Բան ԼԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, Տե՜ր զորությանց, մեծություն ահեղ,

Անտարակույս տեսողություն, կամք ամենաընդարձակ, առատությո՛ւն անպակաս.

Ո՞վ կկարողանա պարերգության հանդեսով պատվել ցողի մեկ կաթիլը քո բարության,

Դո՛ւ, որ հետամուտ ես միշտ միջոցներ գտնել իմ փրկության համար։

Եվ դեռ ավելի պիտի գրեմ, որպեսզի պատմվի գալոց։

Հրեշտակասեր չանվանվեցիր դու, որ հիմնեցիր պետությունները նրանց,

Ոչ էլ ասացիր երբևիցե, թե սիրում ես երկինքն իր ջահերով,

Որոնք քո մատներով հորինեցիր դու.

Այլ ի պատիվ քեզ՝ մեծագույն գովության արժանի՝ մարդասիրությունը գերադասեցիր,

Որով կրկնակի՛ մեծացրիր դու քո անունը անճառ սոսկալի խորհուրդներով։

Լուսակերպարան երկնայիններին այն՝ սպասավորներ կոչեցիր

Եվ հատուկ մատակարարումների վերակացուներ.

Իսկ երկրածիններիս մահկանացու՝

Պերճացրիր դու տիրական և աստվածային քո պաշտելի անվամբ.

Ամեն սահմանից, կշռից ու չափից վեր քո ծայրագույն բարության մաքուր ծորումի համար

Կտակներ անթիվ և անբավ ճառեր հորինվեցին քեզ։

Դու ևս, մեկն աստվածային էությունից, մարդանալով,

Ոմանց՝ իրենց համար, և ոմանց՝ այլոց,

Զեղեցիր կյանքի պարգևներ առատ, պես-պես հրաշքներ,

Սքանչելիքներ աստվածագործ և նշաններ ճշմարտատեսիլ։

Եթե գթալով դու ողորմեցիր թերահավատ անդամալույծին,

Տեսնելով, որ նրան խնամողները հույսով են դիմում քեզ,

Ո՜րքան ավելի զորավոր պիտի լինի քո խոսքը ամենակարող՝

Մաքրելու համար մարմինն ախտալից քեզ հառաչագին աղաղակողիս։

Քանզի արդարև շատ ավելի մեծ հրաշք է սրբել անմաքուր հոգին,

Քան թե լվացված պատկերը աղտին դարձնել անենթակա.

Մանավանդ որ ավազանի շնորհն ավելանալով երկրորդի վրա՝

Է՛լ ավելի է բարձրացնում հայրենի փառքն անճառ։

Բ

Դո՛ւ ես, Տե՛ր, որ մաքրում ես մեզ,

Ինչպես առաջուց ցույց տվեցիր դու Մովսեսի վրա՝ քո ընտրյալի։

Դու վերակացու եղար Հակոբի տոհմին,

Նրա մեղքերի և անօրենությունների մեջ,

Երբ Եգիպտոսում՝ հեթանոսական խավարում նրանք խարխափում էին։

Դո՛ւ ես լուսավորում մեղավորներին իրենց ընթացքի մեջ, ըստ երգող Դավթի։

Դո՛ւ ես, որ սրտի քարեղեն կարծրությունը փոխարկում ես մարմնի կակղության,

Որպեսզի կարող լինի քո խոսքն իր մեջ ընդունելու։

Դո՛ւ ես, որ կարող ես ընձեռել ա՛յլ սիրտ և մեկ ճանապարհ՝

Երկնչել քեզնից կյանքի բովանդակ տևողության մեջ։

Դո՛ւ ես, որ խստամիտների մեջ դնում ես քո երկյուղը միշտ,

Որպեսզի հավատքով ուշք դարձնեն քեզ, մարգարեների խոսքի համաձայն։

Գ

Քո աշխարհաստեղծ բերանի օրհնյալ շրթունքների աստվածեղեն անձրևների կաթիլը կենարար,

Որպես բանալի՝ լսելիքներիս դռա՜նը մոտեցրու,

Որով խորամանկ բանսարկու օձի թույնը վերցնես ու բժշկե՜ս դու։

Քո ամենակալ ձեռքով բռնիր շարժվող գործիքն իմ խոսողության,

Եվ ազդի՛ր ձայնի զորության վրա,

Դո՛ւ, որ տալիս ես լեզու բոլորին՝ ընտիր խոսելու.

Որպեսզի ես էլ, դաստիարակվելով պատշաճապես,

Չլինի, որ մեր նախահոր նման հանդուգն խոսելով՝ զրկվեմ քո հույսից,

Եվ անբանության դատապարտվեմ՝ որսողից քշված։

Քո կենդանաբաշխ աջը երկարելով՝

Լուսավորի՛ր վերստին խավարած աչքերն իմ հոգու,

Որ չլինի թե վիշապի շնչով մարելով լապտերն համարձակության՝

Գրվանի ներքո մնամ ծածկված։

Վերցրո՛ւ անօրենություններն իմ, Տե՛ր, և նետիր նրանք խորքերը ծովի,

Որ փոքր է անչափ քո անսահման մեծության համեմատությամբ,

Ուր իմ մեղքերը կարող են սուզվել, ըստ մարգարեի։

Կործանված հոգուս համար կանգնիր նշան վստահության,

Որ չլինի թե կառուցվելով վհատության կոթող՝

Ծածկվածները հրապարակ հանի բարձրաձայն։

Բա՛ց բժշկարանիդ կենաց վարդապետարանը, հզո՜ր և գթած,

Որպեսզի մեր մեջ կորուսչի ցանած, մշակած բոլոր որոմները չար՝

Կամքիդ մանգաղով ընդհուպ արմատից հնձես ու թափես։

Դ

Երբ Պետրոսի պես քայլերս ուզեցի ուղղել դեպի քեզ, Աստված բոլորի,

Սուզվեցի և ես այս աշխարհային մեղսածուփ ծովի ալիքների մեջ,

Մոտեցրու աջը քո ազատարար՝ օգնելու համար ինձ՝ սասանյալիս,

Քանանուհու հետ ձայնակից՝ ե՛ս էլ սրտիս խորքերից

Պաղատում եմ քեզ, ահա՛, սովահար որսորդական շան նման կաղկանձող.

Քո բազմազեղուն ու ճոխ սեղանից բաժին հան և ինձ՝ թշվառ սովյալիս,

Որպես ապրուստի կերակուր տալով փշրանքներն հացի։

Փրկի՛ր նյութեղեն խորանն իմ, ո՛վ դու,

Որ աշխարհ եկար փնտրելու կորածին և ապրեցնելու՝ ինձ կորուսյալիս։

Զի քո է մեծություն, հաղթություն և զորություն.

Դո՛ւ ես քավություն և բժշկություն, նորոգություն և երանություն.

Եվ քեզ է վայելում փա՜ռք, երկրպագություն հավիտյանս. ամեն։