Բան ԽԲ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՜ր Աստված գթության, փրկության և ողորմության,

Քավության և նորոգության, բժշկության և առողջության,

Լուսավորության և կենդանության, հարության և անմահության,

Հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ,

Ահավոր, հզոր, բարերար և ամենաստեղծ,

Կենդանի, գովյալ, ամենակատար

Եվ մերձ համորեն արարածների հեծություններին։

Ես էլ եմ ահա՛ պաղատում քեզ խաչակցիդ հետ,

Որը քեզ համար ո՛չ բռնված էր և ո՛չ էլ կապված,

Ո՛չ կախված և ո՛չ բևեռված,

Ո՛չ խոշտանգված էր մեծիդ անունով և ո՛չ անարգված,

Ո՛չ լլկված և ո՛չ արհամարհված,

Ո՛չ խորտակված և ո՛չ մահացած,

Այլ արքայությանը՝ արդարների համար պահված լույսին արժանի համարված։

Եվ դու հաստատուն ուխտի խոստումով «Ամեն»-ի երդմամբ,

Հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը,

Փառավորեցիր նրան և փրկության հույս ներշնչեցիր ինձ՝ իսպառ լքվածիս։

Բ

Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,

Ընդունելով և ինձ նույն հավատքով՝

Փրկի՛ր կործանումից և բարձրացրո՛ւ, ո՜վ բարերար.

Բժշկիր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.

Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, ո՜վ կենդանություն.

Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն.

Կենդանության շունչ ընծայիր դու ինձ՝ հոգով մեռածիս,

Հարությո՜ւն, դու կյանք և անմահություն,

Անպակաս բարություն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողություն,

Աջ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ ամենամերձ։

Կամեցիր դու, Տե՛ր, և պիտի փրկվեմ.

Ակնարկիր միայն գթությամբ, և պիտի արդարանամ.

Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի դառնամ անարատ։

Մոռացի՛ր թիվը իմ չարիքների՝

Եվ անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես.

Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի պատվաստվեմ քեզ,

Փառավորյալդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն։