Բան ԾԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Օրհնյա՜լ տիրապես էությանդ մեջ,

Անսահմանելի, անփոփոխելի, իսկապես բարի,

Պաշտում խնկելի և երջանկություն խոստովանելի ամենայն երկրի,

Հարատև հույսի ամենապատրաստ դու հայտնություն,

Գթած, ողորմած, որ չես պահում ոխ մի ակնթարթ իսկ

Ընդդեմ բազմամյա մեղանչումների։

Անսահման առավելությամբ և հրաշապես զարմանալի,

Ավելի, քան թե երբևէ բոլոր նախահայրերին,

Դու քո երկնահոս և բարեբանյալ վտակները ողորմության

Նոր շնորհաբաշխությամբ՝ մեկի տեղ կրկնակի հաճեցիր հեղել։

Երբեմնի անձուկ լուսամուտը այն, որտեղից հազիվ, ըստ Սողոմոնի,

Չափավոր գիտությունների աղոտ նշույլներն էին թափանցում,

Դու, ինչպես նրա, այնպես նաև ինձ՝ թշվառիս համար բացիր ընդարձակ,

Առագաստն այն անջրպետող, որ արգելում էր

Մուտքն աստվածային ողորմության ձրի պարգևների։

Անցյալում՝ ավետավոր հիշատակումների հետ

Պատկերավոր օրինակներով ասացիր դու մեզ.

«Դարձեք դուք ինձ, և ես ձեզ պիտի դառնամ»,

Կամ՝ «Երբ կդառնաս ու կհառաչես, այնժամ դու կապրես»։

Բ

Եվ կամ թե՝ «Աղջամուղջի սևությունը դու կփոխարկես ձյան պայծառության,

Եվ արյամբ ներկված մարդկանց դու կդարձնես գեղմի պես մաքուր» ըստ Եսայու և Զաքարիայի,

Թե՝ բարկությանդ մեջ ողորմությունդ էլ ես մտաբերում.

Թե՝ Իսրայելի քաղաքները անապատանան պիտի

Եվ ապա դարձյալ դառնան բնակելի.

Թե՝ ճանապարհները պիտի ամայանան առ ի չգոյե մարդկանց.

Եվ ապա դարձյալ դառնան բանուկ.

Թե՝ պիտի թուլանան ոգու սովով և քո ձեռքով դարձյալ զորանան.

Թե՝ Աստված զայրագին իր տեղը պիտի գնա

Եվ պիտի դառնա դարձյալ ողորմությամբ.

Կթողնի նա մեզ՝ բայց և՛ կների.

Կսաստի թեև ու կսպառնա, բայց և կրկին կպաշտպանի.

Եվ մինչ խռովահույզ է սիրտը նրա՝ կշարժվի գութն իր խնամքների։

Գ

Մարգարեների խոսքերն այս խնկելի,

Որոնք քո օրհնյալ գալստյան հրամանն էին ազդարարում առաջուց,

Եվ որ հնար չէ նյութեղեն լեզվով բոլորը թվել, քանզի անբավ են,

Օրինակներ են, նմանություններ նվազ, փոքր ու հին, ժամանակավոր՝

Քո ավետավոր հայտնության և խաչիդ փրկագործության համեմատությամբ։

Դու ամենուրեք կառուցեցիր խորաններ՝ քո արյան ուխտի վկայության,

Որոնք մեծաբարբառ աղաղակում են միշտ՝

Աբելի մահվան դատակնիքից ավելի բարձրաձայն հռչակելով,

Հաղթանակը բարի պատերազմիդ

Հանուն երկրորդ և անմահ կյանքի շնորհների՝

Մկրտության, հարության, նորոգության,

Ընտանության քեզ հետ և քո Սուրբ Հոգու միավորության,

Քավության, ազատության, լուսավորության,

Մշտնջենավոր մաքրության և ճշմարիտ երանության,

Վերնայինների հետ կցորդության, անկապուտ փառքի,

Եվ մեր շուրթերի՝ բարձրյալին ուղղած աղաչողական հաշտարար խոսքի։

Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,

Գրում եմ այստեղ ես ի հիշատակ մեծ երախտիքիդ.

Կարող ենք լինել մենք աստված նույնիսկ՝ շնորհներով ընտիր

Եվ ստեղծողիդ հետ միանալ՝

Տերունի մարմինդ ճաշակելով և խառնվելով կենաց լույսիդ հետ,

Մինչ ըստ Պողոսի՝ չուներ հին օրենքն այսպես կատարյալ երջանիկ խոստում։

Իսկ դու, փրկությո՜ւն, քավիչ բոլորի, եկար հայրենի քո հարստությամբ

Եվ մեր հույսն առ քեզ անկրճատելի՝ արիր հարատև կատարելապես։

Փա՜ռք քեզ Հորդ հետ՝ ի գովք Սուրբ Հոգուդ բարեբանության,

Հավիտյանս հավիտենից. ամեն։