Բան ԿԳ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Բարերար և բազմագութ, մարդասեր և երկայնամիտ, միակ թագավոր,
Հորըդ հետ պատվված և օրհնաբանված Տե՛ր ամենայնի,
Որդի՛դ կենդանի Աստուծո,
Դու, որ ինձ երբեք կորչելու տեղիք չես տալիս,
Եվ ամենևին չես փորձվում չարից.
Ու մեղավորի մահն իսկ չես ուզում,
Եվ կամքդ փրկություն է բերում բոլորին,
Մեղքի մրրիկը քավության մեղմաշունչ զեփյուռի ես փոխում դու
Եվ բարկության հուրը փոխարկում անձրևի։
Դու, որ քո բարի հրամանին չանսացող կնոջն հետ դարձրիր իր ընթացքից,
Նույն արձանի մեջ կերպավորելով զույգ գոյացությամբ երկու բնություն,—
Ո՛չ անմեղների և ո՛չ էլ իսպառ պատժվածների կարգը իրապես դասելով նրան։
Դու, որ ծովի լույծ ջրերն հորձանուտ՝ քարակույտի պես իրար վրա դիզեցիր բարդ-բարդ
Եվ անապատի կարծրանյութ վեմն իբրև հոսող վտակ բխեցրիր։
Դու, Հորդանանի սրընթաց վայրէջքը կանգնեցրիր հրաշապես,
Դարձնելով այն որպես լվացումի ավազան հեթանոսների հետնորդների համար։
Երիքովի պարիսպը պնդակուռ —
Սատանայի բռնության կործանման որպես օրինակ —
Թեթև հարդի պես օդ ցնդեցրիր դու,
Եվ այդ քաղաքի ջուրը վնասակար, այլաբանորեն,
Որպես օրինակ քանանացոց փրկության՝ դեպի բարին փոխվելուն՝
Դու խորհրդավոր աղով համեմելով՝ անուշացրիր։
Մեռայի դառնությունը — նշանակ անհավատության՝
Դու կենաց փայտով պիտանի դարձրիր, քաղցրացրիր քեզ պես՝ միացնելով քեզ հետ։
Գետից առնված ջուրն ինչպես արյուն մակարդեցիր դու ցամաքի վրա,—
Իբրև նշանակ անհուն հաճությանդ, որի համաձայն,
Անփոփոխ պիտի գունավորվեր նոր երանգով բոսորային։
Անկենդան գավազանին անթույն վիշապի նմանություն ու տիպ տվեցիր,
Ի պատկերացումն քո ըստ մեզ ձևակերպմանն ու ընտրությանն օտար ազգերի։
Մովսեսի երջանիկ աջը պահպանելով անեղծ ու անփոփոխ՝
Ցույց տվիր դու մեզ նախապես ապագայի հրաշքներդ, բարձրյա՛լ,
Որոնք մարդեղությանդ ընթացքին պիտի կատարեիր,
Եվ ապա, քեզանով՝ ախտավոր մարմնիս մաքրագործվելը գուշակեցիր։
Եվ դու այս բոլորով, ահա՛, ամենուրեք,
Մեղավորներին կորստյան ենթակա, բարեխնամորեն,
Սիրույդ հրաշքով կատարվող անակնկալ գյուտը հայտնեցիր,
Օրհնյա՜լդ ամենագութ։
Բ
Ծլեցնում ես դու երկրից կանաչ խոտ ու կյանքի կոչում անշունչ մեռյալին,
Անշարժին կառավարում ես որպես ընթացող,
Անարգ արգանդից դուրս ես կոչում քեզ պատկերակիցներ,
Պատանիներին սեղանատամներ տալիս ըմբոշխնող
Եվ նրանց մաքուր այտերի վրա մազ ես աճեցնում,
Եվ սևասաղարթ վարսերը ձյան պես զարմանագործում,
Ցույց տալով, թե քո կարողությունը անցնում է ամեն սահմանից, հզո՜ր,
Շրթունքների բնազդական թոթովանքները, ինչպես Հոբն է ասում,
Փոխարկում ես դու հարազատ ու պարզ արտաբերության,
Սասանում ես դու երկիրն ու նրա սյուները՝ հիմքից,
Ցույց տալով, թե դո՛ւ կմնաս միայն անկորնչելի։
Դու թավալում ես տարերքը, որպես անցավոր իրեր
Եվ դարձյալ նույն տեղ հաստատում դրանք որպես մնայուն.
Այսպես՝ հայտնելով, թե կարող ես դու նույն այդ դյուրությամբ
Կապել մեր բազում մեղքերը և կամ արձակել։
Անզգա էությունն արուսյակի սանձահարում ես կարծես թե երասանով,
Այդպես՝ ցույց տալով, թե մեր բնության հակումները չար
Կարող ես դյուրավ դու հանդարտեցնել, երբ էլ կամենաս։
Անբարբառ լուսնի բոլորակը դու մերթ ունայն ես անում և մերթ պատարուն,
Ապացուցելով, որպես ավետիս, այդ տեսնողներիս,
Թե բարիքներից նվաղած մեր մեղապարտ մարմինները
Դու նախաստեղծ հարստությամբ կամբողջացնես դարձյալ։
Անխոս աստղերի բազմությունը դու իբրև փոքրաթիվ հոտերի խմբեր,
Բաժանում ես իրարից և հավաքում դարձյալ,
Ի խորհուրդ կենաց հաստատուն հույսի, ո՜վ քաղցրահայաց տեսություն,
Թե դու չաղաչող լեզուներին էլ կարող ես լրիվ նույնպես ողորմել։
Գ
Ծովում, դու կյանքի ու մահվան միջև ճամփա ես բացում ուղիղ, ապահով,
Այդպիսով հաստատ հավաստիացնելով, թե վտանգավոր վայրում էլ նույնպես
Կարող ենք լինել անգայթակղելի՝ քեզնով պաշտպանված։
Ինչպես կաթսայում կրակի վրա եռացող ջուրը,
Այդպես՝ մեղքերի պղտոր մրրիկն էլ քո կամքի խոսքով կդադարեցնես։
Նայում ես երկրին ու շարժում ես այն,
Որպեսզի անբան այդ զանգվածով զգաստացնես մեզ՝ մտավորներիս։
Ալիքների վրա տատանվող փոքրիկ մակույկի նման
Դղրդում ես դու հողազանգվածի թանձրությունն անբավ,
Որով բովանդակ արարածներին ծանուցանում ես, թե կաս աներկբա,
Եվ որ քո զորեղ խոսքով ես հիմնել տիեզերքն համայն։
Սերմանում ես դու մեր անշնչացած մարմիններն հողում,
Եվ այնտեղ նրանց անկորուստ պահելով՝ կենդանացնում կրկին,
Ապականելին հողին պահ տալով անեղծն ստանում,
Դու մահկանացու նյութի հետ կենաց նշխարդ ես խառնում։
Դու քո ակնարկող մի հրամանով ստեղծվածներին ողջ անկերպարան
Փոքր-ինչ վայրկյանում ձևակերպեցիր ամեն մեկն իր պես։
Քոնն են զորությունն ու կարողությունը,
Զի դու օրերի հոլովումներով շրջանակում ես տարվա եղանակները,
Յուրաքանչյուրն իր ժամանակին, բազմապիսի գեղեցկությամբ՝ մեր տեսողության համար։
Անմռունչներին ձայն ես տալիս դու իբրև կենդանու.
Ներշնչում միայն, ու քայլում են նրանք.
Դո՛ւ ես լոկ հինում հնարագիտության անճառ արվեստով մեգն ու առավոտը։
Առաջնաստեղծ գոյացության նախակարգ հորինվածքից հետո,
Ըստ երանելի մի գրվածքի կանխահիաց զարմացման,—
Երբ դու մարդացար, կատարեցիր մեծամեծ փառավոր հրաշագործություններ,—
Որոնց թիվ չկա, ստեղծելով նոր ու նվիրական
Մի ուրիշ աշխարհ ավելի անեղծ, քան առաջինը։
Դ
Դու, որ մեր հանցանքը քոնը համարեցիր և արդարությունդ շնորհեցիր մեզ,
Որ մեր հաշտության փրկանակն ինքդ քեզ վրա առար,
Որ դու չես դադարում ողորմելուց,—
Դարձրո՛ւ ամբարշտիս երկյուղածությանը բարեպաշտի,
Թմրածիս՝ զգաստացուցիչ արթնությանը սրտի,
Անմաքուրիս՝ պայծառ ու մաքուր կերպարանքի,
Բազմամեղիս՝ անբծությանն համեստ սուրբ պատկերի,
Կոտրվածիս՝ առողջության անխորտակելի,
Լացածիս՝ զվարթ ուրախությանն անտխրելի,
Հուսահատվածիս՝ միացնող սիրուն անլուծելի,
Ամոթահարիս՝ հաստատուն վստահությանն անշարժելի,
Խավարածիս՝ երանության լույսին անմեկնելի,
Մահվան գերուս՝ կյանքին անապականելի.
Որպեսզի խոստովանված անունդ, Հիսուս,
Փառավորվի Հոր և Սուրբ Հոգուդ հետ՝
Երկնքի բարձունքներում և ներքևում՝ երկրի վրա և նրանց բոլոր բնակիչներից.
Հավիտյանս հավիտենից. ամեն։