Բան ԼԴ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Սրանք են ահա՛ իմ թշվառացած շնչի իղձերը և դավանանքներս քեզ հարմարական,

Քեզ, որ ամեն ինչ բովանդակում ես խոսքով, Տե՛ր Աստված,

Ինչ որ ճառել եմ նախորդում՝ այստեղ պարզեմ պիտի ես երկրորդ անգամ։

Իսկ խուռն բազմության առջև գրավոր բեմախոսություն

Կամ ժողովրդին մեկնաբանումներ անելու համար

Այս աղերսական աղոթքները ես նվեր բերեցի,

Որոնք հետևյալ գոհաբանական տողերի մեջ եմ շարադրել ահա՛։

Բ

Աղաչում եմ անփոփոխելի և ամենազոր տերությանը հզոր Հոգուդ,

Ուղարկի՛ր ցողը քո քաղցրության և բարեգործի՛ր,

Դրոշմելով հոգուս և զգայություններիս իշխող իմ մտքում

Ամենալից շնորհը քո բազմապարգև ողորմության։

Հերկի՛ր մարմնեղեն կարծրացած սրտիս բանական անդաստանը,

Որ կարող լինի պտղաբերելու սերմդ հոգևոր։

Խոստովանում ենք՝ քո ամենիմաստ էությամբ է, որ

Ծաղկում են մեր մեջ, աճում-ուռճանում պարգևներն ամեն։

Դո՛ւ ես ձեռնադրում առաքյալներին ու մարգարեներին ներշնչում,

Ուսուցանում ես վարդապետներին ու համրերին խոսեցնում,

Բացում խուլերի ականջները փակ։

Ազգակիցը քո՝ էակիցը Հոր անդրանիկ Որդին,

Քո գործակցությամբ իրագործելով այս բոլորն ահա՛,

Քեզ Հոր իսկության հավասարակից Աստված հռչակեց։

Շնորհ արա՛ նաև ինձ՝ մեղավորիս, որ ես էլ խոսեմ համարձակությամբ

Կենդանարար խորհուրդն ավետյաց Ավետարանիդ,

Արագաթռիչ մտքի ընթացքով անցնելով անհուն ասպարեզներով

Քեզնից ներշնչված Կտակարանների։

Եվ երբ ձեռնարկեմ ես հանդիսավոր մեկնաբանության՝

Հասնի՜ թող որ քո գթությունը նախ, իր ժամանակին ներշնչելով ինձ՝

Քեզ արժանին, պիտանին և հաճելին՝

Քո աստվածության փառքի և գովեստի,

Ինչպես նաև կաթուղիկե Եկեղեցու կատարյալ շինության համար։

Երկարի՛ր ինձ վրա աջդ ամենամերձ

Եվ զորացրո՛ւ ինձ գթությանդ շնորհներով.

Փարատի՛ր իմ մտքից մոռացության մեգը մթին,

Ցրելով նրա հետ և՛ խավարը մեղքի,

Որպեսզի մտքով և խոհերով այս երկրավոր կյանքից ի վեր բարձրանամ։

Լուսավորի՛ր դու վերստին իմ մեջ, ո՜վ գերահզոր,

Աստվածային հրաշալի գիտության ծագումն անստվեր,

Որպեսզի արժանի լինեմ ուսանելու և ուսուցանելու,

Որպես բարի օրինակ՝ աստվածասեր լսողներին։

Եվ Քեզ ամենայն փա՜ռք ամեն ինչում՝ ամենակալ Հորդ, միածին Որդուդ և Բարերարի հետ,

Այժմ և անվախճան հավիտյաններում. ամեն։

Գ

Իսկ հավատո հանգանակն առ համագո Սուրբ Երրորդության՝ իբրև շնորհընտիր կենաց կանոն

Այսպես եմ ներկայացնում և վերաշարադրում։

Խոստովանում, դավանում ենք,

Պաշտում ենք ու երկրպագում

Ամենասուրբ Երրորդության

Միությունը զուգափառ.

Անճառելի աստվածություն,

Մշտաբարի և նույնագո, համապատիվ,

Մտքի սլացքին անհասանելի,

Վեր՝ ամեն մի օրինակից և բարձր՝ նմանությունից,

Որ գերազանց է անպարագիր բացարձակությամբ,

Առաջ՝ քան հիմքը հավիտենության,

Դեռ չստեղծված, չտարրացած էակներից,

Անթարգմանելի օրհնաբանությամբ

Ամենահարուստ մեծությամբ հավետ պսակված,

Ժամանակները սահմանող,

Ժամանակի մեջ կերպ առածների

Հորինող-պատճառ,

Տեսանելիներն ու անտեսները ստեղծող։

Ո՛չ անվամբ է չափվում,

Ո՛չ հորջորջմամբ է նշանակելի,

Ո՛չ որակով նմանված

Եվ ոչ կշռած քանակով։

Չի պատկերանում օրինակով,

Չի ճանաչվում որպիսությամբ,

Տարածված չէ թերությամբ,

Ամփոփված չէ լրությամբ,

Ոչ մի տեղ երբևէ չէ գրավված

Եվ կամ մի տեղ տեսնված։

Դ

Հայր գթության, ամեն ինչի Տեր,

Աստված բոլորի, որ երկնքում են և երկրում,

Բացի Բանից միակ, որով իրենն է ամեն ինչ,

Ստեղծիչ և բոլորին շունչ տվող,

Բացի իսկակից Հոգուց,

Որով համայնը կազմեց։

Ե

Մեկը երեք անձնավորությունից՝

Երջանկափառ համազոր ահավորությունից,

Ի վերուստ խոնարհվեց այստեղ ներքև,

Որ ի սկզբանե անբաժան էր ներքևիններից,

Մնալով անբաժան փառքի աթոռից

Եվ անկարոտ իր ծնողի սիրո դեմքին,

Պարզաբար մտավ կույսի սենյակ արգանդը,

Այնտեղից ելավ՝ միավորյալ մարմին առած էապես անորոշելի,

Լիակատար մարդ և անպակաս աստվածություն,

Միակ Որդին միակ Հոր

Եվ միածին անդրանիկը

Աստվածամայր տիրածին կույսի։

Իրական երկրածին մարդ եղավ՝ լինելով Արարիչ,

Բայց նման չէր նա երկրածիններին,

Այլ նոր ու չքնաղ

Թագավորներից վեհապատիվ,

Չտեսնվեց նա դարերում

Եվ չպատահեց ժամանակներում,

Ըստ սաղմոսողի եղավ անդրանիկ

Թագավորների մեջ ամբողջ աշխարհի։

Մարմնում մեր բնությամբ կերպ առավ անապակ խառնմամբ,

Հոգու և մարմնի օրինակով,

Կամ ոսկու և հրի,

Կամ ավելի պարզ՝

Լույսի և օդի՝

Անփոփոխ և անանջատ։

Զ

Նա եկավ կամավ խաչին մեռնելու,

Հանց անարատ գառ զոհվելու գնաց,

Եվ մի զորավոր ինքնիշխանությամբ

Փրկագործեց իր արարածներին։

Երբ կենդանի էր՝ չարչարվեց իրոք

Եվ գերեզմանվեց՝ աստվածությունից անբաժանելի։

Եռօրյա թաղմամբ

Այն դժոխական սանդարամետում վհատ բանտվածներին

Քարոզեց նորոգում և լույս։

Եվ ավարտելով փրկագործ ամբողջ

Խորհուրդը իր մարդեղության՝

Վերակենցաղվեց նա աստվածաբար։

Հողմերի թևով քերովբեների վրա ելնելով՝

Ծածկվեց ամպով անքննելի,

Ամենայն երկնից վեր բարձրանալով՝

Ճոխությամբ բազմեց իր սկզբնաժառանգ աթոռին՝ Հորն հավասար,

Որից բնավ չբաժանվեց,

Ձեռքբերովին չկորցնելով,

Չնվազեցնելով սեփականը։

Որով և գալու է դատաստանին հատուցման

Արդար իրավանց չափով կշռելու գաղտնին,

Որին սպասում ենք,

Որին՝ աղոթում, հավատալով՝

Ամեն ինչում, ամեն ինչով

Ամենակալ տերությանն իր,

Որ իսկապես մեկն է միայն այն միակից

Եվ միակի փառակցությամբ

Հավիտյանս երկրպագված։

Է

Մշտապես օրհնում, բարեբանում ենք

Հոր և Որդու հետ

Նրանց էության Հոգուն։

Նա ամենազոր,

Կատարյալ, սուրբ և ճշմարիտ է,

Որ արարածներ ստեղծեց անէից,

Ինքնագործ է և իշխանակից մյուս երկուսին՝

Անեղծ, անսահման թագավորությամբ։

Պատճառն առաջին, ահավոր Բանը

Նույն այդ ինքնության,

Նույնն է նաև բարձրացած Հոգին։

Բարի ինքնակալ,

Հոր պարգևները ամենքին բաշխող՝

Հանուն Միածնի փառքի պանծացման,

Որ հայտնեց Օրենքը,

Ներշնչող եղավ մարգարեներին,

Առաքյալների մեջ տպավորվեց ազգակցի փչմամբ։

Աղավնակերպ Հորդանանում հայտնվեց՝

Եկողի փառքի մեծության համար,

Եվ ավանդական գրքերում փայլեց,

Հանճարեղացրեց և զորեղացրեց իմաստուններին,

Վարդապետներին կատարյալ դարձրեց,

Օծեց արքայության, օժանդակեց թագավորների,

Վերակացուներ տվեց, փրկություններ կարգադրեց,

Ձիրք շնորհեց, քավություններ հանդերձեց,

Քրիստոսի մահվամբ մկրտվածներիս

Իր բնակության համար մաքրագործեց,

Ինչը, որ Հայրը և Որդին կատարեցին

Նույնը նաև Սուրբ Հոգին ներգործեց,

Եվ ինքն Աստված է՝

Խնկված տիրապես

Ամենայնը ամենայնի մեջ։

Ը

Երրորդության մեջ նախորդ հիշվողը

Մեծ չէ մյուսից,

Նվաստ չի լինում իր նմանակցից հետո հիշվելով,

Կամ մեկին ակնարկելիս դեմքի շփոթում չի լինում

Եվ երեքի տրոհմամբ առանձին դեմք չի դառնում։

Եվ չէր մեծարվի Հայրն ամեն ինչով՝

Եթե իր մեջ չունենար Բանի զորությունը,

Եվ կամ թե չունենար Հոգին իր հետ՝

Անշունչ, անկենդան մեկը կլիներ

Եվ կնվազեր ամեն հորդորից։

Բանը եթե չճանաչվի Հոր անվամբ՝

Մի որբ կլինի, [կլինի] լքյալ՝

Սերած ինչ-որ մի մահկանացուից։

Նույնպես և Հոգին

Նշանակալից պատճառ թե չունի՝

Անշուք ինչ-որ բան կլինի միայն,

Թափառիկ իբրև անդասելի շունչ։

Թ

Բայց եթե մեկը փորձի բաժանել

Հորը իր Որդուց,

Հակաճառելով, թե նախ նա չկար,

Կամ բամբասանքով մի անբանական

Պատվել ցանկանա վեհ մեծությունը,

Եվ կամ բխողին նսեմ համարի

Իբրև էապես ոչ հոգևորի՝

Այդպես այլ, օտար մի բան է մուծվում

Կամ այլայլական ինչ-որ շփոթում

Սուրբ Երրորդության միության անարատ պատվի մեջ,

Այդպիսիներին հավատո խոսքի պարսաքարերով

Հերքում ենք, դուրս ենք վտարում

Իբրև գազանական, ընդդիմամարտ և դժնդակ դևերի,

Նզովում նրանց, նրանց դեմ փակում

[Սուրբ] եկեղեցու գավիթը, որ և

Դուռըն է կյանքի։

Ուստի փառք տալով Երրորդությանը՝

Որպես մեկ և նույն տերություն,

Ամբողջական ու հավասարազոր,

Զուգաձայն սրբասացությամբ, համարժեք հարթությամբ,

Օրհնյալ, փառաբանյալ երկնքում ու երկրում,

Անդրանիկների խմբից և երկրածին բանականներից

Հավիտյանս հավիտենից. ամեն։

Ժ

Արդ, այս մատյանում պատկերված ծածուկ խորհուրդների բարձրաձայն խոստովանությունը

Մեծ Աստծուդ ամենալուր ականջներին ընծայեցի ես,

Եվ ահա՛ նրանով սպառազինված՝ մտա հանդես։

Բայց ոչ թե նրա համար, որ կարոտ լինելով ձայնիս՝ նրանով մեծանաս,—

Զի երբ տակավին չէիր ստեղծել դու ամենայն ինչ,

Երկինքը անմահ փառաբանիչներով

Եվ երկիրը՝ հողաստեղծ բանականներով,

Դու փառավորված էիր արդեն քո լրության մեջ,—

Այլ, որպեսզի ինձ՝ մերժվածիս նույնպես, անճա՛ռ քաղցրություն,

Արժանի անես քեզ ճաշակելու՝ խոսքիս հաղորդությամբ։

Սակայն ի՞նչ պետք է, որ կյանքի կանոն-արքունի հրամանիդ համաձայն ասեմ՝ Ադոնայ՝ Տեր,

Եվ հրամայված պատվերդ չկատարեմ,

Ես, որ իմ ձեռքով իսկ եղծեցի ինձ,—

Պատգամիդ նվիրված ոսկեղեն տախտակս խոսուն,

Աստվածային մատներովդ գրված, և որը խորտակելն է իրավացի.

Եվ ես այժմ նրա նմանությունն երկրորդ՝ տխրատեսիլ մուրով եմ պատկերում։

Բայց, քանզի բազում խանդաղատանքով պաղատեցի քեզ,—

Որոնք չեն գրված թեև այս գլխի տողերի շարքում,—

Լսի՛ր, բարեգութ, այս խոսքերի հետ նաև բոլորը։

Թող աղերսագին այս աղոթքներս էլ հոդվեն նրանց հետ,

Թերևս մաքուրների և քո կամքը կատարողների կողմից

Յուղով շաղախված և մեջը խորիսխ բաղարջի նման

Հացն այս նվիրված՝ դրվի քո փառքի սեղանի վրա։

ԺԱ

Բայց դու, բարերար, համակ մարդասեր,

Քրիստոսդ մի՝ միակ Աստուծո, հզոր և ամենակալ,

Որ գերազանցում ես քաղցր ու խնամածու քո գթությամբ

Ոչ միայն ինձ գոյակից մարդկանց առհասարակ,

Որոնք ենթակա են խռովումների և բազմապիսի հակառակությանց՝

Այլև անարատ հրեշտակներին,

Եվ սրանցից էլ նույնիսկ ավելի՝ սրբասուններիդ անբիծ, անբասիր,

Որոնցից մեկն էր նաև Եղիան, որի խստության նշանները

Երեք ձևով երևան եկան Քորեբ լեռան վրա՝

Շարժով ահագին, կրակով կիզիչ և ուժգին հողմով։

Իսկ քո հեզությունը երկայնամիտ հայտնվեց մեղմիկ օդի քաղցրությամբ, հանդարտաբարո,

Զի ողորմություն ես կամենում դու միայն ու միայն, ինչպես գրված է։

Թեև մարդկային սերնդից ոմանք գեղեցիկ վարքով

Առաքինաբար այլ նմանություն առան երկնային,

Սակայն երկրածին են նաև նրանք՝ մարդկանցից ընտրյալները։

Իսկ դու չես կարող չարանալ, զի բարի ես իսկությամբ,

Համորեն օրհնյալդ, համա՜կ փրկություն,

Լիովին հանգիստ և անդորրություն համայնի,

Դեղ առողջարար՝ ախտավորների համար համորեն,

Կենդանի ջրի աղբյո՛ւր դու վճիտ, ըստ Երեմիայի։

ԺԲ

Դարձի՛ր դեպի ինձ և ողորմիր, անկարո՜տ Աստված,

Դու, որ այնքա՜ն ծարավի ես ու պապակ իմ փրկությանը,

Որ մինչև անգամ երկնային անմահ և օրհնաբանող զվարթուններին պաշտոն հանձնեցիր

Հանուն մարդկության փրկության կարգված

Քահանաներ և քավչապետներ հավիտենական ի դիմաց մեր երկրավորների,

Թշվառ լքյալիս հաշտության համար պաղատելու քեզ մշտնջենապես,—

«Ողորմիր Երուսաղեմին». որը լուսավոր մի խորհուրդ ունի,

Թե այս երկրավոր Երուսաղեմի սույն օրինակով խնդրում են նրանք

Քո մեծ հայտնությամբ ողորմել վերին Երուսաղեմին,

Եվ քեզ կցորդված մարդկանցով՝ ընկած հրեշտակների թափուր տեղը լցնել։

ԺԳ

Արդարև լսեցիր դու, բարեգո՛ւթ, անսացիր, թագավո՛ր,

Ունկնդրեցիր, կյա՜նք և հույս, ի միտ առար, երկնավո՛ր,

Հարգեցիր, հզո՛ր, նկատեցիր, ծածկագե՛տ,

Տեսար, խնամակա՛լ, կարեկցեցիր, անպատո՛ւմ։

Խոնարհեցիր, մի՜շտ բարձրյալ, նվաստացար, ահավո՛ր,

Հայտնվեցիր, անճա՛ռ, ամփոփվեցիր, անսահմա՛ն,

Չափվեցիր, անքնի՛ն, թանձրացար, ճառագա՛յթ,

Մարդացար, անմարմի՛ն, շոշափվեցիր, անքանա՛կ,

Կերպավորվեցիր, անփոփոխ,

Կատարեցիր իսկապես բաղձանքն աղաչողների։

Զվարթունների բերանով եղար թշվառիս՝

Բարի բարեխոս, միջնորդ կենդանի,

Պատարագ անմահ, սպանդ անվախճան,

Նվեր մաքրունակ, ողջակեզ անծախ, բաժակ անսպառ։

Ուստի, ողորմած, մարդասեր, օրհնյալ,

Քո կենդանատու կամքով թող որ միշտ բարեբախտ լինի հոգիս մեղավոր,

Գովյա՜լ երկայնամիտ,

Եվ քեզ վայել է փառք հավիտյանս. ամեն։