Բան ԽԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,

Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,

Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի։

Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,

Կհալչեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,

Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,

Կկենդանանան մեռյալները, կբուժվեն հարվածները,

Եվ վերքերը կառողջանան.

Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,

Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,

Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.

Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,

Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,

Հուսահատությունները կհալածվեն,

Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի։

Բ

Դու չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.

Ների՛ր ինձ անթիվ չարիքներս՝ քո բազում ողորմությամբ,

Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,

Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,

Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով,

Օրհնյա՜լ ի բարձունս.

Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն։