Բան ԽԶ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Վրիպյալս ես ամենայն անգամ, ամենապատիժ,
Միշտ դժնյա, վայրենաբարո, մահով եմ անձամբ կշտամբում ինքս ինձ.
Ինչպես արոտական խոզերի զազիր և վայրագասուն երամակներ՝
Գարշելի մեղքեր արածացնող եմ ես նախատելի վարձով.
Ամայաբնակ ուլերի հորանը խնամող հովիվ եմ ես մի
Տավարածների վրանների մոտ,
Ըստ Երգ երգոցի առակի, որ ինձ է վերաբերում,
Ինձ, որ չեմ ճանաչում նույնիսկ ու չգիտեմ երբեք,
Թե ո՞ւմ ձեռքով և ո՞ւմ պատկերով, ինչո՛ւ գոյացա։
Բ
Ահա՛ մարմինդ կրող երկու միակցորդ ու խորհրդակից ոտքերիդ վրա
Հրեշտակի ձևով ես կառուցվել դու,
Որպեսզի երկու վերև բարձրացած քո բազուկներով վերասլացիկ,
Իբրև թռչելու համար թև առած՝ դիտես հայրենի աշխարհը բարձրից։
Ո՜վ հիմար, ինչո՞ւ ինքդ քո կամքով կորացար գետնին,
Եվ միշտ աշխարհի չնչին ու ճղճիմ հոգսերով տարված՝
Անապատական ցիռերի կարգը դասեցիր դու քեզ։
Մարմնիդ աշտանակի վրա իբրև ճրագ բազմականթեղյան՝
Գլխիդ կլորությունը հաստատվեց,
Որպեսզի այդպիսով, չհեռանալով օրինակելի լույսի շնորհից,
Տեսնես Աստծուն և անանցանելիքն իմաստասիրես։
Բանականության պատվով կրկնապես ճոխացար,
Որպեսզի վերուստ քեզ տրված բոլոր բարեմասնությանց
Հաղթանակը դու պատմես անարգել, անկաշկանդ լեզվով։
Մատներով հարմարապես ճյուղավորված ճարտար քո ձեռքերով
Գործելուդ համար և կառուցելու՝ աստված կոչվեցիր՝
Համացեղությամբ իբրև գործակից ամենապարգև աջին Աստուծո։
Երեք հարյուր վաթսուն հոդերով դու շաղկապվեցիր,
Միացնելով նրանց քո մեջ պատշաճող թիվը հինգ զգայարանքների,
Որպեսզի արտաքին առերևույթ նյութեղեն շինվածքդ
Չմնա մտքիդ տեսության կողմից անքննադատելի.
Զի ոմանք դրանցից ստվար են և զորավոր,
Եվ ուրիշներ՝ փոքր են ու պիտանի,
Կան, որ կարծրակերտ են և զգայուն,
Եվ դարձյալ, որ գողտրիկ են ու պատվականագույն,
Ինչպես նաև կան, որ կարևոր են և ամոթալի։
Իսկ բացատրություններն այդ բոլորի քո մեջ են նկարված,
Իբր անջնջելի արձանի վրա, ա՜նձն իմ եղկելի.
Որի միտքն այն է, թե ժամանակի մասն ամենափոքր ու տարին կազմող բոլոր օրերի կարգն հաջորդական
Սահմանված՝ մարմնի մասերի թվով
Անսխալ կերպով անայլայլելի՝ պահված են այնտեղ։
Գ
Կա և հոգևոր մի այլ օրինակ,—
Սիրո հոդերով շաղկապված ի մի [սուրբ] եկեղեցու միությունն է այդ,
Որի խորհուրդը դարձյալ քեզանով է մեկնաբանվում.
Այնպես որ առանց բոլոր մասերի իրար հետ ամուր սերտ կապակցության՝
Մեծը փոքրի հետ համաձայնված մի ընդհանուր լծի ներքո
Քրիստոսի անվամբ հավաքվածների շենքի կատարելությունը վնասված կլինի։
Ինչպես որ մարմնին պատվաստված աննշան անդամներից մեկն եթե կտրվի և կամ պակասի՝
Կրճատված կլինի մարմնի կազմվածքը, որ զգայական սենյակն է մարդու,
Որով և ահա՜, պատկերն ընտանի կենթարկվի անկարգ մի փոփոխության։
Ուրեմն այսպիսով, ինչպես և բազում այլ անզուգական հրաշակերտությամբ ստեղծված՝
Աստուծո հարազատ պատկերն ես դու, հոգի՛դ իմ գերի, իսպառ կշտամբված։
Թեև առաջին նմանությունիցդ կողոպտվեցիր,
Կենաց դրախտում մեղանչելով պատվիրանի դեմ,
Բայց ավազանի լուսազարդ շնորհով, Հոգու փչումն ընդունելով,
Նախկին նույն պատկերն ստացար դարձյալ։
Դ
Եվ այժմ ինչո՞ւ կորցրիր դու այդ փառքը երկնավոր,
Ինչպես կորցրեց նախաստեղծն երբեմն վիճակն երկրավոր՝ Ադեն դրախտում։
Ինչո՞ւ ինքդ քո ձեռքով փակեցիր երկինքը քեզ համար,
Եվ վերելքի դուռը կողպեցիր քո առաջ.
Ինչո՞ւ խառնեցիր մաքուր ջրի հետ աղտն արցունքներիդ.
Ինչո՞ւ լվացված ձորձը՝ գարշելի գործերով զազրելի դարձրիր,
Ինչո՞ւ մեղքերի պատմուճանդ հանած՝ նորից հագար այն անառակ վարքով.
Ինչո՞ւ ժանտերի ճամփով գնալով՝ ոտքերիդ մաքրությունն աղտեղեցիր.
Ինչո՞ւ կրկնեցիր իրավադատին ուխտազանցությունն հին պատվիրանի.
Ինչո՞ւ զրկվեցիր շնորհաց պտղից, ինչպես Ադամը՝ կենաց ծառից.
Ինչո՞ւ նենգեցիր ինքդ կամովին հավերժությունը անստվեր հույսի.
Ինչո՞ւ թույլ տվիր, որ անհամարձակ՝ ծածկվի դեմքդ սաստիկ ամոթից.
Ինչո՞ւ զինվեցիր դու ինքդ քո դեմ հակառակվելով, ո՜վ ընդունարան խելագարության.
Ինչո՞ւ որս եղար մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի.
Ինչո՞ւ պատրանքների կարթով բռնվեցիր, կենդանարարի մարմնին հաղորդակի՛ցդ դու։
Բայց դու վերստին հուսալով նրան՝ պաղատի՛ր առ նա,
Որ ապավեն է, քավիչ, նորոգիչ, փրկիչ, կեցուցիչ և կենդանարար,
Ողորմած, խնամող, մարդասեր և անոխակալ,
Բազմագութ, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։