Բան ՀԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Թագավոր, բարձրյալ, հզոր, ահավոր,

Օրհնյա՜լդ միայն, Տեր Հիսուս Քրիստոս,

Լոկ դո՛ւ կարող ես հուսահատ կյանքի անհուսության մեջ

Սատակիչ անեծքներն ապրեցնող օրհնությա՜ն փոխել,

Եվ վհատեցուցիչ պարսավանքները զվարթարար գովքի.

Ամոթի փոխարեն համարձակություն շնորհել,

Պատկառանքի փոխարեն՝ պատիվ,

Տարագրության փոխարեն՝ բարության հույս.

Բաժանման փոխարեն՝ միության ակնկալություն,

Սպառնական խոսքի փոխարեն՝ ողոքական սփոփանք

Եվ մեկ անգամ դատապարտության փոխարեն՝ կրկնակի ազատություն։

Բ

Ողորմիր, Տե՛ր, մահվան արժանի մեղապարտիս,

Ողորմի՛ր այնօր, երբ կենդանության շունչս կարձակեմ.

Երբ նայվածքս խեղճ դեպի վեր կուղղեմ ես կողկողագին,

Հույժ տագնապահար հոգուս տեսությամբ աչքի առջև բերելով

Այն վտանգավոր ճամփան, որտեղով անխուսափելի կերպով անպայման պիտի ընթանամ.

Եվ բնակելի իմ տան երդիկից ելքիս շավիղը դիտելով թշվառ կիսամեռությամբ,

Այլայլված դեմքով, մատների տարտամ տատանումներով,

Կարկամ հառաչմամբ, նվազ հեծությամբ, ձայնով նվաղած,

Եվ բազմապիսի տարակույսներով լի տխուր հոգով՝

Սրտիս խորքերից իմ գործած բազում մեղքերի համար ողբով հառաչեմ։

Բայց դու, բարեգո՛ւթ, կարող ես նույնպես և ա՛յդ ժամանակ

Զորավորապես հրաշագործել, ասելով ինձ.—

«Թող փրկվի հոգին քո խորտակումից և առողջանա»,

Եվ կամ՝ «Թող ներվեն քո մեղքերը քեզ»,

«Գնա՛ խաղաղությամբ՝ մեղքերից մաքրված»։

Այն պաղատանքները, որ չպիտի կարողանամ հասցնել քեզ այդ ժամին,

Ընդունիր այսօ՛ր մարդասիրաբար,

Ո՜վ երկայնամիտ և բազմաշնորհ ամենակեցույց։

Գ

Եվ մինչդեռ այժմ պերճախոս եմ ես, խրոխտաձայն, սիգացող և բարձրապարանոց՝

Այնժամ դիակի պես պիտի պառկեմ ես անկենդան, անխոս,

Կաշկանդված ձեռքով, թույլ անդամներով,

Խուփ շրթունքներով, փակված աչքերով,

Իբրև տախտակ անշարժ, կոճղ կիսավառ,

Արձան անզգա, պատկեր անբարբառ, անշունչ գոյություն,

Ողորմելի տեսիլ, ողբալի կերպարանք, տխրալի տիպ,

Եղկելի դեմք, արտասվելի նմանություն, համրացած լեզու,

Չորացած խոտ, թոթափված ծաղիկ, ծյուրած գեղեցկություն,

Շիջած լապտեր, դատարկ կոկորդ, խոպանացած սիրտ,

Թալկացած մարմին, քայքայված որովայն,

Քանդված տաղավար, կոտրված ոստեր, անջատված հոդեր,

Կտրված ծառ, սղոցված արմատ,

Լքված տուն, հնձված արտ, արմատախիլ բույս,

Օտարացած բարեկամ, մոռացված պահեստ, թաղված գարշություն,

Մերժված ատելի, վերացված խոչընդոտ, անարգված կմախք,

Եվ իբր անպիտան ոտնակոխ եղած՝ կարոտ ուրիշների աղոթքներին,

Որոնք թշվառիս հավատքի ձայնով հառաչալից աղերս նվագեն պիտի

Արցունքի ցողով տարածելով այն քո բարձունքն ի վեր՝

Բարերարիդ գթությա՜նը։

Նրանք լալագին զղջումով պիտի երգեն դարձը դեպի քեզ, որ օրհնում եմ ես,

Նշանը փրկարար խաչիդ, որին երկրպագում եմ,

Ճշմարտությունը հարության, որին հավատում եմ,

Փառքիդ հայտնությունը, որը փառավորում եմ,

Դատաստանիդ ահավորությունը, որ խոստովանում եմ,

Խոսքերիդ հանդիմանությունը, որից զարհուրում եմ,

Սուրբ Հոգուդ ուղեկցությունն ինձ, որ պաշտում եմ,

Տյառնագրությունը քո օծման, որ և համբուրում եմ,

Քեզ հետ թագավորելը, Տե՜ր Հիսուս, որի համար պաղատում եմ։

Եվ այսպես ահա՛, թեև թուլացավ, հեռացավ, վերացավ,

Մասնատվեց, փախավ, սլացավ

Եվ տեղի տվեց կենդանությունն իմ կենցաղի,

Բայց քո պարգևած հույսը հաստատուն՝ պահված է իմ մեջ,

Որպես մնայուն և անջնջելի հիշատակարան։

Դ

Տե՛ս ողորմությամբ տարակուսանքները վտանգյալիս,

Միա՜յն բարեգութ ու փառաբանված Որդիդ Աստուծո,

Որպեսզի քավես, բժշկես դու ինձ և կենագործես,

Պաշտպանես, նորոգես, նկարես, կանգնես, հաստատես

Եվ վերստին ստեղծագործես երջանիկ անարատությամբ։

Քոնն են կարողությունը, փրկությունն ու ողորմությունը.

Չունես դու անկարողություն, այլ՝ լիուլի զորություն.

Բարձրություն, իշխանություն, անվախճան թագավորություն,

Իսկություն, ինքնություն, ամենուրեք բացարձակություն,

Բարերարություն, լուսավորություն։

Փառավորյալ ես դու տիրապես, անպակաս և անհավելված,

Խնկված՝ խորհուրդով անբացատրելի Սուրբ Երրորդությամբդ,

Նաև առհավետ գովաբանված՝

Հավասարազոր և համապատիվ համագոյության երկրպագությամբ,

Երեկ և այսօր և հավիտյանս հավիտենից. ամեն։