Բան ԿԸ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, հիշելով ահարկությունը վերոգրյալների,
Որոնք Աստուծո կողմից ինձ հասած սպառնալիքներ են ահագնապես,
Ինչպե՞ս դադարեմ նոր ողբերգության տողեր հյուսելուց,
Եվ կամ ինչպե՞ս ցամաքեն հեղեղներն արցունքիս։
Զի եթե քառավտակ գետերի ճյուղավորումները բոլոր,
Որոնք հորդահոս ծավալվելով ոռոգում են ողջ Եդեմն ու երկիրը՝
Լիառատ, լրիվ բավականությամբ ջուր տալով նրանց.
Իրենց ուղխերով ու ակունքներով աչքերս լցվեն,
Չեն կարող երբեք զովացնել սաստիկ բոցն իմ մեղքերի։
Կամ եթե նույնիսկ, ըստ մարգարեի ըղձականության,
Գլուխս լցվի ջրերի առատությամբ,
Եվ տեսողությանս ճրագարանները աղբյուրներ կայլակեն՝
Չեն կարող չափել վշտերն անպատում կոտրված հոգուս.
Եվ ոչ էլ սրտով կարեվեր խոցված, եղերապատում բանահյուսությամբ
Լալկան կիների ջայլերը բոլոր՝ կարող են ցավերս
Ու աղետներս երգի վերածել և կամ նվագել ձայնով ողբական։
Բ
Ի՛մ աշխարհ գալու օրն է նզովված և ոչ թե Հոբի կամ Երեմիայի.
Զի տոնելի է նրանց ծննդյան օրը բարեբախտ և ո՛չ մերժելի,
Եվ աշխարհն ամբողջ չարժե նրանցից թեկուզ և մեկին։
Ապա ուրեմն ինձ է վերաբերում նրանց անիծած օրը,
Երբ ես՝ անարժանս լույսի և ամեն տեսակ բարիքի, աշխարհ եմ եկել,
Դառնալով այստեղ կորստյան որդի և մահվան դրկից,
Մշակ մեղքերի և արբանյակ անօրենությանց։
Եղո՜ւկ ինձ, զի ես չմնացի հաստատ կյանքի այն ուխտին,
Որ, ո՜վ բարերար, դո՛ւ սահմանեցիր։
Չհետևեցի քո կենդանարար և անմահացնող պատվիրաններին,
Չաշխատեցի ես արմտիք հնձել,
Որ խռովալից ձմռան օրերին ուտեստ ունենամ.
Ո՛չ ամուր պատեր կառուցեցի ես և ոչ էլ ձեղուն կապեցի հարկիս,
Որպեսզի մրրկաշունչ քամիներից պաշտպանվեմ.
Երկար ճանապարհի համար նշխար մի պաշար ես չամբարեցի,
Որ դարմանեի տագնապը սովի.
Աղերսագին աղոթքներ չպատրաստեցի քեզ համար,
Որոնցով քո առաջ ելնել համարձակվեի.
Չհավաքեցի փրկության պաշար մաքրակյաց վարքով,
Որ նորոգությունս երաշխավորեր։
Գ
Աշխարհում հաշիվս ճիշտ չբռնեցի իմ մատնիչի հետ,
Որ դատավորի ձեռքից այժմվանից իսկ պրծնեի.
Օրհնալիր ձեռքով չներկայացա,
Որով սրբվելով մասնակից լինեի օրենսդրին.
Ո՛չ դեմքս պահպանեցի, ո՛չ էլ թիկունքս պատսպարեցի,
Ո՛չ աջ ձեռքս զենք առա և ո՛չ էլ ձախս՝ վահան,
Որ պատերազմում մնայի անվտանգ.
Զրահ չհագցրի երիվարիս, ոչ էլ մարտիկներիս սպառազինեցի,
Որ կարենայի ճակատ հարդարել.
Վաղահաս պտուղը չքաղեցի, և ուշհասուկին չժամանեցի.
Եվ ահավասիկ շվարել եմ ես բարիքներից զուրկ։
Չունեմ մաքրության ծաղիկ և ոչ էլ յուղ ողորմության,
Եվ գիշեր է մութ, մռայլ ու անշող.
Մահվան նիրհով եմ քնել ես,
Եվ կոչողի փողի տագնապն շտապեցնում է ինձ.
Հանդերձից հարսանյաց մերկացա կրկին և ձեթը վարքի լքեցի դարձյալ,
Եվ հարսանիքի դուռն ահավասիկ փակվում է։
Դ
Եվ արդ, այսքա՜ն վշտերի մեջ ես ինչպե՞ս մխիթարվեմ,
Կամ խավարամած տարակույսներիս կենսավետ հույսին որքա՞ն լույս խառնեմ.
Եվ կամ ո՞ւր արդյոք ոտքս հաստատեմ,
Ո՞ր վստահությանն աչքերս հառեմ,
Եվ կամ ո՞ւր տեսնեմ անդորրությունը իմ ծփանքների,
Կամ ո՞ր ըղձալի հանգստությանը ձեռք կարկառեմ։
Եթե երկնքի բարձր ձեղունին պարզեմ ձեռքս ես,
Այնտեղից տեղաց հուրը Սոդոմի, ինչպես ասված է,
Իսկ եթե երկրի խորունկ հատակին՝
Նա՛ բացեց երախն իր հափշտակիչ ու կուլ տվեց Դաթանին ու Աբիրոնին իրենց ընտանիքներով։
Եթե հանդգնեմ փախչել բռնողից՝
Գուցե բռնի ինձ վիշապն ահագին։
Գազանների հետ եթե թափառեմ՝
Նրանք առավե՛լ շտապեն պիտի Արարչի վրեժն ինձնից առնելու,
Քան մի ժամանակ Եղիսեի վրեժը
Բեթելացի քրմորդիների մատաղ մանուկներից։
Եթե աչքս ամենատարած օդի պարզությանն հառեմ՝
Եգիպտացոց համար շոշափելի խավար դարձավ այն.
Թե թռչուններին՝ բարձունքում ճախրող՝
Մորթված զոհերի արյունաբոսոր դիերն ուտելու են կոչված նրանք։
Ե
Տկարների դեմ եթե խիզախեմ՝
Կսպառվեմ պիծակներից, և ինձ ի՞նչ պետք են առյուծներ այլևս։
Պատառոտող արջերից եթե ճողոպրեմ՝
Արյունածարավ մժեղները ինձ պատահեն պիտի։
Եթե ինչ-որ տեղ ես անհոգ նստեմ՝
Ամենաչնչին մժղուկները վառվող կրակի մոծիրների պես շուրջս կմաղվեն։
Միեղջյուրանու եղջյուրից եթե փախչեմ ու պրծնեմ՝
Մորմոքեցուցիչ մանր մուների ճիրանները ինձ պիտի կեղեքեն։
Շտեմարանի մի խորշը եթե թաքնվեմ, կուչ գամ՝
Մեղքի նմանակ գարշ ու տաղտկալի գորտերը պիտի ինձ զզվեցնեն։
Անդաստաններում եթե ինչ-որ տեղ գտնեմ ինձ համար ու տեղավորվեմ՝
Շնաճանճերի տարմերը պիտի իմ շուրջը պատեն։
Մի կողմ եմ թողնում մորեխն ու մարախ — զորքեր զորավոր,
Ժանգը անկենդան, ուտիճը անտես, թրթուրը թունավոր,
Ջուր կարծվող կարկուտով ու ոչնչացնող եղյամով հանդերձ,
Որոնք մեր աչքին թվում են թեև անզեն ու անզոր, չնչին, չքոտի,
Բայց և Աստուծո մի ակնարկությամբ նրանք խիստ գոռոզ և ուժգնաբար
Զարկեցին, դուրս հանեցին ու հալածեցին հաղթականորեն
Իր գավազանով հպարտ և ամբարտավան բռնավոր փարավոնին։
Սրանք են ահա մահացու խոցող, գաղտնի վնասող, լլկող ու թաքուն
Տեսակները այն հոգևոր անտես չարարանքների,
Որոնք որպես պատիժ ուղարկվեցին եգիպտացոց՝ նրանց անօրեն գործերի համար։
Զ
Բայց դու, ամենազո՛ր, Արարիչ և Տեր բոլորի,
Հաղթող հանդիսացիր թշնամիներիս՝ հալածելով նրանց.
Եվ ինձ ողորմի՜ր կրկին գթությամբ՝ փրկարար ձեռքդ մոտեցնելով ինձ,
Որ վարանած եմ և տարակուսած, խոշտանգված և մահապարտ.
Զի դու ես միայն ճանաչվում Աստված՝
Միշտ փառավորված Հոր և Սուրբ Հոգու հետ
Հավիտյանս հավիտենից. ամեն։