադարի գութն իմ նկատմամբ։
Զարմանահրաշ գրքերն երբ բացվեն,
Ուր գրված են մեր մինչև հիմա ծածուկ մնացած բոլոր
Գործերը պես-պես այս կյանքում վարած մարդկային բնության,
Որի համար և գոյություն առան էակներն ամեն,
Այնժամ յուրաքանչյուր մարմնի վրա իսկույն երևան կգան լրիվ դրոշմված
Եվ երկրավորներիս հասկացողության հանդեպ կնքված ու փակված բոլոր
Անպատմելի խորությունները, և մեր աչքի առաջ կպատկերանան։
Այստեղ է ողբ ու արտասուքով գնվում երկինքը,
Իսկ այնտեղ նրանք իբրև անարգ ունայնություններ՝ կարհամարհվեն ու կմերժվեն.
Այստեղից նախօրոք չառաքված հեծեծագին հառաչանքները
Այնտեղ լսելի չեն լինի երբեք.
Խնայելով ցանված ողորմությունները պայծառ ճրագով ճամփա չեն բանա.
Այնտեղ տապանը նախահանցավորների և կտակարանը տիրանարգների
Եվ ահավոր նշանն հիմիկվաններիս՝
Հանդես գալով՝ մեծաձայն պիտի դատախազեն։
Այդ նույն սոսկալի վայրում՝
Մեկը հայրենի հաղորդության ուխտը,
Մեկն էլ անտեսների վկայության խորանը,
Մյուսը՝ մեծագործ արյունն Աստուծո
Իբրև իրավացի ամբաստանողներ՝ իմ առջև պիտի տարածեն։
Բազմապիսի տանջարաններ ես ինքս անձամբ այստեղի՛ց իսկ պատրաստեցի ինձ համար,
Այլևս ինչպե՞ս հուսակտուրս մխիթարվեմ։
Զի եթե նույնիսկ լուսեղեն զորքերն արդարների հետ,
Որոնք փառավորված են երանությամբ, սարսում են ու դողում
Եվ սիրտ չեն անում նայել ահավոր դատաստանին,—
Ես՝ եղկելիս, ավանդակորույս սատակման որդիս, որտե՞ղ կմնամ,
Ես, որ ոչ միայն չպիտի լինեմ պսակի արժան,
Այլև պատուհասն իմ անտանելի և կորուստս պիտի լինի անսպառ։
Ե
Բայց դու շտապիր, ամենապարգև, անճա՜ռ զորություն,
Փրկարար ձեռքդ երկարելու ինձ՝ կորստյան մատնված գերուս,
Որպեսզի քեզնով օգնություն գտած՝ կրկին ետ դառնամ դժոխքի դռնից
Եվ բոլորովին ամենապատրաստ՝ պատիժներից զերծ մնամ, անվտանգ։
Գալիքներն այստեղ մտքի աչքերով նախատեսելով,
Բավ համարելով լսել տագնապած՝ տանջանքների ձայնն ահեղահամբավ,
Քո բարի կամքով ազատվեմ իսպառ և չմատնվեմ առյուծների կորյուններին,
Որոնք խնդրում են քեզանից՝ տալու ինձ իրենց որպես կերակուր,
Խժռելու գազանային ատամներով,
Որպեսզի լցնելով որովայնը մահվան՝
Այստեղ պարարվածիս քաշեն ու հալեն այնտեղ,
Ուր պահվում են անսպառ մնացորդ մթերքները՝
Հավիտենապես լափվելու համար։
Քանզի դո՛ւ միայն կարող ես կորզել այդ սպառիչ ժանիքներից
Եվ տանել դեպ կյանք ու երանություն,
Ապավե՜ն բոլորի՝ լույսի թագավոր Տեր Հիսուս Քրիստոս,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։