Բան Խ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Ամենակալ Աստված բարերար, ստեղծո՛ղ բոլորի,
Ունկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին տագնապահույզ.
Եվ ինձ ապագա կասկածանքների երկյուղից փրկի՛ր,
Կարող զորությամբդ ինձ ազատելով մեղքի պարտքերից,
Քանզի քո անբավ մեծությամբ և իմաստությամբ անհուն՝
Հնարավոր է քեզ մոտ ամեն ինչ։
Բ
Եվ քանզի հեռվից տեսնելով հոգուս աչքերով ահա՛
Ահավորափայլ հանդեսը քո հանդերձյալ դատաստանի,
Նկատում եմ ես արդեն կանխապես
Ցերեկը լուսավոր ու հուսալից՝ սրբերի համար,
Եվ օրը խավար՝ պատժապարտիս պատուհասի համար,
Ուստի և չկա ոչինչ, որ լինի փախուստիս համար ապաստանարան.
Ո՛չ անդունդները խորունկ և ո՛չ վիհերն անտակ,
Ո՛չ լեռները բարձրաբերձ և ո՛չ քարանձավները,
Ո՛չ ժայռերը կարծրակուռ, ո՛չ էլ ծործոր ու ծերպ,
Ո՛չ փապարները փոսավոր և ո՛չ հոսանքը հեղեղների,
Ո՛չ բավիղները խորշերի, ո՛չ շտեմարանները հարկերի,
Ո՛չ թաքստոցները սենյակների, ո՛չ էլ կիրճերը հովիտների,
Ո՛չ ծործորները դժվարանց, ո՛չ բլուրները բազմակուտակ.
Ո՛չ քամիները մեծաշունչ, ո՛չ ծովերն անծայր,
Ո՛չ հորձանքները սահանքների, ո՛չ ափերը հեռավոր,
Ո՛չ ողբերի ձայները և ո՛չ հեղեղներն արցունքի,
Ո՛չ շարժումը մատների, ո՛չ ձեռքերը վերամբարձ
Եվ ոչ էլ պաղատանքը շրթունքների։
Այս բոլորից՝ սաստկագույն և անճողոպրելի՝
Դո՛ւ միայն, Քրիստո՛ս, կարող ես փրկել բազմամեղ հոգիս,
Քո անդորրությամբ և քո դյուրությամբ ամենահնար։
Գ
Ուստի և նայի՛ր ինձ շրջապատող վտանգներին անզերծանելի,
Դո՛ւ միայն քաղցրդ բոլորի հանդեպ.
Կենազեն խաչիդ հաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը վարմիս,
Որոնք ամենուստ պաշարել են ինձ մահու գերյալիս,
Տո՛ւր հանգստություն սասանյալ ոտքին թյուր ընթացողիս.
Բուժի՛ր հրատապ ջերմին տոչորումն մղձկյալ սրտիս,
Մերժի՛ր դիվային և չարահնար շշուկները իմ՝ քեզ պարտավորիս.
Հալածի՛ր անհույս մթությունն հոգու՝ չարին կենակցիս.
Ցրի՛ր ծխամած թանձրությունները բռնավոր մեղքերիս.
Կորցրո՛ւ ապական ցանկությունները զազիր կրքերիս.
Նորոգի՛ր մեծիդ անվան պաշտելի փառքի լուսեղեն պատկերն ի հոգիս.
Զորացրո՛ւ շնորհիդ փայլը շողշողուն որպես շուք դեմքիս,
Մտատեսության ընդունակություն տուր հողեղենիս,
Հարմար հորինմամբ վերահարդարիր, որ տեսնի քեզ պարզ՝
Լուսազարդ մաքրությամբ զտելով մռայլը մեղավորիս,
Աստվածային կենդանի, անեղծ, երկնավոր լույսովդ ծածկելով երեք պատկերներն անձիս։
Զի դու ես միայն օրհնյալ Հորդ հետ՝ ի գովեստ Սուրբ Հոգուդ
Հավիտյանս հավիտենից. ամեն։