Բան ԿԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանի որ ես, իմ գոյացության ամենահնար արվեստավորիդ՝

Տիրոջդ ու Աստծուդ ձեռքով, քո սիրո մեջ, ինչպես զտող քուրայում,

Եռում եմ շարունակ ու չեմ պարզվում երբեք,

Խառնվում եմ միշտ ձուլվելու համար ու չեմ միանում,—

Ուստի երկնավո՛ր դու արծաթագործ, ճարտարապե՛տ իմ,

Իզո՜ւր ես հոգնում և ընդունայն ես ջանում ինձ համար,

Ըստ մարգարեի հայտնի առակի՝ չարությունս չհալվեց,

Եվ ահա, ես ինքս կամովին չարաչար մոլեգնելով,

Մի ողորմելի և դիվահար խելագարի պես

Խոսում եմ հանդգնաբար անկարգ՝ ավելի մեղքերս աճեցնելու,

Քան թե հաշտության մի ճար գտնելու։

Եվ որպեսզի հանդերձյալում պատրաստվող տանջանքները

Չերևան ինձ անընտել դեպքեր, անսովոր պատահարներ և անօրինակ հանդիպումներ,—

Ընդմիշտ անմոռաց պահեց իմ մարմնում, այստեղից իսկ,

Նախկին անեծքներից մնացած հազիվ նկատելի հետքերը,

Որպեսզի փոքր ու չնչին տարրերից մեծին սովորենք։

Բ

Որովայնի մեջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում

Շարժուն ու պես-պես ճապուկ ճճիներ,

Աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ,

Բշտիկներ բազում բոցի պես կիզող

Եվ անկերպարան, անձև անիծներ,

Եվ այլ քրտնածին ու զազրաթորմի՝

Կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, և՛ լու, և՛ ոջիլ,

Ու վայրենական այլ ասպատակներ,

Որոնք գիշերամարտ դևերի և խավարասեր, զինված բարբարոս գնդերի նման

Եվ արաբական քանասար գայլերի գազանությամբ,

Կորակոր ընթացքով, արջնաթույր գույնով,

Կրկնոլոր ու կեռ կտուցով՝ կարիճի խայթոցի նման,

Խոցելով, ինչպես դժնիկ փշով, ծծում են, քաշում արյունը մեր թաց

Եվ հանգստարան անկողնում չարչարում են մեզ։

Եվ երբ մեկը իր ձեռքը երկարի նրանց՝ արժանի պատիժը տալու,

Զգում են իսկույն մարդուն պատճառած վնասը իրենց

Եվ իսկույն ևեթ, լերկամարմին ու փոքրիկ հասակով

Թռչում են, կարծես թե թևեր առած,

Եվ մարախի պես ոստոստելով՝ այս ու այն կողմ ընկնում,

Աղվեսների նենգ ու խաբեպատիր բարքի համաձայն՝

Փախուստ են տալիս ամեն ուղղությամբ խորամանկելով,

Մտնում ծակուծուկ՝ մահվան երկյուղից փրկվելու համար։

Եվ իրենց չնչին չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանճների,

Այլև ահագին և հզոր թագավորների կփախցնեն նրանք,

Կհանեն վերը՝ դստիկոնը բարձր ապարանքների

Եվ կամ բացօթյա կբնակեցնեն։

Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրա

Եվ ժողովուրդների տիրեցին ու ազգերի քաղաքներ առան,

Խոստովանում են պարտությունն իրենց զորեղ ձեռքերի,

Թե՝ «Որովհետև չկարողացանք մեզանից հզորների բռնությանը դիմադրել,

Այդ պատճառով էլ խույս տվինք ահա և հասանք այստեղ»։

Գ

Բայց ինչո՞ւ եմ ես խոսում այդ չնչին, աննշա՜ն այնպես ու ծիծաղելի գոյությանց մասին,

Նրա համար, որ նրանք զորավոր և անհերքելի ջատագովներ են աստվածության

Եվ հանդերձյալներն են հիշեցնում ինձ,

Որոնք անօրեն իմ մարմնի մեջ ծնվում են իբրև դառն պտուղներ։

Դրանց նման են և դրսից եկող ախտերն սպանիչ

Եվ ուտիչների կույտերն անողոք, որոնցից անհնար է ազատվել,

Որոնց՝ մեր մարմնին պատճառած ահարկու ցավերով

Կարողանում ենք գալիք տանջանքներն իմաստասիրել։

Եվ կարելի չէ գտնել որևէ ապաստանարան,

Որ կարողանանք խույս տալ նրանցից և ազատ մնալ.

Զի առանց կամքիդ և ակնարկությանդ

Ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք։

Իսկ դու, բարերա՛ր, կյանքի ամեն դեղ ու դարմանն ունես բավականապես,

Եթե կամենաս փրկել, նորոգել, քավել, բժշկել և կենագործել։

Եվ քեզ փա՜ռք համենայնի հավիտյանս հավիտենից. ամեն։