Բան ԾԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ այսպես ահա՛, ողորմում ես դու բոլոր քեզ վրա հույս դնողներին,

Ո՜վ սկզբնալույս աչքի տեսողության և սրտի գիտության Հիսուս,

Դո՛ւ ես բարերարում, դո՛ւ ես տալիս կյանք և անմահություն։

Դեպի ինձ դարձիր քո գթությամբ, և պիտի պատրաստես իմ դարձը առ քեզ կրկնակի՛ բերկրությամբ,

Զի առանց քո կամքի չեմ կարող լինել վերանորոգված.

Եվ եթե չկամենաս գթալ, չեմ կարող փրկվել մահապարտս ես.

Եվ կառավարիչդ եթե չհարթես դեպի քեզ բերող ճանապարհը՝

Աջից ու ձախից խորունկ վիհերն ինձ կորուստ կսպառնան։

Բ

Չեմ պարծենում ես՝ նախատյալս ամեն կողմից,

Չեմ պանծանում պարսավյալս,

Չեմ խրոխտում լքյալս,

Չեմ մեծաբանում պապանձյալս,

Չեմ ըմբոստանում ծաղրյալս,

Չեմ երջանկանում եղկելիս, և չեմ արդարանում ամբարիշտս,

Քանզի, ինչպես առանց սանձակալի երիվարն ուղիղ ընթանալ չի կարող,

Ո՛չ էլ նավն առանց ղեկավարի կշարժվի առաջ,

Ո՛չ արորն ուղիղ ակոս կբանա առանց մաճկալի,

Եվ ո՛չ զույգ լծերն հարմար կընթանան առանց հոտաղի,

Ո՛չ ամպը առանց քամու կչվի,

Ո՛չ աստղերն անժամանակ կցնդեն ու կգումարվեն.

Եվ արևն առանց տարրեղեն օդի իր շրջանը կբոլորի,—

Այդպես նաև ես այդ բոլորի հետ չեմ կարող անել ոչինչ, ոչ մի բան

Առանց բարեգործիդ ակնարկության և հրամանի։

Զի դու ես միայն, որ կյանք ես տալիս բանականներին

Ու խնամք տանում արարածներին բոլոր-բովանդակ,

Եվ քո ձեռքումն է իմ փրկությունը, ըստ սաղմոսողի։

Դո՛ւ ես հնչեցնում ամեն հասակի մարդկանց ականջին

Քո ավետաբեր ձայնը խնդալից.

«Իմ հանգստին եկեք, սաստիկ հոգնածներ, և ես ձեզ պիտի մաքրեմ մեղքերից»։

Գ

Իսկ ինձ ի՞նչ օգուտ լվացումից, եթե պիտի դարձյալ դառնամ զազրելի,

Եվ կամ ի՞նչ օգուտ ճաշակումից, եթե գեհենի պիտի մատնվեմ.

Ինչպե՞ս պարծենամ ես Աբրահամով, երբ խորթացել եմ նրա գործերից,

Գարշելի որդիս ամովրացի հոր և մոր՝ քետացի կամ քանանացի,

Ըստ մարգարեական խոսքի՝ կարծես թե ինձ համար ասված.

Ժառանգս մերժելի՝ եթովպացի և ո՛չ Սառայի արգանդի ծնունդ,

Ըստ այն առածի, որով տեսանողն ինձ է ակնարկում.

Ես եղբայրս Շամրինի կամ Գոմորի,

Անլվա և անաղելի

Ծնունդս՝ Ոողի և Ոողիբայի խակակութ և տհաս պորտի,

Ըստ Եզեկիելի կրկնանախատ կշտամբության։

Դ

Ինչպես ոմն, որ հողմակոծ ծովի ծփանքների մեջ

Սաստկապես ծեծկված, լլկված ուժգին ու խիստ տագնապով

Կտարվի՝ ընկած հեղեղագնաց հախուռն հոսանքում,

Որ ձեռքի մատներն այս կողմ ու այն կողմ տարուբերելով,

Զերթ գարնանազայր գետերի հուժկու հորձանքից քշված,

Ակամա վազքով և թավալգլոր խղճալիորեն,

Ու խառնախռիվ, պղտոր, գարշահոտ, տղմախառն, մամռոտ ջրեր կուլ տալով,

Շնչասպառ իսպառ կքշվի մահաբեր սաստիկ ցավերով

Ու կխեղդվի ուղխերում սուզված,—

Այդպես եմ և ես՝ եղկելիս, ահա,

Խոսում են՝ ու չեմ իմանում,

Գոչում են՝ ու ոչինչ չեմ լսում,

Ձայն են տալիս՝ ու չեմ արթնանում,

Կանչում են՝ ու տեղիցս չեմ շարժվում,

Փող են հնչեցնում՝ և չեմ գումարվում,

Վիրավորվում եմ՝ ու չեմ զգում,

Ու գարշատեսիլ կուռքերի նման թափուր եմ իսպառ բարի մտքերի ներգործությունից։

Բերված օրինակն, արդարև, պատկերն է իմ իսկական,

Բայց ավելի քան ատելի, վատթար և մեղադրելի

Եվ Քրիստոսի ատյանին մատնվելու արժանի։

Ե

Եվ քանզի անդարձ ճանապարհի համար իմ այս կտակը,

Որպես հիշատակ աշխարհում գործած մեղքերի՝ թողի ընթերցողներին,

Որ իմ խոսքերով հանապազ աղոթք կարդան առ Աստված,—

Թող որ այն մնա իբր ընդունելի խոստովանության

Ողբաձայն աղերս-աղաղակ ընդմիշտ, ո՛վ ամենակալ,

Եվ գիրն այս՝ մարմնիս, և խոսքը՝ հոգուս տեղ

Թախանձեն թող միշտ անսահմանելուդ,

Իբր անեղծական անմահ մաղթողից ընդունելով այս աղերսն իմ ձայնով.

Բարեգո՜ւթ, մարդասեր, օրհնյալ հավիտյանս. ամեն։