Բան Կ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, քանի որ ինձ հայտնի է ճշգրիտ առակով արդեն,
Թե՝ չի վայելում մեղավոր բերանին «օրհնաբանություն»,—
Ինչպե՞ս պիտի նույն գովությունը քեզ կրկնեմ վերստին աղաչավորս խիստ ամոթապարտ,
Որ անեծքներ եմ ընդունում անվերջ՝ բարեբաստության սաղմոսարանում, ինձ համար ասված։
Ինչպե՞ս ինձ համար երգեմ վտանգներ և նախատինքներ արձանագրեմ
Ու մերկ գրկիս մեջ շուշանի տեղակ փշեր հավաքեմ.
Եվ ինչպե՞ս պիտի համարձակվեմ ես Դավթի պես ասել,
Թե՝ «Պիտի փշրես մեղավորների ատամները»,
Եվ դարձյալ ինչպես՝ «Անօրենները չպիտի բնակվեն քո աչքի առջև».
Ինչպե՞ս, թե՝ «Դատիր ինձ, Տեր, ըստ արդարության իմ և իմ անբծության»։
Եվ կամ թե ինչպե՞ս՝ «Չարիքները մեղավորների վրա պիտի գան»,
Ինչպե՞ս, թե՝ «Պիտի խորտակվեն չարի և մեղավորի բազուկները»,
Եվ ուրիշները հետևյալ կարգով.
Ինչպե՞ս կարող եմ ասել, թե՝ «Մեղավորների վրա տեղան պիտի հուր, ծծումբ, որոգայթ».
Ինչպե՞ս, թե՝ «Տերը կթուլացնի նենգավոր շրթունքներն ու լեզուները մեծաբանող».
Ինչպե՞ս, թե՝ «Սիրտս քննեցիր և չգտար այնտեղ անիրավություն».
Եվ ինչպե՞ս դրան հաջորդող խոսքն այս,
Թե՝ «Զգուշացա խստասիրտների ճանապարհից ես».
Եվ ինչպե՞ս ապա, թե՝ «Ես արդարությամբ կերևամ քո առաջ».
Ինչպե՞ս, թե՝ «Ես էլ անբիծ պիտի լինեմ նրա հետ».
Ինչպե՞ս և մյուսը, թե՝ «Տերն ինձ ըստ իմ արդարության և ձեռքի մաքրության պիտի հատուցի».
Ես ինքս ինչպե՞ս իմ ստությունը պիտի ծանակեմ, ասելով սուրբի հետ, թե՝
«Ձեռքերս սրբությամբ պիտի լվանամ».
Սնոտիների մեջ նստածս ինչպե՞ս ամբարիշտների աթոռները բամբասեմ.
Ինչպե՞ս թշվառս երջանկի պարծանքն ինձ վրա առնեմ,
Թե՝ «Դատիր ինձ, Տեր, զի անմեղությանս մեջ քայլեցի ես».
Ինչպե՞ս օտարս բարի գործերից՝ պիտի շարժեմ գո՜ւթը գաղտնագետիդ,
Թե՝ «Մի՛ դասիր ինձ ամբարիշտների շարքը».
Ինչպե՞ս ես ինքս լինելով անիծապարտ, ուրիշների համար ասեմ՝
«Տո՛ւր նրանց, Տեր, ըստ նրանց գործի»,
Եվ համարձակվեմ շարունակելու։
Բ
Մնացածներն էլ եթե գումարեմ առաջիններին,
Կրկնապես պիտի ծանրանան ցավերս ու դառնություններս աճեն,
Բայց արցունքների շեղջերից միայն դույզն-ինչ առնելով,
Առայժմ պիտի բավականանամ Սաղմոսարանի
Ընտանի ձայնի հանապազօրյա հանդիմանությամբ,
Որ ամբարիշտիս կշտամբում է միշտ։
Դրանց հետ նաև քառասունիններորդ գլխի վերջին հատվածի հանդիմանական տողերը,
Որոնք գարշելի համարելով ինձ՝ խայտառակում են միշտ և հանապազ։
Խցելով բերանս, որպեսզի չփառաբանեմ՝ անձս եղկելի են ներկայացնում.
Եվ աստվածային ձայնով ինձ ամբաստանելով՝ զրկում են կյանքի հույսից,
Միաժամանակ, ասես պատնեշի վրայից, մահացու քարեր են նետում վրաս։
Եթե ծանր է ուրիշներից անեծք ընդունել,
Ապա կրկնակի ծանրածանր է անձամբ ինքն իրեն անիծելը։
Իսկ եթե օրենք է մերձավորներից նախատինք չառնել,
Ապա ուրեմն ամենատեսիցդ սպասել դրանք՝
Արյունալից ցավ, սարսափելի վիշտ ու մտալլկանք են պատճառում մեզ։
Բայց ով որ նրանց խոնարհությամբ անձնատուր լինի,
Եվ գավազանով ծեծի ինքն իրեն, կշտամբի ու դառն անեծքներ կարդա,
Այդպիսին պիտի օրհնվի Վերնայնի խոստովանած և ամենաիշխան բերանի շրթունքներով.
Զի նա ճշգրիտ կերպով բացատրեց դարձն իր դեպի Նա, կյանքի ճիշտ ճամփից չհեռանալով.
Սիրո օրենքով նա իր մեղքերի արմատը կտրեց,
Չնվաճվելով չարախոսների խարդավանքից.
Քրիստոսի հոտի բժշկված ոչխարը եղավ նա,
Դիմելով աղիքների խոցերը բուժող աղին։
Բայց անբանների բարքին է հատուկ ասուն կենդանիների
Կենսաձիր խոսքի դալար, ծաղկածին դաշտավայրում՝
Մտքի թմրությամբ մահացու արոտներ ճարակելը։
Գ
Արդ, քանզի իսկ և իսկ ինձ համար է ասված վերջին օրինակն այս կշտամբողական,
Եվ չար դիպվածներն ու պատահմունքներն ինձ են ակնարկում,
Որոնք նյութեցի ես ինքս որպես սաստիկ տոչորող կիզիչ կրակներ՝
Երկնքից թափված իմաստությանս ճրագարանի՝ գագաթի վրա։
Այլևս սաղմոսն ինձ ի՞նչ օգուտ կարող է բերել,
Երբ ինքս նրա բազմերգությունից մնացի անպտուղ,
Ու չնվագեցի հոգով այն, ինչ որ Պողոսն է թելադրում։
Ինչպե՞ս կարող եմ մեծագույնս ես մեղավորներից և պիտանիներից նկունս
Մարգարեի երգերին խառնել Տիրոջ խոսքերը և ասել սուրբի հետ.
«Հեռացե՛ք ինձնից բոլորդ էլ, որ գործում եք անօրենություն»։
Ես, որ չեմ կատարել օրենքի և շնորհի բազում պատվիրաններից և ոչ մեկը՝
Ինչպե՞ս բարբառեմ երջանիկի հետ,
Որը մեզ համար սահմանածը նախ ինքը գործադրեց,
Թե՝ «Ես՝ քո ծառան, պահեցի այս», և դրանց հետևող խոսքերը։
Կյանքի կատարյալ իմաստությունից թափուրս ինչպե՞ս
Տիրոջ երկյուղածների հետ օրհնեմ։
Ինչպե՞ս պիտի մաղթանքներից մեծագույնին իմոնքն էլ կցեմ,
Թե՝ «Մի բան խնդրեցի ես Տիրոջից՝ տեսնել իր վայելչությունը
Եվ հրաման տալ նրա տաճարում».
Ինչպե՞ս ձեռնամուխ լինեմ այն բանին, որ արգելված է ինձ,
Երբ լսում եմ, թե՝ «Ուղղամիտներին է միայն վայել օրհնություն կարդալ»։
Ես իմ սեփական շուրթերովս ինչպե՞ս ինքս ինձ անիծեմ,
Ասելով, թե՝ «Տիրոջ աչքը չարագործների վրա է՝
Ջնջելու համար նրանց հիշատակն երկրի երեսից».
Ինչպե՞ս՝ և մյուսը, թե՝ «Չարերը շուտով պիտի ջնջվեն».
Ինչպե՞ս այն խոսքը, որ արդարև ինձ է վերաբերում,
Թե՝ «Բազուկները ամբարիշտների պիտի խորտակվեն».
Ինչպե՞ս պաղատեմ սատակման համար,
Թե՝ «Պիտի կորչեն մեղավորները»։
Ինչպե՞ս թաթախեմ թափառող լեզուս օրհնյալ խոսքի մեջ,
Թե՝ «Հսկեցի ես կյանքիս ընթացքը, որ չմեղանչեմ ինքս իմ լեզվով».
Ինչպե՞ս մեղքերի փշերով խեղդվածս պարծենամ խոսքովն անարատի,
Թե՝ «Իմ անբծության մեջ ընդունեցիր ինձ».
Ինչպե՞ս ես՝ մեղավորս և կրկնակի պատժապարտս
Պարսավեմ պիտի իմ նմաններին, նրանցից ազատվելս մաղթելով,
Թե՝ «Մեղավոր ու նենգ մարդկանցից ազատի՛ր ինձ, Աստված»։
Դ
Ինչպե՞ս, որպես ոչ կռապաշտ, անպատկառորեն խրոխտամ ունայն պարծանքով,
Դավթի հետ ասելով՝ «Մի՞թե մոռացել ենք մենք անունն Աստուծո,
Եվ կամ օտար աստվածներին աղոթելու ձեռք ենք երկարել»։
Զի նա, որ գարշելի մեղքերի մեջ կընկնի,
Այդպիսին կառուցած կլինի պաշտելու համար
Անասնական, ախտարծարծ և պոռնկապատիր կերպարանքներ՝
Աստարտի, Քամովսի, Մեղքոմի և թարմատար Թարահատի արձաններ արու,
Ինչպես նաև կանացի զազիր ու աղծապիղծ կուռքեր
Եվ իշանդամ առականքների անծածկույթ ծանակություններ։
Ինչպե՞ս չամաչեմ ասել նահատակի հետ, որ բարության էր միշտ հետամուտ,
Թե՝ «Ամեն օր մեռնում ենք քեզ համար»,
Եվ հետևյալ տողերն այդ սաղմոսի։
Ինչպե՞ս հիմարս մարդկանց մեջ և վատթարս հանդգնեմ ասել,
Թե՝ «Բերանս իմաստություն պիտի պատմի, և սիրտս՝ հանճար»։
Ինչպե՞ս ես՝ մարդակորույս կեղծավորս, երեսպաշտների ոսկորների ցրումը մաղթեմ.
Ինչպե՞ս կրկին երկրորդված մեծանուն բարությունն այն,
Թե՝ «Հաճելի պիտի լինեմ Տիրոջը կենդանյաց երկրում»։
Ինչպե՞ս ես՝ անբավ մեղքերի տերս, արդարից առած՝ բարբառեմ այսպես,—
«Ոչ մեղք ունեմ ես և ոչ էլ հանցանք, ընթացքս եղավ անմեղ և ուղիղ»։
Ինչպե՞ս ինքս ինձ մատնեմ կորստյան այսպես ասելով՝
«Անօրենություն գործողներին մի՛ ողորմիր»։
Եվ կամ թե ասեմ. «Ինչպես մոմը, որ հալվում է կրակի դիմաց,
Այդպես էլ պիտի լինեն մեղավորներն Աստուծո առջև»։
Ե
Ինչպե՞ս՝ ապականացու փափկությամբ շոյվածս այս՝ ինձ անվայել խոսքը հաստատեմ,
Թե՝ «Ես խոնարհեցրի իմ անձը ծոմով».
Ինչպե՞ս նաև այս խոսքը նույնիմաստ,—
«Նրանց նեղության մեջ ես քուրձ էի հագնում
Եվ, ինչպես սգավոր ու տրտում՝ խոնարհ էի».
Ինչպե՞ս հանդարտվեմ իմ նմանների պատիժն հիշելով,
Թե՝ «Աստուծո բարկության մրուրը չի սպառվի,
Եվ պիտի խմեն նրանից երկրի բոլոր մեղավորները»։
Ինչպե՞ս՝ սրա հետ և մյուսը, թե՝
«Մեղավորների բոլոր եղջյուրները պիտի փշրես դու».
Ինչպե՞ս, Հակոբի ապերախտության մասին պատմելով, կարող եմ հեգնել նրան
Ես, որ ստվերի տեղ ճշմարտությունն ընդունած, նրանց հետ և նրանց թերությամբ
Մոռացա Քրիստոսի երախտիքները՝ աստվածահրաշ խաչի փրկանքով,
Եվս առավել, քան նրանք, որոնք չուզեցին
Զորությունն Մովսեսի սքանչելագործ ցուպի,
Որ տերունական տնօրինության մի օրինակն էր։
Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ մեզ վրա խուժող դևերի —
Խմբերի խուժդուժ և օտարացեղ՝ աղետները ողջ,
Ասելով, թե՝ «Մեր մեջ գտնվող բարիների դիակներն իբրև կեր
Նետեցին գիշատիչ թռչուններին», այսինքն՝ օդային դևերին։
Ինչպե՞ս կարող եմ ճանապարհի վրա ընկած խոսքի սերմը
Եվ չարի հետ միաբանված կամքը անվանել սուրբ,
Ինչպե՞ս սուրբ կոչեմ չարի պատերազմի նույն շավղով գնացող՝
Իմ ճանապարհից դուրս եկած մտքի գուպարը գաղտնամարտ,
Որ ես զորացրի՝ գործակցելով բանսարկուի հնարքներին։
Չեմ կարող աղերսել քեզ, թե՝ «Մի՛ լռիր և մի՛ դադարիր, Աստված»,
Ինչպես և՝ «Խորհեցին քո սուրբերի վրա և ասացին»,—
Եվ մյուս խոսքերը՝ Սաղմոսարանի այս աղոթքի մեջ։
Զի հույժ տեղին է, որ այս խոսքերով ճանաչենք մոլեկան բռնությունը դևերի,
Եվ նրանց հետ նաև իրենց արբանյակներին,
Որոնք մղում են ճակատամարտ միշտ, խռովելով ներկան։
Զ
Այդ բոլորից, Տեր Քրիստոս, Որդիդ դու բարձրյալ և մեծ Աստուծո,
Պահե՜ս ու պահպանես երկնային զորքիդ շրջափակությամբ,
Բոլոր հողմերից ու խաբողների հարձակումներից
Լուսեղեն խաչովդ պաշտպանելով մեզ։
Զի թեև իմ մեջ գտնվեն անօրենություններ բազօրինակ,
Սակայն ո՛չ երբեք հայհոյություններ։
Չհանգստացա՜ր դու ինձ նման ամբարիշտների կորուստով,
Այլ ամենագորով թախծությամբ, ջրհեղեղով ջնջված
Զազրագործների վրա մինչև իսկ կրկնապես վշտացար,
Նրանց այդպիսի մահն համարելով անհանդուրժելի և հույժ անհաճո։
Լսողներին զարմանալի այս խոսքն ասացիր դու,
Թե՝ «Այլևս մարդկանց գործերի պատճառով երկիրը չպիտի անիծեմ»։
Մխիթարվում ես դու մեծապես ու պարարվում՝
Անմաքուր ու սատակման արժանի մարդկանց կենդանացման համար.
Ինչպես որ երբեմն դդմենու առակով ցույց տվեցիր դու
Կործանվելու արժանիներին խնայելդ, ողորմա՛ծ.
Եվ մի ուրիշի վրա նեղացար, սաստիկ վշտացած,
Երբ նա անձրևն ուշացնում էր, որպեսզի ուրացողները ապրուստ չունենան։
Եվ բազմապիսի հիշատակարժան և անճառելի
Բարություններ ցուցաբերեցիր դու վերջին օրերին.
Քո կողմից՝ առաքյալներիդ միջոցով հրամայեցիր ողջույն տալ քաղցրահամ՝
Բոլոր հեռավորներին անբարեհամբույր։
Նաև ի՛նձ վրա ցողիր հայրական սերդ գթառատ, կենդանի Աստված,
Որպեսզի ես էլ գտնեմ փրկություն՝
Քավված մեղքերից ամենաառատ քո այցելությամբ։
Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ փա՜ռք հավիտյանս. ամեն։