Բան Ծ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ինչպես որ առանց Քրիստոս Աստուծո մեր հոգիներին փրկություն չկա,

Եվ ոչ էլ առանց աչքի տեսողության՝ լույսի զվարճանք,

Եվ կամ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,—

Այսպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության

Եվ ինքնապարսավ մեղադրանքների՝ չկա քավություն։

Զի քեզ ի՞նչ օգուտ քո մաքրությունից, փարիսեցու հետ եթե պիտ դատվես,

Եվ կամ ի՞նչ վնաս ինձ իմ մեղքերից, թե մաքսավորի հետ պիտի գովվեմ,

Կամ որտե՞ղ է ասվում, թե պարսավվեց Հովել մարգարեն, երիցս կրկնելով եղկությունն անձի,

Կամ մեղադրել կարո՞ղ է մի սուրբ՝ մեծագույն օրը հիշելու համար.

Եսային ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի դիտվի պղծաշուրթ,

Որ Իսրայելի տան արարքներից մնաց միշտ հեռու.

Եվ Աստված ինչո՞ւ մեղավոր լինի ադամյան մարմնով՝

Կարեկցելով ինձ՝ հանցավորապես Հորը աղոթած լինելու համար.

Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առակի.—

«Սիրտն իմաստունի սգո տանն է,

Իսկ սիրտն անմտի՝ ուրախության տանը»։

Զի նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում

Եվ բոլորի մեղքերը չի համարում իրենը,—

Ինչպես երջանիկն այն արքաներից, որ մեղավոր էր համարում իրեն հայրերի գործած հանցանքների մեջ,—

Դրանով իսկ նա մեղանչում է խիստ և կորցնում իր արդարությունը,

Ինչպես մեկը, որ անախտակիր է կարծում մարդկային բնությունը իր,

Եվ սիրտը երբեք չի կարող բերկրել այն զվարթությամբ,

Որ պարգևում է ավետումն հույսի, եթե Քրիստոսի առաքյալից սովորած՝

Չկարողանա տրտմել Աստուծո կամքի համաձայն, ինչպես ասված է։

Բ

Արդ, ըղձալի է ինձ այստեղ հիշել հոգևոր այն հանճարեղի

Խրատն հինավուրց, և սակայն միշտ նոր, որ Տերն իսկ կրկնեց.

Ամբարիշտների նանրախորհուրդ ժողովներում

Չգնալ նստել հպարտների առաջին բարձին,—

Որից հաստատուն ուխտ ու պայմանով՝ հրաժարեցրին Դավիթն ու Երեմիան,—

Այլ իրենց մեղքով խիստ ամոթահար մեծ դատաստանի հատուցման ահով սասանածների սրտանց զղջացածների հետ՝

Եվ խոնարհ կամքով հավասարվել հետիններին այստեղ երկրի վրա.

Սրանցով է, որ բերկրում է բարձրյալ Աստվածն ու պարարվում։

Եվ այսպես ահա, ես էլ նրանց հետ, հետևելով այդ խրատին,

Համարձակվում եմ նախադաս լինել բազմականների հետ երանելի։

Այսպիսով զերծ կլինենք մարգարեի մեղադրական այս խոսքերից,

Որն ակնարկում է վեսերից ոմանց.

«Մի՛ մոտենար ինձ, զի մաքուր եմ ես, և ո՞վ կարող է նայել ինձ»։

Երջանիկ Դավթի անսահման խոնարհությունից օգտվելով՝ կարող կլինեմ նրա հետ ասել.—

«Որպես անասուն համարվեցի ես՝ զգայազուրկ եղած,

Վրա հասան չարիքներն ու ինձ պաշարեցին.

Նեխեցին վերքերս ու փտեցին անբժշկելի՝ անզգամության պատճառով»,

Ինչպես նաև Ասորեստանում՝ ընտիր, անարատ անձերից ոմանց

Ինքնադատական կշտամբանքները մեղապարտության,

Որոնցից Եզր մեծ քահանայի այս խոսքն եմ ահա կրկնում ես ինքս.

«Ոչ իսկ երեսն իմ կարող եմ առ քեզ բարձրացնել, Աստվա՛ծ»։

Գ

Արդ, ես ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց,

Խառնելով մեղքերս նրանց մեղքերին,

Եվ նրանցով դառնությունն իմ կրկնակի ավելացնելով՝

Հեծեծեմ պիտի նրանց հետ դարձյալ,

Թեպետև պետք չէ գարշ գույնի վրա նոր տգեղություն ավելացնել։

Ահա և հիմա ես մեղանչեցի, զի անմտությամբ գործեցի քեզ անհաճելին՝ բազում հանցավոր սխալանքներով։

Նայիր ինձ, գթա՛ծ, ինչպես որ երբեմն ուրացության մեջ բռնված Պետրոսին,

Զի ծայր աստիճան ես ունայնացա։

Քո ողորմության ճառագայթը ծագիր ինձ վրա, համա՜կ բարերարություն,

Որպեսզի, ո՛վ Տեր, քո օրհնությունն ընդունելով՝

Արդարանամ, կենդանանամ և լինեմ մաքուր

Ինձ լլկող մեղքերից, որոնք դո՛ւ չես ստեղծել։

Մեղապարտ ձեռքերս քեզ պարզելու համարձակություն չունեմ.

Մինչև որ մոտեցնես քո օրհնյալ աջը դատապարտյալիս նորոգելու։

Արդ, հաղթի՛ր դարձյալ համառությունն իմ քո հեզությամբ

Եվ գալով դեպի ինձ մարդասիրաբար,

Եվ քո բացարձակ ու կատարյալ կարողությամբ

Ների՛ր առաջին, միջին և վերջին մեղքերս բոլոր,

Ո՜վ անհասներին հասնող, լույս արդարների, Քրիստոս թագավոր։

Դ

Արժանի չեմ ես քո օրհնյալ անունն հիշելու,

Զի հանցավոր եմ մահացու կերպով բարեգործիդ հանդեպ,

Կնիքիդ հանդեպ ու շնորհիդ,

Փչումիդ ու պարգևիդ,

Ավանդիդ, ձիրքիդ և անունիդ,

Որդեգրությանդ,

Արքայական պատվիդ ու պատկերիդ,

Դրոշմիդ, օծումիդ ու ճոխությանդ,

Համարձակությանդ և ընտանությանդ,

Կյանքիդ, լույսիդ ու երանությանդ,

Պսակիդ անկապտելի և խոստումներիդ ծածկված,

Որոնք, Տե՛ր Քրիստոս, բազում ձևերով ավետեցիր ինձ՝

Համառողիս, իժիս և քարբիս, և ամուր խոցված խուլ ականջներիս։

Քո շարունակ ավելացող բարության դիմաց՝

Բազմապատկվեցին չարություններն իմ և ինձ կործանեցին իսպառ,

Զատելով կյանքից, կապեցին մահվան,

Ծառա կարգելով ապականության։

Ե

Արդ, դու ես միայն իրավակշիռ և ճշմարտադատ, ո՜վ բարերար և օրհնյալդ գթության մեջ.

Ես մեղանչեցի քո դեմ՝ գործելով անօրենություն, եղա անիրավ,

Եվ որի համար եղծվեցի ու զեղծվեցի,

Հանցավորապես ամբարշտացա,

Ու չլսեցի քո խոսքը գովված, խոստովանված ու երկրպագված։

Դու ինքդ իսկ երևացիր անճառելի քո սիրով,

Որը գրել իսկ դժվարին է խիստ և նշանակելը՝ սարսափելի։

Քեզ արդարություն և փառք, և մշտնջենական գովություն,

Իսկ ինձ՝ ամոթապարտիս քո դեմ, խնամակա՛լ,

Քավություն և ողորմություն և բժշկություն,

Օգնություն և պահպանություն սրտի ու հոգու.

Բարեբանյալդ ըստ ամենայնի հավիտյանս. ամեն։