Բան ԾԸ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյալ ես դու, Տեր Հիսուս, Հոր հետ՝ բարեհաճ կամքով Սուրբ Հոգու,

Եվ բոլոր օրհնվածներն օրհնյալիցդ օրհնվեցին,

Դո՛ւ միայն օրհնյալ Որդիդ օրհնյալի։

Քեզանից բացի չի՛ք շնչիս իշխող թագավոր, Քրիստո՛ս։

«Հակոբն,— ասում է Եսային,— օրհնված կլինի ա՛յն ժամանակ,

Երբ կվերցնեմ մեղքերը նրա»։

Եվ արդ, ողորմի՛ր ինձ, Տե՛ր բարեգութ, համաձայն նախնի քո սովորության,

Եվ օրհնի՛ր անոթդ այս բանական, ըստ Դավթի և ըստ Մովսեսի,

Որպեսզի խոսքովդ փրկության հասած՝ քավություն գտնեմ քեզնից օրհնվելով։

Հրաշագործի՛ր ինձ աստվածապես, ողորմած արքա երկնավոր,

Ինչպես որ արիր Բեթհեզդայի սրահում հավաքված

Եվ երկար ժամանակ մահիճը ընկած ախտավորներին։

Դրանցից մեկը այն կրկնակի թերահավատն էր և երեսունութ տարվա անդամալույծը,

Եվ դու չզլացար նրան քո բժշկարար օգնությունը,

Գիտենալով նույնիսկ նրա չարությունն անուղղելի,

Որ նյութեց նա քեզ՝ երախտավորիդ, մեծիդ և բարերարիդ՝

Մատնության օրը, տիրամարտության դառն այն գիշերը։

Բ

Թեև դու նրան նախօրոք զգուշացրիր,

Թե՝ մի՛ մեղանչիր, որպեսզի կրկին չարիք չգա քեզ,

Բայց չդադարեց լինել ձեռներեցն ու առաջինը այն ժանտ մարդկանց մեջ,

Որոնք քեզ խաչին դատապարտեցին։

Եվ դու այդպիսի ջատուկի՝ անհարիր ընկած

Եվ մահվամբ չոքած չարաշուք մարդուն, ողորմեցիր,

Անճա՜ռ բարություն, սխրալի մարդասիրություն,

Սարսափելի ներողամտություն, սոսկալի երկայնամտություն,

Անբավելի քաղցրություն, փառատրելի հեզություն,

Որ միշտ հաղթվում ես գթությունից ու չես թշնամանվում,

Պարտվում ես ողորմությունից ու չես պարսավվում,

Բռնադատվում ես մարդասիրությունից ու չես արհամարհվում,

Հարկադրվում ես բարությունից ու չես հայհոյվում,

Ստիպվում ես սիրուց ու չես բամբասվում։

Պաղատում ես դու առ Քեզ դարձիս համար ու չես ձանձրանում,

Վազում ես ապերասանիս հետևից ու չես հոգնում,

Ձայնում ես չլսողիս ու չես սրտմտում,

Շտապում ես մեղկացյալիս մոտ ու կանգ չես առնում։

Չարիս համար բարի ես և ամենապարտիս համար՝ ներող,

Քավիչ ես մեղավորիս համար և խավարյալիս՝ լույս,

Եվ մահացածիս համար կյանք ես դու։

Գ

Այսպես են ասում բոլոր հոգեշունչ գրքերն օգտակար,

Եվ որոնք հաճախ ծնում են անճառ և զարմանալի երկնավոր պտուղներ։

Ասա՛ նաև ինձ՝ թշվառիս, օրհնյա՜լ ամենապարգև,—

«Վե՛ր կաց ու վերցրու մեղքերի մահիճը կործանվածիդ,

Եվ իմ հետևից արի, որ հասնես անհոգնում կյանքի խաղաղ հանգստին»։

Քո հրամանի ամենակարող սուսերով կտրի՛ր

Կապանքները պիրկ և դժոխային երիզապատված իմ մահազգեստի

Եվ մահասարսուռ սաստկությամբ խեղդող հանգույցները քանդի՛ր,

Ուղարկելով ինձ՝ մահվան արժանուս, քո աստվածային կենսաբեր խոսքով

Դեպի վեր՝ անանց, հավերժ բերկրության ազատության մեջ։

Մի՛ կենագործիր տակավ-տակավ և մի՛ ձգձգիր օրեցօր երբեք,

Որ հետզհետե մեղքերի բեռան ծանրությունն ստվար

Չճնշի ազդրերս ու չկռացնի ինձ ի վար՝ դժոխքին նայելու,

Եվ ուժգնակի գոռոզ բռնությամբ հոգևորական զենքերս ի դերև հանելով մահվան ծառայեցնի ինձ։

Այլ դու օգնիր ինձ, բարի՛ վշտակից,

Մահվան երկունքի այս իմ ցավագին հեծեծանքներում,

Սատակման փայտը վրայիցս առնելով, ինչպես երբեմն՝ պահակի ուսից,

Որով վայելուչ կոթող կառուցես քո հաղթանակի արի զորության,

Ամուր հավատքով, հաստատուն հույսով ինձ բևեռելով քեզ հետ՝ անսայթաք։

Եվ քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ փա՜ռք, իշխանություն հավիտյանս. ամեն։