Բան ԿԷ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ սակայն Քրիստոս Աստուծո իրավունքի խոսքը արդարացի է հույժ իմ նկատմամբ,
Քան սատանայի, որ սկզբնահայրն է չարիքների.
Քանզի հայտնվեց Նա նրա համար, որպեսզի քանդի գործերը նրա,
Իսկ ինձ համար, որպեսզի իմ հնացած պատկերը նորոգի
Աստուծո կերպարանքով,
Առնելով մեր իսկ նմանությունը կատարելապես
Եվ միացնելով իր բնությանը խառնվածքը մեր։
Բազում շնորհներից ոչինչ չտվեց նա սատանային,
Այնինչ ինձ վրա հեղեց առատորեն.
Նրա համար երբեք չչարչարվեց,
Իսկ ինձ համար պատարագվում է նա հանապազ.
Սատանան անհաղորդ է կյանքին,
Իսկ ես փրկություն եմ վայելում միշտ.
Նա հալածված է խաչով,
Իսկ ես զորացած եմ այդ նո՛ւյն նշանով.
Նա մերժված է լույսից,
Իսկ ես միացած եմ նրա փառքի հետ.
Նրան երկրի վրա անգամ հանգիստ չխոստացավ,
Իսկ ինձ երկինքը տվեց սեփականություն.
Կտրեց նրա հույսի առհավատչյան,
Եվ իմը հաստատեց առանց խզելու.
Նրան խոզերի երամակում արգելափակեց,
Եվ իմ մեջ ի՛նքը զորացավ.
Կարիճների հետ համեմատեց նրան,
Եվ ինձ ճառագայթ հայտարարեց.
Սողունների նմանեցրեց նրան,
Եվ ինձ իր անունով կնքեց։
Բ
Իսկ ես լքեցի երախտիքն այսքան բարիքներ անող Աստուծո
Եվ չարին հետևեցի՝ նրա հետ մեկտեղ դժոխքի հատակն հայելու համար։
Ուստի անարժան եմ բարիքների ապերախտս անշնորհակալ և անընդունակս սիրո,
Մեղքի պարանով եմ ձգված՝ երիկամունքիցս խոցված խորապես.
Ճյուղակոտոր ծառ եմ արմավենու,
Քացախացած գինի, հեղեղված ցորեն,
Ջնջված մուրհակ, պատռված վճիռ, աղավաղված կնիք,
Ձև այլափոխված, վերարկու կիզված, կորած ըմպանակ,
Ընկղմված նավ, մանրված մարգարիտ, սուզված անգին քար,
Տունկ եմ գոսացած, նեցուկ խորտակված, փայտ իսպառ փտած,
Խամրած մանրագոր, փլատակված տուն, խարխլված խորան,
Բույս արմատախիլ, ձեթ՝ թափված աղբոտ հրապարակում,
Մոխրակույտերի վրա հոսած կաթ,
Քաջերի գնդում մահապարտ եմ մի։
Գ
Զի անձն իմ ողբալի, Բաբելոնի առակի համաձայն՝ մարգարեներից ասված՝
Երուսաղեմի հետ և նրա նման հորդոր լսեց միշտ և չխրատվեց։
Պատճառն ա՛յն է, որ այստեղ անգոսնված եմ, այնտեղ՝ խայտառակված,
Այստեղ պարսավված և այնտեղ կշտամբված,
Այստեղ ծաղրված և այնտեղ նախատված,
Այստեղ անարգված և այնտեղ հանդիմանված,
Այս կողմը ապշած և այն կողմը՝ լքված,
Այստեղ հեծություն, այնտեղ հառաչանք,
Այստեղ կասկածներ և այնտեղ վախճան,
Այստեղ վախ ու վիշտ և այնտեղ հատուցում,
Այստեղ արկածներ և այնտեղ դատաստան,
Ուր ո՛չ խոսելու իրավունք կա և ո՛չ պաղատելու,
Ո՛չ օրերը թիվ ունեն և ո՛չ ժամանակը վախճան,
Ո՛չ հույսի կամուրջ և ո՛չ ողորմության դուռ,
Ո՛չ աջ պաշտպանող և ո՛չ օգնող ձեռք։
Դ
Սակայն ապավեն ես դու, դու ինքդ փրկություն,
Դո՛ւ այցելություն, դու քավություն, դու երանություն,
Դո՛ւ ես բժշկում, դու ես ողորմում, միա՜յնդ հզոր,
Կենդանի, անճառ, Տեր Հիսուս Քրիստոս բարերար Աստված,
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Հավետ բարձրացած քո Սուրբ Հոգու հետ
Մեծիդ իսկակից Հոր փառքի համար՝
Հավիտյանս հավիտենից. ամեն։