Բան ԼԱ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ այսպես ահա՛ սաստկացրի ես ինձ անսփոփելի ցավ պատճառող վշտերս,

Ողբալով երկար և՛ հեծեծագին, և՛ մեծահառաչ,

Որ դու, ողորմա՜ծ, սկզբնահայրդ անհայտ ու ծածուկ մեղքերի խոստովանության,

Որդիդ կենդանի Աստուծո, Տեր Հիսուս Քրիստոս,

Քաղցրությա՜մբ նայես քավելու համար.

Արդարև կարող ես դու և ձեռնհաս ես ճշմարտապես,

Եթե կամենաս՝ հնարներ ունես դու.

Ինչքան որ կամենում ես, այնքան էլ կարողանում ես,

Հարստանում ես դու մեծապես՝ տալով, քան թե առնելով,

Բազմանում են գանձերդ ցրելով, քան թե հավաքելով,

Շատանում է ստացվածքդ սփռելով, քան թե խնայելով,

Դիզվում են պաշարներդ տարածելով, քան թե ամբարվելով,

Հավատալով այսպես այս բոլորին՝ հույս ունեմ ես,

Թե փրկության ե՜լք կգտնեմ քեզանով։

Հավատում եմ անարգս պատվականի հետ,

Եվ հույս ունեմ ես Աբրահամի հետ և Աննայի.

Զի մեկը հավատաց քո խոսքին, և մյուսը քահանայապետի ձայնին անսաց։

Ուստի և մեկը խոր ծերության մեջ դարձավ անհամար որդիների հայր,

Հուսալով, թե պիտի կարողանար Սառայի արգանդն ամուլ ու զառամ՝

Բազում ժողովուրդների, մարգարեների և ընտիր թագավորների

Պտղածին և օրհնաբեր անդաստա՜ն տեսնել։

Իսկ մյուսն՝ անմշակ երկիր — սենյակը իր որովայնի

Բարգավաճեց յոթ զավակներով,—

Թի՜վ անհաշվելի, որ աստվածային հավիտենություն է նշանակում,

Նրա հարակայության սահմանն անհետազոտելի,

Եվ ավազանի նորածին որդոց առատությունն անսպառ։

Թիվն այս պանծալի, որ չունի իրեն զույգը հավասար, ո՛չ վերջ, ո՛չ վախճան,

Կուսություն է մի ուրույն ընտրությամբ միշտ նվիրական՝

Որ անճառորեն հավիտենության դժվարմեկնելի խորհուրդն է խորին ու մեր մտքից վեր։

Բ

Արդ, համարի՛ր դու փրկությունից հուսահատ հոգուս համար որպես արդարացում

Ամենավարան ու կողկողագին ձայնն այս դառնապես հեծեծող սրտիս,

Իմ հավատքի փոքր այս դավանանքը խնդրագին

Վերոգրյալ երջանիկների հավատքին հավասար դասելով,

Որպեսզի ես էլ ապրեմ նրանց հետ բերկրալից կյանքով,

Ամուր կառչելով քո շնորհներին, քան թե գործերիս։

Մանավանդ որ քո շնորհները բարձր են և կրկնակի փառավոր

Եվ չեն կշռվում ու չափվում խոսքով,

Ու հավատում եմ ես անտարակույս, թե հզորապես կարող են քավել

Մեղքերս բոլոր՝ խաղաղեցնելով խռովությունն իմ։

Այդ շնորհներն են՝ քո ահավոր արյան հետ միասին և՛ մարմնավոր ծնողդ խնկելի,

Առաքյալների խմբերը, դասը մարգարեների,

Եվ գնդերը ողջ՝ հեծյալ, հետևակ և սպառազեն,

Ու մերկամարտիկ քաջաբար մրցող մարտիրոսների, մենակյացների,

Բույլքը ընտրյալ և բարեկրոն վանականների,

Հույլքն երկրի վրա ապրող երկնային հոգեղենների,

Զինվորություններն մեզ կցորդակից վերնականների,

Տուրքը երախայրիքների, մատուցումը զվարակների,

Ջահավառումներն ու բույրը յուղով օծված խունկերի,

Հաղթանակները փրկության նշանների,

Կառուցումներն աստվածաբնակ խորանների,

Եվ շնորհի խորհուրդը կատարող ձեռքերը քահանաների։

Գ

Այսպես մեր ամեն մի շարժումի մեջ Աստծուն ենք հիշում,—

Երբ քայլ ենք փոխում, ձեռք ենք կարկառում, բազուկ բարձրացնում,

Բարի գործերի համար գոհություն և գայթումների համար աղաչանք ենք վերընծայում.

Ընտանեկան զրույցներում և հասարակաց խոսակցության միջոցին

Մեր բնական ձայնի, գործերի հաջողության և առաքինական ջերմեռանդության պահերին,

Գիշեր թե ցերեկ, քնած ժամանակ և կամ արթմնի,

Քեզնով առաջնորդված հոգևորների օգտակար ընթացքում,

Ազգերի միջև պատերազմների և դևերի հետ մղվող մարտերում

Հերձվածողների հետ վիճաբանելիս,

Փոքրերի և մեծերի հետ վերաբերվելիս,

Ըմպելիքներ խմելու և կերակուրներ ճաշակելու միջոցին,

Մեզ համար հաճո և թե վշտալից բոլոր դեպքերում,

Որոնցից առաջինների համար աղոթում ենք մենք, որ մնան այնպես,

Եվ մյուսները՝ որպեսզի դու զերծ պահես նրանցից՝

Անճառ, անսահման քո հնարքներով սքանչելապես,

Քանզի ամեն ոք հավատում է, թե օգնելու պատրաստ՝ կարող ես դու միշտ,

Տակավին ծծկեր երեխաներին, դեռահաս պատանիներին,

Վայրենաբարո մարդկանց և գոռոզ ստամբակներին։

Եվ թատերական տեսարանների մեջ մինչև անգամ,

Եվ խառնիճաղանջ բազմությունների խուռներամներում

Եվ կամ հզորիդ կամքին անհաճո կաքավումների ու կայթերի մեջ

Դու չե՛ս մոռացված։

Դ

Դո՛ւ ստեղծեցիր բոլորին, և քո՛նն են բոլորը,

Եվ դու բոլորի՜ն պիտի ողորմես, միա՜յն բարեգութ.

Զի թե մեղանչեն իսկ՝ քոնն են, քանզի քո հաշվի մեջ են,

Եվ գիտեն քո զորությունը, ինչպես առակողն է աղոթել,

Որին ես ինքս էլ ձայնակից եմ իմ խղճուկ խոսքերով,

Որպես հանցավոր հաստատելով այդ։

Հանդգնում եմ ասել, թե նա, ով գովեստով է տալիս անունդ, հավատալով, թե կաս,

Եվ եթե նույնիսկ նա յոթնապատիկ անգամ հանցանքով վարակված լինի,

Ինչպես բերված է որպես ապացույց-օրինակ՝ արդյոք քոնը չէ՞ դարձյալ։

Երբեմն արջնաթույր ագռավների մեջ

Սպիտականիշ աղավնիների երամներ ենք տեսնում,

Եվ ձիերի մեջ խրոխտ, անմաքուր՝ որոջներ հանդարտաբարո,

Եվ գազանակերպ շների թվում՝ օրհնված գառներ,

Խստության մեջ՝ հեզություն,

Թերության մեջ՝ կատարելություն,

Հանձնապաստանության մեջ՝ խոնարհություն,

Ստության մեջ՝ ճշմարտություն,

Խորամանկության մեջ՝ միամտություն,

Նենգամտության մեջ՝ անբծություն,

Չարագործության մեջ՝ բարություն,

Լկտիության մեջ՝ պարկեշտություն,

Անգթության մեջ՝ ողորմություն,

Անհուսության մեջ՝ ապաշավություն,

Բարկության մեջ՝ քաղցրություն,

Թշնամության մեջ՝ հաշտություն,

Խածանողության մեջ՝ անոխակալություն,

Չարչարանքի մեջ՝ քաջալերություն,

Եվ նետաձգության մեջ՝ օրհնություն։

Ուստի անկարող եղա ես դատել ճշգրիտ կերպով,

Թե այն ո՞վ պիտի երկրածիններից ջանա ժառանգել քեզ,

Որ կշտամբում ես անաչառորեն և արդարությամբ

Այն ամբարիշտին, որը ինքն իրեն մաքուր է կարծում

Եվ այն պոռնիկին, որ զղջացել է։

Բոլորի համար բարեգործդ դո՛ւ, միա՛կ թագավոր,

Օրհնյալ ի բարձունս, հավիտյանս. ամեն։