Բան ԾԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, ես մահացուս ամենապատիր՝ երկրածնի՞ միթե պաղատեցի մի,
Որին ընդունայն է աղաղակել.
Մահկանացուի՞ միթե բանական,
Որից փրկություն հուսալը լինի սնոտի ու սուտ.
Ոմն եղծականի՞,
Որի զորությունն անուժ խոսքի պես լինի զուր, նանիր.
Երկրավոր գահակալ իշխանների՞,
Որոնց բարիքներն էլ իրենց նման լինեն անցավոր.
Հարազատ եղբո՞ր,
Որն ինքն էլ կարոտ լինի իր անձի անդորրությանը.
Հո՞րն իմ երկրավոր,
Որի օրերի նվազության հետ խնամքն էլ է պակասել.
Ինձ ծնող մո՞րս,
Որ հրաժարված լինելով կյանքից՝ գութն է ցամաքել.
Արդյոք աշխարհի թագավորների՞ն,
Որոնք մեռցնելու, քան թե կյանք տալու հնարքներ են միշտ մտածում միայն,—
Այլ քե՜զ դիմեցի, բարերա՛ր Աստված, օրհնյալ ի բարձունս,
Որ կենդանի ես և կենդանություն կտաս բոլորին.
Եվ մահից հետո էլ անեղծապես կարող ես նորոգել։
Բ
Եթե քեզանից փախչենք, դու մեր ետևից կվազես.
Եթե տկարանանք, կզորացնես.
Եթե շեղվենք, դու մեզ շիտակ շավիղի վրա կհանես.
Եթե պատկառենք, կքաջալերես.
Եթե հիվանդանանք հոգով ու մարմնով, կբժշկես.
Եթե գարշանանք մեղքերով, կմաքրես.
Եթե ստենք, քո ճշմարտությամբ դու մեզ կուղղես.
Եթե գլորվենք անդունդներ անտակ, երկինքը ցույց կտաս մեզ.
Եթե մենք չուզենք մեր կամքից դառնալ, դու կդարձնես.
Եթե մեղանչենք, կողբաս, եթե արդարանանք, կժպտես.
Եթե օտարանանք, կսգաս, եթե մոտենանք, կտոնես.
Եթե տանք, կընդունես, եթե դանդաղենք, կհամբերես.
Եթե մենք ապերախտ լինենք, դու առատապես կշնորհես.
Եթե թուլանանք, կտրտմես, եթե արիանանք, կխնդաս։
Գ
Հարյուրերկուերորդ սաղմոսն օրհնաբան և հրաշագեղ սփոփում է սիրտն իմ վհատյալի.
Եվ ավետում է ինձ կյանքի մեծ հույս, որպես հավաստիք անձիս փրկության.
Հաղթահարում է դևերին բոլոր և բանսարկուին մատնում վարանքի,
Ինչպես տերունի խաչի նշանը պանծալի, բարեբախտ և հրաշափառ,
Անխոնարհելի բարձրությամբ լուսո և անպարտելի զորությամբ վերնույն
Ախոյան է նա կանգնել անհողդողդ անշարժելի հավերժ-հավիտյան
Ընդդեմ բռնության անբարեբարո Բելիարի։
Նա ունի իր մեջ գիտուն, հետամուտ մտքերի համար հոգեշահ գանձեր,
Որոնք բերում են մահվան՝ պարտություն, մեղքերին՝ լուծում,
Կրկնակի հույսեր՝ ա՛յս և անվախճան կյանքերի համար,
Եվ արդարներին՝ անեղծանելի նորոգման խոստում,
Բարեհրավեր և կենդանատու կանոններ՝ գրված Աստուծո Հոգով։
Եվ ոչ միայն այդ, այլ բոլոր երգերն էլ սաղմոսների՝
Մի-մի կտակ են մարդկության համար կենդանագրված,
Որոնք, արդարև, մաքուր սրտերին են տեսանելի։
Դ
Նախկին օրենքը, որ նոր օրենքի օրինակն էր թույլ,
Որպես առաջին անգամ տեղ հասնող մեծ ավետագիր մահվան կործանման՝
Երկնակրոն, վերնակենցաղ և մի՜շտ անճառելի կյանքի ավետիս
Ու վստահություն էր պարունակում,
Եվ սակայն գրվածքն այդ
Ջնջելի էր և նրա օրինակն՝ այլայլելի.
Հուսահատ հանցավորներին դատապարտելու պաշտոն ուներ նա,
Երկրային մի կտակ էր այն խափանելի և տկար միջնորդ հաշտարարության,
Եվ որով խոսքերն աղոթողների անկատար էին։
Այդ մասին ստույգ վկայում է փրկությունը Մանասեի՝
Նրա այնքան շատ և անբուժելի մեղքերից հետո.
Նա, որ արդարների արյունով լցրեց մեծ թագավորին նվիրված
Հրաշանուն քաղաքն հայրենի, ըստ մարգարեագիր անսուտ պատմության։
Նա, որ տեսանողներից մեծին իսկ՝ բազմերախտ պաշտպան իր դաստիարակին,
Նախնակերտ հարկի տեսչին սղոցեց մահվան մեքենայով,
Եվ մարմինն երկու կտոր անելով՝ մաշեց դժնդակ չարչարանքներով,
Եվ ապստամբության խորհրդով կտրելով փրկանակն հույսի։
Դրա հետ մի այլ չարություն էլ նա գործեց մոլեգին.
Ընդդեմ բարձրյալի հանդգնեց մղել նա քրեական մի աստվածամարտ,
Քանզի չամաչեց երբեք՝ Արարչի պատիվն ու անունը յուրաբնակ խորանից մերժել,
Եվ հալածելով Աստուծո Հոգին՝ ինքը Բելիարի հետ համաձայնեց։
Քանզի նույն այդ տաճարը տիրական՝ Արարչի խնկարկությանը սահմանված,
Երկրային հռչակավոր հանդիսատեղին, ազգերին սարսափ ազդող սրբավայրը,
Որտեղ տեսիլներն հրեշտակային և աստվածային հրամաններն հաղթող՝
Լուսավոր, պայծառ հայտնությամբ էին ծանուցվում,
Այդտեղ, այդ երկնանման, սքանչելատես վայրը ահազդու քարուքանդ արեց
Եվ քառադիմակ ու նախանձարկու Քևան անունով մի կուռքի համար
Նա հույժ գարշելի պաշտոնատեղի ու դիվաճենճեր զոհարան դարձրեց։
Զրկելով երկնավոր թագավորին իր կայից արքայական,
Ամենահարուստին իր ստացվածքներից թափուր թողնելով,
Եվ տանուտերին արած անհանգիստ ու տատանյալ թափառական՝
Բեեղզեբուղի ձեղունը նկարազարդեց և ահեղ անունը վտարեց նրանից.
Գերի վարելով գովյալի ավանդը, ողբալի կերպով նվազեցրեց ողորմածի մասը.
Լույսի սրահը ապարանք շինեց փոքր աղվեսի համար,
Եվ ամեն ինչ ունեցողին ոչ իսկ մի տաղավար թողեց՝ իր գլուխը դնելու.
Հզորի ցանկապատը քանդելով՝
Արյամբ սրսկված սեղանն այն մեծախորհուրդ
Հատկացրեց բախտագուշակության ու հմայությունների։
Լայն ճանապարհներ բացեց բազմաթիվ գայթակղումների համար,
Դառնալով ինքը կորստյան հովիվ սատակման հոտին
Եվ մոլորության բուռն վարդապետ.
Եվ այդ բոլորը նա արեց, գիտենալով հանդերձ կրոնի օրենքները ողջ
Եվ ունենալով Դավթին նմանակից հայր՝ մեծ Եզեկիային։
Ե
Այսպես, նա այնքան չարիքներ գործեց, որ մինչև անգամ պատիվն Աստուծո,
Որն արքայական փառք ընծայեց նրան, հայհոյեց ու թշնամանեց,
Եվ սրախողխող սպանեց բազում աղոթողների։
Եղավ նա ընտանի դավաճան, մերձավոր վատնիչ,
Հարազատ սատակիչ, մեղսակից սպանող։
Չէր կարող դառնալ նա Աստծուն կրկին, զի ուրացել էր նրան.
Չէր կարող հիշել Աբրահամին, զի խորթացել էր նրանից.
Չէր կարող Իսահակով աղոթել, զի նզովված էր նրանից.
Չէր կարող Իսրայելով պարծենալ, զի տարագիր էր այդ մեծախորհուրդ կոչման շնորհից.
Չէր կարող դավթյան երգը երգել, զի կշտամբիչն էր նրա.
Չէր կարող մոտենալ քավարանին, զի պղծել էր այն.
Չէր կարող ապավինել աստվածագիծ տապանակին,
Զի այն գարշելի ձուլածոյի հետ էր փոխանակել.
Չէր կարող Մովսեսին դիմել, զի անքավելի էին իր մեղքերը նրա հանդեպ.
Չէր կարող աղաչել Ահարոնին, զի հանցապարտ էր նրա առջև։
Չէր կարող դիմել մարգարեների խմբին մերձավոր, զի նրանց սպանողն էր նա։
Սակայն և այնպես նրա մեղքերին քավություն եղավ
Եվ արքունի իշխանությամբ դարձյալ պարգևատրվեց,
Որպեսզի քեզ համար, ո՜վ բարերար,
Սերնդեսերունդ և դարե ի դար գովեստներ անճառ և անլռելի ավելացնես դու,
Եվ դարպասն հույսի՝ մտնելու համար միշտ անփակ պահես,
Ի փառս քո բարձրության և ի փրկություն դատապարտյալիս,
Ո՛վ անմահական պարգևների տվիչ Քրիստոս,
Գովյա՜լդ հավիտյան. ամեն։