Բան ԿԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ ինչո՞ւ համար պիտի մեջ բերեմ և իմ տավիղով երգեմ անդադար,
Սաղմոսարանի խոսքերն այն բոլոր,
Որոնք իմ դեմ են միշտ և շարունակ, որպես նախատինք և որպես նզովք։
Ինչպե՞ս կարող եմ շուքը երջանկի հարմարեցնել ինձ՝ դատապարտվածիս,
Այսպես ասելով նրա հետ մեկտեղ, թե՝ «նենգամիտը ինձ չմոտեցավ»։
Եվ ինչպե՞ս դարձյալ զարհուրեցուցիչ, հաջորդ տողերում կարգով թվարկված՝
Բարեմասնություններն այն բոլոր, որոնք օրինապահի, զինվորականի, թագավորի,
Եվ մարմնական հրամանատարի նկարագիր գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի՝ կրկնեմ և կյանքից չհուսահատվեմ,
Ես, որ նոր օրենքի ավետարանիչ և շնորհների աշակերտ լինելով հանդերձ,
Այդ երկնահաճո արժանիքներից անմասն եմ իսպառ։
Ըստ իրավախոհ արդարի՝ ինչպե՞ս պիտի զինվեմ մեղավորների դեմ,
Պատրաստ լինելով առավոտյան վաղ արթնացածի պես
Սպանել նրանց, ըստ առակողի,
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ գանահարելով չխրատեցի։
Ինչպե՞ս արդ մեծի արիությունը օրինակելով՝
Կարենամ ջնջել անօրեններին Տիրոջ քաղաքից,
Երբ իմ հոգու մեջ բուսած մեղքերն իսկ չմեռցրի ես։
Ինչպե՞ս սուտ խոսեմ նրա մոտ, որին ծածկվածները հայտնի են արդեն,
Ասելով՝ «Մոխիրն իբրև հաց կերա».
Ես, որ երգողի աղբերակների հստակ արցունքին
Իմ հուզումներից պղտոր մի կաթիլ իսկ չմիացրի,
Ինչպե՞ս նրա հետ կարող եմ ասել՝
«Ըմպելիքս խառնեցի ես արտասուքներով
Եվ անկողինս արցունքներով թրջեցի»։
Եվ ապա, որո՞նք վերագրեմ ես ինձ՝ մեղքերով մահացյալիս,
Երբ աստվածասերն ի բոլոր սրտե նախնյաց հանցանքներն
Իրենն է համարում, ասելով այսպես.—
«Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրինացանք և հանցանք գործեցինք»,
Եվ այս սաղմոսի հետագա բոլոր տողերը, որոնք
Իրավամբ ինձ են հարմար ավելի, քան Իսրայելին։
Ինչո՞վ արժանի լինեմ դասվելու բարիների հետ,
Երբ չգտնվեց իմ մեջ այն դեղն իսկ, որ հարգվեց որպես մարդկային մի գյուտ,
Այսինքն՝ գարշելով կերակուրներից՝ մահու չափ քաղցել,
Եվ երկարատև ճգնություններով՝ հոգով նվաղել,
Ըստ տարակրոն հրեաների և հեթանոսների երբեմնի սովորության։
Արդարությունն իմ ինչպե՞ս կարող է մնալ հավիտյան, որը ես երբեք ի գործ չդրի։
Բ
Բայց, որպեսզի երկարաբանությամբ չդառնամ տաղտկալի,
Պիտի աշխատեմ խոսքս համառոտել։
Ի՞նչ կարող եմ ասել այն խոսքերի տեղ,
Որոնք եղանակեց օրհներգու Դավթի ձայնն աստվածաշունչ,
Թե՝ «Բոլոր սրտովս ես քեզ փնտրեցի»։
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Ամեն տեսակ չար ճամփաներից ոտքս կտրեցի»։
Ինչպե՞ս սրա հետ ասեմ ավելին,
Թե՝ «Իմ սրտի մեջ պահեցի խոսքերդ, որպեսզի քո դեմ չմեղանչեմ»։
Ինչպե՞ս ունայնություններս որպես կատարելություններ ճառեմ մաքուրների հետ,
Թե՝ «Քո պատվերներից դաս առնելով, ատեցի բոլոր ճանապարհները չարագործների»։
Ինչպե՞ս ես հեզի ճշմարտությունն իմ՝ խաբեբայի մշտնջենական
Սուտ երդումների հետ համակարգեմ՝ ուխտելով հավատարմի հետ,
Թե՝ «Հաստատապես երդվեցի պահել դատաստանդ արդար»։
Ինչպե՞ս կրկնեմ ես այն պատգամը, թե՝ «Փրկությունը հեռու է մեղավորներից»,
Որը իմ անխուսափելի վճռի մահագույժ հրեշտակն է։
Ինչպե՞ս չարս իրոք, բարիների պես,—
Որոնք Տիրոջից առնում են իրենց հատուցումն արդար,
Հեղհեղելով այս տողը ասեմ, թե՝ «Տերը բարիք կանի ուղղամիտներին»։
Ինչպե՞ս այն անաչառ և կտրուկ փոխատրությունը մոլորյալիս,
Թե՝ «Հափշտակությամբ համակվածներին կկործանի նրանց հետ, ովքեր գործում են անօրենություն»։
Ինչպե՞ս պարծանքը աստվածազգեստի պատվաստեմ ես ինձ՝ ամոթահարիս,
Նրա խոսքն ասելով. «Չգոռոզացավ սիրտս, Տեր,
Եվ աչքերս երբեք վերևից չնայեցին»։
Ինչպե՞ս ընդունեմ մարմնականից վեր խոսքն անճառելի,
Որպես քաջալեր հուսահատվածիս, գանձիս գեհենի,
Ասելով Աստուծո Հոգով օծյալի հետ,
«Առաջուց տեսար, որ լեզվիս վրա նենգություն չկա»,
Եվ սաղմոսի այս մարգարեական գլխի սկզբից մինչև վերջ գրված խոսքերը բոլոր։
Եվ ինչպե՞ս ինքս, որ համաբան եմ դժնասիրտ մարդկանց և դասակից նրանց,
Ես՝ որդիս մահով ջնջվելու արժան՝ բարեշնորհի խոսքը բարբառեմ.—
«Չէ՞ որ, ահա, Տե՛ր, քեզ ատողներին ես ատեցի»,—
Եվ մնացածներն ապա այս կարգի։
Ինչպե՞ս դու, ա՛նձն իմ, որ աշխարհի ամենից աշխարելին ես,
Տոնելի վեհի մեծ վստահությամբ
Չքննված հոգիդ առաջ մղելով, մեծարվես պսակվածի հետ,
Թե՝ «Փորձիր ինձ, Տեր, և տես՝ կա՞ միթե անօրենություն իմ ձեռքերի մեջ»,
Դրա հետ նաև հավելվածները։
Ինքս չար լինելով՝ ինչպե՞ս չարերից ազատվել մաղթեմ,
Իրենց հույսն Աստուծո վրա դրածներին ձայնակցելով,
Թե՝ «Պահպանիր ինձ, Տեր, մեղավորի ձեռքից և չար մարդուց փրկիր»։
Ինչպե՞ս վեր կենամ՝ փառավորյալի հետ աղոթելու Աստծուն,
Թե՝ «Դու ես իմ հույսն ու բաժինը կենդանյաց երկրում»։
Ինչպե՞ս, իբրև թե ըմբիշի հետ մրցման դուրս եկած,
Հաղթանակի մրցանակը թագավորիդ մատուցելով,
Այս աննմանակ աղոթքն անեմ ես աղերսագին.—
«Արդարներդ ինձ պիտի սպասեն, մինչև դու հատուցես ինձ»։
Գ
Բարեբանյալ է նաև հոգևոր այս միտքը,
Որով ամեն ինչ արհամարհելով,
Արարածների սկզբնապատճառին է ընտրում միայն ասելով՝
«Երանի՛ այն ժողովրդին, որի տերը իր Աստվածն է».
Եվ այս նման է Տիրոջ վարմունքին, որով նա փորձչին հանդիմանեց նրա անպատկառության համար։
Մեծ է նաև այս վսեմ շնորհը և երանությամբ լի համարձակությունն այն երկյուղած,
Թե՝ «Քո սուրբերը պիտի օրհնեն քեզ»։
Ըղձալի է նաև հոգևոր հաղորդության ընտանությունն այն մտերիմ,
Որով մարդ իր հույսը դնում է միայն Աստուծո վրա
Եվ նրա մեջ էլ մնում հաստատուն սաղմոսի խոսքերով քաջալերական,
Թե՝ «Տերը կատարում է իր երկյուղածների կամքը»,
Եվ ապա թե՝ «Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն,
Եվ ջնջում բոլոր մեղավորներին»։
Պատգամներ տխուր և ուրախական Սաղմոսարանի վերջին գլուխների մեջ,
Որոնք ցույց են տալիս արդարների ու մեղավորների վերջին հատուցման օրինակները։
Իմաստով միմյանց հաղորդակից են և ա՛յն երգվածները,
Թե՝ «Տերն հեզերին իր մոտ կընդունի
Եվ մինչև գետին կխոնարհեցնի ամբարտավաններին»։—
Ուրեմն որքա՜ն եղկություններ կան իմ առաջ։
Իսկ եթե՝ «Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին
Եվ հեզերին բարձրացնում է փրկելով նրանց»,—
Հապա ես զուրկս արժանիքներից՝ ի՞նչ հույսով ամրանամ։
Իսկ եթե Աստված սրբերից է օրհնվում իսկապես,
Հապա ես օտարս մաքրությունից՝ որո՞նց կարգը դասվեմ։
Իսկ եթե սրանց մոտ դնեմ, իբրև հանդիմանության հիշատակարան,
Կանխերգածներից այս տողը, թե՝ «Սիրեցեք Տիրոջը, ո՜վ նրա սուրբեր,
Զի ուղղություն է ուզում նա և կրկնակի կպատժի գոռոզներին»,—
Հապա ո՞ր գնդում պիտի լինեմ ես,
Գերիս գրավված՝ գաղտնի մեղքերի գյուտարար չարից։
Դ
Քանզի, ինչպես որ կտատանվեն տագնապով տերևները եղևնու դալար տունկերի
Ու շարժվելով ուժգին հողմերից՝ կթափվեն գետին,—
Այդպես էլ ջանաց ջարդել չար ոգին իմ վարք ու բարքի
Բարեբեր ճյուղերն՝ ի վեր բարձրացած,
Եվ որոնք անեղ մշակիդ ձեռքով էին հորինված։
Կրկի՛ն ու կրկին արմատացնելով հաստատի՛ր ամուր՝
Նո՛ր անապական պտղավորությամբ զարդարելով այն
Քո խնամատար կամքին հանձնված՝ կյանքի անդաստանում,
Ամենապարգև թագավոր Քրիստոս, օրհնյա՛լ հավիտյան. ամեն։