Բան ԾԳ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Զորությունների՛ դու Տեր և թագավոր բոլոր գոյությունների,

Օրհնաբանված ողորմություն և բոլորի Աստված,

Որ իշխում ես լայնատարած և ընդարձակ անսահմանության վրա,

Դու ես չափն ու քանակությունը բոլոր մեծությունների,

Մինչ այն աստիճան, որ կարծրը հեղուկ է քեզ մոտ և լույծը՝ պնդակազմ,

Անհնար ոչինչ չկա քեզ համար, ո՛վ դու հաղթական զորություն ահեղ.

Հուրը զովասուն ցող է քեզ համար և անձրևը՝ բոց կիզանողական։

Քարին կարող ես դու կյանք ներշնչել ու տալ կերպարանք,

Եվ բանականին դարձնել անխոս և անշունչ արձան։

Պատվի ես արժանացնում դու քեզ ողոքող մեղապարտին

Եվ կարծեցյալ մաքուրին՝ արդար քննությամբ դատապարտում։

Մահամերձին բարի բերկրությամբ արձակում ես դու,

Եվ ամոթահարին՝ օծությամբ դարձնում զվարթերես։

Ոտքի ես հանում թակարդի մեջ գլորվածին

Եվ սասանյալին ապահով վեմի վրա հաստատում։

Հիվանդին բազմահառաչ երջանկացնում ես դու,

Առաջ գնացածին ետ դարձնում վերստին։

Եվ երբ սպառվում են բարիքները մեզ համար,

Այնժամ դու է՜լ ավելի զարմանասքանչ գործեր ես կատարում,

Քանզի դու գիտես ներել մեր մեղքերն ու անօրենությունները ջնջել,

Քավիչ լինել անիրավությունների և մեր մեղքերը չհիշել,

Ինչպես գրում են Եսային և Երեմիան։

Բ

Եվ քանզի այս նոր փրկության շնորհներին գոհաբանությամբ հետևելով

Եվ տեսնելով նրանց շատությունն անբավ, լռեցի իսկույն ու պապանձվեցի.

Ուստի և ահա՛ հիշելով դարձյալ լույսիդ անսպառ բարիքներն ամեն,

Որոնք քո կողմից պարգևված են ինձ՝ համառ թշվառիս,

Քո՛ աղերսով՝ քե՜զ պիտի պաղատեմ,

Իմ այս մատյանի խոսքերին դարձյալ համարեցնելով

Թախծությամբ լեցուն հեծեծագին բազմաթիվ տողեր։

Սակայն ի հաճույս տվողիդ պիտի առնեմ ու խառնեմ՝

Ցավերի հետ՝ դեղ,

Վհատության հետ՝ խրախույս,

Հուսահատության հետ՝ հիշատակն անվան հաստողիդ,

Տխրությանս հետ՝ սփոփանքը քո,

Դառնությանս հետ՝ քաղցրությունը կենարարիդ,

Օրենքի պատժի հետ՝ քո շնորհը,

Անիծապարտության հետ՝ օրհնությունդ ազատարար,

Մարմնի մահվան հետ՝ նորոգությունդ կատարյալ։

Գ

Հավատում եմ ես հզորիդ խոսքին և հաստատում այն.

Լսի՛ր դու սրտիս լռությունը, Տե՜ր Հիսուս,

Որը դեպի քեզ մեծաձայն հնչումն է երկարագոչ։

Մարմնակից ու պատկերակից լինելով մեզ հետ,

Ինչպես անօրինակ քահանայապետ, օրինակի լուծը խորտակելով.

Անասունների տեղ մահվամբ զենված,

Բարեբանված մարմնիդ նվիրումով

Անմահապես մատուցվում ես միշտ և քավություն շնորհում աննվազորեն

Ոչ միայն սակավ մեղանչողներին, այլ նաև նրանց,

Որոնք փրկության ոչ մի հույս չունեն։

Կյանքը մեղքի մեջ մեր մարմնի համար ինչքա՞ն կարող է տևական լինել,

Եթե մինչև իսկ բյուր-բյուր տարիներ երկարաձգվի,

Երբ դու Աստվածդ զենումն հոժար կամքով հանձն առած,

Մահն համբերությամբ տարար՝ բաշխվելով ի քավություն մեզ։

Աղբյո՛ւրդ մաքրության, ոչ թե մահապարտ լինելով ես դու զոհվում օրեցօր,

Այլ որպեսզի մեզ հաշտեցնես Հորդ հետ՝ հաճեցնելով նրան,

Քո կամքով, Հոգուդ գործակցությամբ՝ մատուցվում ես միշտ։

Իսկ դու, բոլորի Աստվածդ անքնին, իմ պատկերով՝ ինձ՝

Փրկությանս համար, իմ անունից,

Որպես թե ես ինքս կցորդվելով՝ միացած լինեի

Նույն մարմնով պարունակված էությանդ հետ,

Ո՜վ բարերար, ինձ համար և իմ կերպարանքով,

Փոխ առնելով իմ պարտքերը և անպարտդ մահ ընդունելով

Մահապարտիս պատիժն ու պատուհասը,

Իմ անունով հանցավոր դառնալով,

Որպես թե կամավոր կերպով քո փոխարեն ես կկրեի,—

Բազմիցս մեռնելով՝ մնում ես դարձյալ կենդանի։

Ոչ թե ուրացողների ձեռքով, այլ հավատացողների հավատքով է,

Որ նվիրվում ես դու աստվածորեն ու բաշխվում անհատնում մասերով։

Դ

Ոմն աղոթավոր, կուռքերի մի պաշտոնատար

Այս մասին մի մեծ և անկշռելի դատողություն էր անում,

Հույս տալով իրեն անհարմարագիր խոսքով այսպիսի.

«Հավատում եմ ես տիրանալ փառքի և երջանկության,

Երբ հասնի վախճանն անցավոր մարմնիս։

Այդ նույն խորհրդի միջոցով, քան թե մարտիրոսությամբ իսկ,

Էլ չխոսելով իմ թշվառությունն ուղղելու մասին»։

Բայց նկատեցի, որ նա անճառությունն այս խորհրդի դավանում էր այնպես,

Թե մաքուրներն իսկ, առանց նվիրման այս հիշատակին,

Թե գոնե հոգով խառնվելով այդ մեծ հրաշակերտության հետ՝

Չեն կարող իսկապես բոլորովին կատարյալ դառնալ։

Եվ ապա ասում էր նա հուսալով վստահապես՝

«Մեղավորիս համար դու կրկնապես մատուցվեցիր և եղար իմ եսը ճշմարտապես՝

Քո համեղության փոխարեն դառնությունն իմ առնելով,

Եվ քո իսկ մարմնով՝ լուսեղեն կյանքի նշխարովդ դու պատարագվեցիր»։

Եվ սակայն, քանզի վերնատան մեջ, առաջին անգամ,

Բարեշնորհ հաղորդության խորհրդի ժամանակ,

Որպես անհնար և անբուժելի մեղքերի դարման՝

Նա բաշխեց մարմինն ու արյունը իր որպես քավություն,—

Ուստի և, ահա, հաղորդությունն այս վեր է դասում նա,

Քան թե վկայվածի նահատակությունն արյամբ կատարված։

Այս օրինակով համոզված էր նա և հավատացնում էր միանգամայն,

Թե այս փրկանքով հնարավոր է հասնել հարգանքի և փառքի տիրանալ,

Քան թե քավությամբ և ողորմությամբ կամ շնորհումով.

Զի աստվածային զորությունը վեր է, քան թե մարդկայինը,

Եվ աստվածախառն տիրական մարմնի կամավորական նվիրումն է վեհ,

Քան անասնական սպանդի մատուցումը.

Անմահը, քան թե մահկանացուն,

Լույսը ահավոր, քան թե խավարը,

Հավիտենականը, քան թե անցավորը,

Բարձրյալը, քան թե երկրավորը,

Անստեղծը, քան թե եղածը,

Իսկությամբ բարին, քան թե բնությամբ վատը.

Մանավանդ որ իր ձեռքն է կամենալն ու կենսագործելը,

Տալով օրհնության առիթ և ոչ թե պատճառ՝ դառն անեծքների։

Ե

Աղաչում եմ, գթա՛ծ, տուր հոգով-սրտով խոցվածիս

Երկնից ընծայված կենաց դեղը քո։

Քաղցրությամբ, Տե՜ր, մոտեցիր դու ինձ՝ բազում մեղքերով ախտավորվածիս.

Ջնջի՛ր պարտքերս, ամենակատա՜ր բավականություն։

Եվ ճշմարիտ է ինձ համար, իրոք, իմաստն այս խոսքի,

Թե՝ ստեղծիչդ ամենայնի՛ սրբերի մեջ ես բնակվում.

Ճիշտ է արդարև, թե ինչ որ ցանես, նույնը կհնձես,

Ինչպես Պողոսն է ասում հիրավի՝

Ցավագին աչքերն արևի տապին տոկալ չեն կարող։

Իսկ դու, բարերար, ստեղծիչդ ամենայնի՝ ոչնչությունից,

Գնահատում ես հավետ իսկապես դավանելը քեզ,

Որպես կարող ուժ՝ կյանք տալու համար։

Օրենքով դու չես սահմանափակված, այլ վեր ես ամեն մի սահմանումից,

Եվ մանավանդ թե կարող ես խզել կանոնի ամեն տեսակ կապանքներ,

Մնալով միայն ի՜նքդ ավետյաց պայման ու խոստում

Հույժ տարակուսյալ հանցավորների համար համորեն։

Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգու հետ՝ փա՜ռք, իշխանություն հավիտյանս. ամեն։