Բան ՀԸ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, հողանյութ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
Եվ ծնրադրական երկրպագությամբ գլուխս խոնարհած՝
Ողորմած բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում
Եվ այս աղոթքն եմ ընծայում մեծիդ։
Աղաչում եմ քեզ, միա՜կ խնամակալ, մարդասեր, գթած,
Կեցուցիչ, հզոր, այցելու, պաշտպան,
Թող ի զուր չանցնեն ինձ համար մարդացած
Աստծուդ փրկարար չարչարանքները,
Ոչ էլ ընդունայն՝ մատնության գիշերը թափած քրտինքիդ կաթիլն արյունախառն.
Թող չստվերանա երախտիքը լույսիդ,
Որ ձրիաբար, առանց փրկանքի պարգևեցիր ինձ՝ թշվառացածիս.
Թող չջնջվի շնորհներիդ ավետիսը,
Որ քո կողքից բխած կայլակները նորոգեցին.
Թող անօգուտ չլինեն չարչարանքներիդ պտուղները,
Որ մատուցեցիր ինձ՝ կարոտյալիս.
Թող չպարծենա արտաքսված բանսարկուն,
Ինձ՝ ստեղծածիդ սեփականելով։
Բ
Հաղթիր քո կամքով չարի իղձերին,
Թող դարձյալ ապշի մի անգամ արդեն զարհուրածը,
Թող կրկին դատապարտվի իսպառ դատապարտվածը,
Մի՛ խնայիր խոսքդ ազատարար,
Որ ինձ՝ ստեղծածիդ ընծայելով քեզ, նորից քեզ դարձնի։
Ցույց տվիր անճառ բարերարությունդ՝ հուսահատության չսպասված ժամին,
Երբ բոլորովին կտրված արդեն և օտարացած էր շարժումը կենդանության։
Մեռար անմահդ և նորոգեցիր մահացածներին.
Համաձևության օրենքի կարգը եթե փոխեցիր,
Ուրեմն դյուրինն ու հեշտագույնը, առավել ևս հնարավորը մի՛ արգելիր դու,
Ո՜վ սկզբնաձիրդ ողորմածության,
Բարեմիտ, օրհնյալ և երկայնամիտ թագավոր։
Ներգործի՛ր խոսքով քո ամենազոր,
Որով առաջին օրը դու լույսն ստեղծեցիր,
Եվ ես անմիջապես դեպի լա՜վը պիտի փոխվեմ.
Եվ եթե ինքս ջանադիր չեղա հետևել լույսիդ՝
Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լույսից ծագած ճառագայթ։
Թող կանչվեմ քեզ մոտ վնասապարտ ծառաս՝
Քեզանից շնորհ և ողորմություն գտնելու համար.
Պարտքերս հատուցելու համար ժամանակի երկարաձգման կարիք չկա,
Շնորհ արա ինձ՝ տառապյալիս տեսնելու երեսդ —
Լույսդ՝ խավարում վհատ սրտերի։
Արգելի՛ր, փակիր այն ճանապարհը, որտեղից զեղուն բարիքները քո
Խույս են տալիս միշտ իմ հիշողության տեսողությունից.
Քո միշտ մնայուն գանձերի շնորհն ամենապայծառ պահիր ինձ համար,
Որ ես դառնալով ընտիր, պատվական՝ քո՛նը անվանվեմ՝
Պաշտպանված քեզնով, անսահմա՜ն բարի։
Գ
Փութա՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ քեզ,
Ողորմի՛ր, հզոր, կրկի՛ն ողորմիր։
Մի՛ փոխարկիր դու չարիքներս երկունքի ցավերի, ո՜վ համակ բարի,
Մի՛ վերցնիր վտանգվածիս քո կողմից պարգևված շնորհը.
Մի՛ խլիր փչումն ամենաօրհնյալ Հոգուդ.
Մի՛ լուծիր խնկելի կնիքն արքունական քո պատկերի,
Սրբված սրտիս մեջ թող չհայտնվեն մեղքերի փշեր։
Մի՛ խզիր քեզ հետ սիրույս ամրապինդ կապը միության.
Մի՛ զլանար ինձ լեզվի ճարտարություն՝ վայելուչ ու ճոխ ճառելու համար.
Մի՛ պակասեցնի արժանիքն աջիս, որպեսզի լույսիդ մասունքը բաշխեմ։
Մի՛ գրիր ծանր մահացու մեղքերս կյանքի դպրության քո մատյանի մեջ.
Մի՛ պահիր, մի՛ համարիր իմը,
Մի՛ հիշեցնի, մի՛ ամաչեցնի,
Մի՛ նախատիր, մի՛ ոտնահարիր,
Մի՛ արձանագրիր մեղկություններս,
Մի՛ կորստաբեր գործերս ամբարիր,
Մի՛ որպես մեղադրյալ ամբաստանիր ինձ,
Մի՛ աճեցնի ինձ հետ ծառն անեծքների,
Մի՛ արձակիր իմ մեջ վնասակար սաղարթ.
Մի՛ ընձյուղիր մեղքերի ծաղիկ և մի՛ թողնի, որ պտուղ բերի նա.
Մի՛ դնիր իմ առաջ պարտքերիս թուղթը։
Մի՛ թվիր երկրաստեղծ մատներիդ ճյուղերի վրա՝ գործած մեղքերս.
Մի՛ ահեղորեն ընդդիմախոսիր՝ անօրենությունս հիշատակելով.
Մի՛ հանձնիր կամքիս՝ հոգուս ավանդը գերեվարելու.
Մի՛ փառավորիր ինձ այստեղ, որպեսզի այնտեղ չդատապարտես.
Անցավոր կյանքի այս նվազագույն, սին հաճույքներով՝
Մի՛ տուժել տա ինձ՝ հավիտենական բարիքներն անբավ.
Մի՛ չափիր փառքը անվերջանալի՝ այս ժամանակի կարճատևությամբ.
Մի՛ գրավ դնի կյանքն անարատ՝ իմ վշտահառաչ հովտի փոխարեն.
Մի՛ փոխանակի քո անճառելի լույսը՝ մթամած այս ստվերի հետ.
Մի՛ թողնի մտքիս երասանը դու, որպեսզի չերթա՜մ զարտուղի ճամփով.
Մի՛ համարիր բավ հանգստիս համար՝ կամուրջն աշխարհի.
Մի՛ պահիր հովիտն իմ խոհեմության ստվերի ներքո, որ հանդերձյալում չհրապարակվեմ։
Եթե ամբարես չար գործերս անթիվ, կմեռնեմ ողջ-ողջ.
Եթե սրտիս մեջ շտեմարանես՝ այժմվանից անբոց պիտի այրվեմ.
Եթե անօրեն արարքներս դու քննության առնես՝
Առանց քո առջև ելնելու՝ պիտի հալվեմ ես իսպառ,
Եթե մեղքերս թողնես, որ ինձ հետ տնկակից աճեն՝ նրանցով պիտի մաշվեմ, սպառվեմ։
Դ
Ի՜նձ նայիր, միշտ զորե՛ղ, ամենակարող,
Որ չարություններս փախուստ տան ինձնից, և գա քո բարին փոխարինելու։
Հրամայիր, գթա՛ծ, խնամակալ, գովյալ, լո՜ւյս անշիջելի,
Որ զորությամբդ անհուն նորոգվի հաստատապես
Բնական կառուցվածքն անդամների՝ մարմնեղեն իմ տան,
Որպեսզի այնտեղ անհեռանալի բնակվես բազմած
Եվ հանգստանաս հաճո տենչանքով՝ քեզ հետ իմ հոգու ամուր միությամբ։
Ապականությունն իմ մեղքերի իսպառ հեռացնելով,
Անարատությա՜մբ վերակազմես ինձ,
Ամենակեցույց թագավոր անմահ, Տե՜ր Հիսուս Քրիստոս,
Օրհնյալ հավիտյանս. ամեն։