Բան ՀԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակյացների խմբեր

Եվ աշակերտներ մենաստանների,

Դուք, որ անբավ բարի պարգևների հուսալից ակնկալությամբ

Ձեր ձեռքերի մերկ մատներով զինվորագրված եք Տիրոջը՝

Ձե՛զ ընծայեցի խոսքի խորտիկներով պատրաստված սեղանն այս ահա՛,

Ընդունեցե՛ք ավանդն այս խոստովանության՝ ի նորոգություն և ի փրկություն հոգիների։

Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտությունը,

Հիշեցե՛ք առաքելականի հետ միասին՝ մարգարեական խոսքերը մեզ ի խրատ,

Թե՝ «Ոչ մի մարմին թող չպարծենա Աստուծո առջև»,

Ինչպես և՝ «Չկա ոչ իսկ մի արդար»։

Մի՛ մոռացեք նաև այս խոսքը տերունական,

Թե՝ «Պատվիրանը կատարելիս էլ համարեցեք ձեզ անպիտան ծառա»,

Եվ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենա որսալ։

Հիշեցեք դուք այն գրվածքը նաև,

Թե՝ «Ընտիրներն են նրա կերակուրները»։

Զի մինչև իսկ ես, որ այս մասնավոր, նվազ պտուղը ձեզ մատուցեցի,

Վկայում եմ, թե ես ինքս էլ ունեմ բյուր բամբասանքի,

Ինքնադատության արժանի մեղքեր անբժշկելի,

Սկզբնահորից սկսած մինչև սերունդները հուսկ.

Հոժարակամ մի հանձնառությամբ՝

Բոլորիդ գործած հանցանքները վրաս առնելով։

Բ

Լսեցի անպարտ մեկի բերանից ու չհավանեցի

Խոսքն այս անհարմար՝ ուղղված Նրան,

Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ,—

Թե՝ «Չշնացա երբեք ու չպոռնկացա,

Ոչ էլ աշխարհիկ մահաբույր քաղցրություններ ճաշակեցի»։

Սա էլ է կոչվում անօրենություն,—

Թող ների Աստված այդ խոսքը նրան,—

Զի եթե նույնիսկ ճիշտ լինի ասված՝ սայթաքում է դարձյալ։

Այդպես նաև Զաքարիայի՝ ի դեմս Իսրայելի ժողովրդի ասված

Խոսքն այս անվայել, որ փարիսեցու խոսքին է նման,

Թե՝ «Օրհնյալ լինի Տերը, զի հարստացանք»։

Գ

Բայց քանի որ ես ամենագետ Աստուծո դատաստանին եմ հանձնել ինձ,

Որը սրտի աներևույթ մեղքերը կշռելով՝

Ուզում է դատել ինձ նրանց համար ամենաիրավ հատուցմամբ,—

Չպիտի ձևանամ տեսանողի առաջ,

Չպիտի կեղծեմ քննողի մոտ,

Չպիտի ստեմ ամենայն ինչ նկատողին,

Չպիտի մտնեմ խաբեբայությամբ Մեծի աչքը ես,

Չպիտի ցոփություններս քողարկեմ առերևույթ բարությամբ,

Չպիտի երբեք ապիկարիս հարգեմ որպես ընտանի պատկեր,

Չպիտի խենեշանամ օտարոտի զարդարանքով,

Չպիտի պճնվեմ ուրիշների պայծառությամբ,

Ոչ էլ տգեղությունս պիտի պարտակեմ պաճուճանքներով։

Չկա ոչ ոք մեղավոր ինձ պես, ոչ ոք՝ անօրեն,

Ոչ ոք ամբարիշտ, ոչ ոք անիրավ, ոչ ոք չարագործ,

Ոչ ոք խոտորված, ոչ ոք սխալված, ոչ ոք մոլեգնած,

Ոչ ոք խարդախած, ոչ ոք շաղախված, ոչ ոք ամոթահար,

Ոչ ոք դատապարտված,—

Ես ինքս եմ միայն և ուրիշ ոչ ոք.

Ես եմ այդ բոլորը, և բոլորի հանցանքներն իմ մեջ են։

Ո՛չ հեթանոսները, զի չգիտեին,

Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,

Ո՛չ տգետներն ու գռեհիկները, քանզի զուրկ էին իմաստությունից։

Դ

Վարժապետ կոչվեցի ես, որ ամբաստանություն է իմ դեմ.

Ռաբբի, ռաբբի անվանվեցի ես, և Աստուծո վայել գովեստը եղծեցի.

Բարի ասվեցի՝ եղկություն ժառանգելուս համար.

Սուրբ վկայվեցի մարդկանցից, որ անմաքուր եմ Աստուծո առջև.

Արդար ճանաչվեցի՝ ամբարիշտս ամեն ինչով.

Հրճվեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի ատյանում ծաղրելի լինեմ.

Ավազանից Արթուն կոչվեցի, և ննջեցի մահվան քնով,

Հսկող հորջորջվեցի փրկության օրը, բայց զգաստության դեմ աչք փակեցի։

Ահա՛ դատաստան, ահա՛ հանդիմանություն,

Ահա՛ նոր կշտամբանք և հին դատապարտություն,

Ահա՛ ամոթանք դեմքի և տագնապ հոգու,

Ահա՛ քննություն մանր մեղքերի, որոնք մեծամեծների կշիռ ունեն։

Բայց դու, միայն Տեր Աստված մարդասեր, անոխակալ և երկայնամիտ,

Ինքնադատական կսկծեցուցիչ նախատինքներն այս, վերջին օրն ահեղ՝

Մեղապարտիս դատապարտության փոխարենը համարիր,

Քանի որ դրանք ինքս իմ բերանով ինձ վերագրեցի,

Թող որ չլսեմ այդ բոլորն այլևս քեզանից, գթա՜ծ,

Արդ, վերցրու իմ վրայից դատապարտությանս պահակին,

Զի ես քեզ հետ եմ կապված հոգուս տենչանքներով։

Հանի՛ր խայտառակությանս նախատինքներն ամոթալի.

Քո կարող աջով ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղությունը.

Հանգիստ պարգևիր մեղքերի բեռով սաստիկ հոգնածիս,

Բարի մի ճամփա սահմանիր դու ինձ՝ դեպի քեզ գալու.

Հիշիր անմոռաց՝ ինձ ողորմելու, տալով հետմահու կյանք կատարյալ։

Օրհնյալ ես դու երկնքում և գովյալ՝ երկրի վրա.

Եվ բարեբանված միշտ ամեն ինչում, հավիտյանս. ամեն։