Բան ԾԷ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Քրիստոս Աստված, անուն ահավոր,

Մեծության տեսակ, տիպար անքնին, բարձրության պատկեր,

Անսահման զորություն, կերպարան փրկարար լույսի,

Պաշտպան դու կյանքի, դո՛ւռ արքայության վերին հանգստի,

Խաղաղության ճանապարհ,

Ապավինություն նորոգ և անտխուր երանություն,

Ամենակալ ինքնիշխանություն բոլոր էությանց,

Օրհնության կոչումն, ավետաբար ձայն, բերկրության բարբառ,

Անմահության դեղ,

Որդի՛դ դու անճառ միակ Աստուծո,

Ինչ որ անհնարին է ինձ՝ դյուրին է քեզ համար.

Ինչ որ անհասանելի է ինձ՝ քեզ համար սահմանված է.

Ինչ որ անանց է ինձ՝ մոտիկ է քեզ համար.

Ինչ որ ծածկված է եղկելույս՝ մերձավոր է քո երանությանը.

Ինչ որ անկարելի է ինձ՝ քեզ համար կատարված է.

Ինչ որ ինձ համար անկշռելի է՝ քո անճառության համար չափված է.

Ինչ որ հուսահատեցնում է ինձ՝ քեզ սփոփանք է բերում.

Ինչ որ անբժշկելի է ինձ՝ անվտանգ է քեզ համար.

Ինչ որ հեծություն է պատճառում ինձ՝ քեզ համար խնդառիթ է.

Ինչ որ ծանր է ինձ՝ թեթևագույն է քեզ համար.

Ինչ որ եղծված է ինձ համար, զորեղությանդ համար գրված է.

Ինչ որ ինձ համար կորած է, քո ձեռքումն է այն,

Ինչ որ անճառելի է ինձ՝ քեզ համար համրված է.

Ինչ որ ինձ համար մռայլ է, քեզ համար ճառագայթ է.

Ինչ որ ինձ համար անհաշվելի է, բովանդակված է օրհնյալ ձեռքերիդ մեջ.

Ինչ որ սոսկալի է ինձ՝ հաճելի է քեզ համար.

Ինչ որ փախչելի է ինձ՝ քեզ համար վանելի է։

Ինչ որ անմատույց է ինձ՝ դյուրամատչելի է քեզ համար.

Ինչ որ մահաբեր է ինձ՝ քո աստվածային զորության համար անգոյություն է։

Բ

Բայց դու, ողորմած Աստված բոլորի, Տեր Հիսուս Քրիստոս,

Եթե գթաս ինձ, կարող ես ելքի մի հնար գտնել։

Հանուն քո օրհնյալ Հոր վսեմ փառքի և քո Սուրբ Հոգու կամքի գթառատ՝

Տե՛ս տառապանքներն իմ տաժանելի՝ քեզ հայտ-հանդիման,

Եվ սրտիս խորքից դատախազ լինելն ինքս իմ անձի դեմ։

Իմ ամենացրված բնության իսկությա՛նը նայիր դու

Եվ բժշկություն պարգևիր իմ վերքերին,

Տո՛ւր հնարավորություն՝ կորուստից դուրս գալու,

Զերծումն՝ բազմամասնյա մահից և կենաց շավիղ՝ ապականվածիս,

Նորոգություն՝ եղծյալիս և հույսի մուտք՝ ամբարշտիս,

Եթե ես, հակառակ իմ բնությանը, կամք ցուցաբերեցի այս բոլորն ասելու,

Հապա դու որքա՜ն ավելի պիտի բարերարես ինձ, ինչ որ բնածին և հատուկ է քեզ։

Եթե փշերից քաղցրահամ պտուղ քաղվեց,

Քո կենաց ծառից ո՜րքան ավելի անմահական համ պիտի ստացվի։

Եթե ես իմ ատելիների համար քո ողորմությունը խնդրեցի,

Դու ինչպե՞ս պիտի կրկնակին չտաս քո անսպառ առատությունից ինձ, որ քոնն եմ, ո՜վ ամենազոր։

Գ

Արդ, քո մեծությունը տե՛ս, բարձրյալ, և նայելով իմ փոքրության վրա,

Ընդունի՛ր սակավ խոստովանությունն անթիվ մեղքերիս,

Ո՜վ դու, որ տեսնում ես բոլորը։

Եվ ինչպես որ հաշվի չառար Վեմի գլորվելը,

Անտեսի՛ր նույնպես սասանվելը դու փոքրիկ ավազիս.

Ինչպես որ իսկույն վերացրիր Դավթի պատժապարտությունը, երբ ասաց՝ մեղա,

Նույնն արա՛ և ինձ, ո՛վ երկայնամիտ, լսելով ձայնն իմ հեծեծանքների.

Դու, որ բոլորին անաչառությամբ և առատորեն

Տալիս ես, որպես հաղթող բարի, բազմիմաստ

Եվ չես նախատում հետին ստրուկիս, որպես ողորմած և ամենաստեղծ,

Ստացի՛ր կրկին և մի՛ կորցնի ինձ՝ քո արյունով բուժվածիս, գթա՜ծ.

Զի դու կարող ես քավել ու փրկել,

Եվ քեզ վայել է փա՜ռք ամեն ինչում հավիտյանս. ամեն։