Բան ՀԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Աստվա՜ծ ողորմած, բազմագութ, հզոր,

Ահավոր, մարդասեր, օրհնյալ, կենդանի, անճառ,

Չկա ոչ մի բան քեզ համար բնավ անձեռնարկելի,

Նույնիսկ եթե դա մեր մտքի համար լինի անհնար։

Դժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ,

Սկզբնահա՜յրդ այս նոր ու զարմանալի կենաց կանոնի.

Քանզի բարիք անել ատելիին և աղոթել հալածչի համար,

Փրկություն հայցել խոցողին և սպանողին ներումն խնդրել՝

Դո՛ւ էիր, որ ընծայեցիր մեզ պտուղն այս հրաշալի,

Որի քաղցրությունն է անճառելի և անօրինակ,

Քո բարեբանված կամքին հաճելի

Եվ ճաշակելի գովյալ շուրթերիդ։

Հոգի՛դ մեր երեսի և զորությունդ մեր գեղեցկության,

Դու Տե՜ր Քրիստոս, օրհնյալ ի բարձունս։

Բայց ամենավրեպ երկրածին մարդիկ

Քո բարեմատույց ձեռքերին անգամ չարությամբ հատուցեցին։

Իսկ դու լինելով լույս ու լուսատու,

Չես լսում անեծք ու չես ախորժում չարի.

Չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ,

Չես հուզվում խռովությունից,

Չես ենթարկվում ցասման,

Չես հարկադրվում բարկությունից,

Չես մթագնում սիրուց,

Չես այլայլվում գթությունից,

Չես փոփոխվում բարությունից,

Ո՛չ թիկունքդ ես շուռ տալիս և ո՛չ էլ երես ես դարձնում,

Այլ լո՜ւյս ես համակ և փրկություն ամբողջովին։

Բ

Եթե ուզենաս քավել՝ կարող ես.

Եթե բժշկել՝ զորավոր ես.

Եթե կենդանացնել՝ ձեռնհաս ես.

Եթե շնորհել՝ առատաձեռն ես.

Եթե առողջացնել՝ հնարավոր ես.

Եթե պարգևել՝ ամենալեցուն ես.

Եթե արդարացնել՝ ամենարվեստ ես.

Եթե մխիթարել՝ ամենիշխան ես.

Եթե նորոգել՝ ամենակալ ես.

Եթե հրաշագործել՝ գերահզոր ես.

Եթե վերստեղծել՝ Արարիչ ես.

Եթե կրկին գոյացնել՝ Աստված ես.

Եթե հոգալ կամենաս մեզ՝ ամենատեր ես.

Եթե մեղքերից կորզել՝ գթասիրտ ես.

Եթե անարժանիս ընձեռել՝ օրհնյալ ես.

Եթե որսացողից ազատել՝ փրկիչ ես.

Եթե շնորհներդ մեր մեջ զեղել՝ հարուստ ես.

Եթե նախքան մեր խնդրելը ձեռք կարկառել՝ անկարոտ ես.

Եթե նեղվածիս լայն տեղ դուրս բերել՝ անդորրիչ ես.

Եթե հետ մնացածիս կոչել՝ խնամակալ ես.

Եթե սասանյալիս հաստատել՝ վեմ ես.

Եթե ծարավյալիս հագեցնել՝ աղբյուր ես.

Եթե ծածուկներն երևան հանել՝ լույս ես.

Եթե օգտակարին ինձ ծանոթացնել՝ բարի ես.

Եթե արատներն անտեսել՝ երկայնամիտ ես.

Եթե փոքրիս հետ դատի չմտնել՝ բարձրյալ ես.

Եթե ծառայիս ձեռք տալ՝ ստեղծող ես.

Եթե աջովդ պաշտպանել՝ հոգածու ես.

Եթե վհատածիս դարման մատուցել՝ կերակրող ես.

Եթե անգետիս մտքին հագուրդ տալ՝ վարդապետ ես.

Եթե քեզ դիմողիս ընդունել՝ ապավեն ես։

Գ

Արդ, այս բոլորը քո ձեռքումն են լոկ, Տե՜ր ողորմության,

Ոչ միայն գրված, այլև կատարված ու գլխավորված,

Ո՜վ առաջամարտիկդ համբերության նահատակների մեջ,

Որ իմ փրկության համար՝ հզորաբար հանդես եկար ճակատամարտի ասպարեզում,

Որպեսզի գոռոզ մարմնիս բռնության կարծրությունը դու

Վշտի և տառապանքի վարժություններով կակղացնես։

Մեր բնության հատուկ տույժի տագնապը տաժանագին

Քո անմեղորեն չարչարված մարմնով չափեցիր դու,

Որպեսզի այն քո մեջ որպես օրինակ ունենալով՝

Գթությունդ մեր նկատմամբ առավելապես ցուցաբերես,

Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։