Բան ԾԶ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Իսկ իմ՝ մահառիթ մեղքերի դժոխարմատ ծառիս դառն պտուղները,

Որոնք ընտանի թշնամիներ են, հակառակորդ հարազատներ և որդիներ դավաճան,

Ստորև պիտ նշեմ մանրամասն ու ցույց տամ իրենց իսկ անունով,

Որոնք են ահա՛.

Սիրտ նանրախորհուրդ, բերան չարախոս,

Աչք հայրատատես, վրիպալուր ականջ, ձեռքեր մահաձիգ,

Երիկամունք անփորձ, մոլորաշավիղ ոտքեր,

Ընթացք աներկյուղ, խոտորնակի հետք, ծխախառն շունչ,

Գնացք խավարային, լյարդ քարահանգույն,

Դատարկ խորհուրդ, անկայուն կամք, անփոփոխ չարիք,

Բարեմասնություն սասանյալ, հոգի տարագիր, վաճառված ավանդ։

Վիրավոր գազան, նետահար թռչուն,

Փախստական քարավեժ, բռնված հանցապարտ, ծովակուր ավազակ։

Նենգավոր զինվոր, անպատրաստ մարտիկ, անժույժ սպառազեն,

Անաշխույժ մշակ, անխրախույս աղոթավոր, ստորաքարշ բեմական,

Քահանա անկնդրուկ, օրենուսույց աննվեր։

Դպիր կշտամբված, խելագար իմաստակ, անճոռնի ճարտասան։

Կերպարանք անպատկառ, անամոթ դեմք և լպիրշ երես,

Գույն անհրապույր, տմարդի տիպ, ծանակված գեղեցկություն,

Խանգարված խորտիկ, գարշելի ճաշակ,

Գաղձախեղդ այգի, որդնահար որթ, փշաբեր պարտեզ,

Հասկ ուտիճակեր և մեղր՝ դարձած մկների ճարակ,

Անպաշտպան անկյալ, սնապարծ հուսահատ, անհամոզ նզովյալ,

Անհաշտ բաժանված, ունայնաբան շաղակրատ, անասնամիտ գոռոզ,

Անասնորեն ապիրատ, դժոխային ագահ, հանդուգն ապերասան,

Մոլեգնություն անաստված, ձեռնձգություն սպանիչ,

Տատասկացան երկրագործ, երջանկություն եղկելի,

Վատթարացած մեծություն, անշքացած վայելչություն,

Տկարացած կարողություն, խոնարհված բարձրություն,

Ոտնակոխ փառավորություն, պատվիրանազանցություն մշտական և ինքնակամ սխալանք,

Մատակարար խարդախ, նենգավոր խորհրդակից,

Բարեկամ գժտված, հազարապետ գողամիտ,

Մերձավոր կծծի, բաշխող ժլատ, վերատեսուչ կարկամ,

Ոգի անկարեկիր, ըղձանքներ անսեր.

Մարդատյաց բարք և անգութ աղիք,

Ընթացք անխոհեմ, աներևույթ ախտեր,

Անիծյալ գաղտնիքներ, նախատելի դիպվածներ։

Վաճառական վատնող, շվայտ շահարար, արբեցող պաշտոնյա,

Խարդախ գանձապահ, բանսարկու պատգամավոր, դռնապան քնկոտ։

Աղքատ հպարտ և զլացող մեծատուն,

Դիվանապետ անօրեն, պահապան մատնիչ, բնակակից չարախոս,

Սուրհանդակ անժաման, մեղապարտ թղթաբեր,

Խռովարար առաքյալ և միջնորդ անմիտ։

Արքա արտալած, թագավոր թարմատար, կայսր հոգեկործան,

Իշխան տիրադավ, զրկող զորավար,

Աչառու դատավոր, ինքնագլուխ ռամիկ։

Նախատողի ծաղր, սիրելիի լաց,

Բանագրի պարսավ, հանդիմանողի դատախազություն։

Քանզի վեհագույն այդ կոչումները ես էի կրում երբեմն իրոք,

Իսկ հետո վատթար որակումներին այդ արժանացա։

Սրանք են ահա և այլ բազմաթիվ խարդախություններն այն վնասակար,

Որոնց մի քանիսից խաբվեցի ես որպես հիմար,

Եվ ոմանց կողմից տկարաբար տիրվեցի,

Ինքս ինձ կամովին մատնելով մահվան։

Բ

Արդ, քեզ ատելի և ինձ դեպի կորուստ տանող

Վերոհիշյալներից որո՞նք ընծայեմ քեզ ի սպաս պաշտամունքի.

Ապականությամբ պաշարվածիս որպիսի՞ք ներկայացնեմ քո ամենասուրբ մեծությանը.

Եվ կամ դու որքա՞ն երկայնամտությամբ պիտի համբերես այսքան մեղքերիս.

Որքա՞ն ներես, ինչպե՞ս պիտի լռես,

Եվ մանավանդ ինչպե՞ս պիտի հանդուրժես.

Մահու սատակման արժանուս ինչպե՞ս չենթարկես գանակոծության։

Բայց անճառագայթ մթությամբ խավարամած հոգիներին

Քո ողորմության լույսով հանդիպիր դու,

Բժշկելու, քավելու և կենագործելու համար նրանց.

Ո՜վ զորեղություն անվթարելի, քեզ փա՜ռք ամեն ինչում. ամեն։