Բան Լ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, թող ճշմարտվի քո խոսքը, ողորմած Աստված դու բոլորի,
Ներող և օրհնյալ՝ այն մեղավորի մասին,
Որը մի օրում բազմաթիվ անգամ գայթելով՝ վերջապես դարձի կգա զղջացած,
Թեկուզ այդ լինի իր վերջին շնչում
Եվ կամ չարություն գործած միջոցին։
Մանավանդ որ դժնյա կցորդս այս անձնիշխանական՝
Մի մարտիկ է միշտ, խաբող, շողոքորթ, ստության հարած,
Ըստ առակողի՝ հողմեր արածող,
Դժվարբռնելի փախչող՝ Հաստողից,
Որսողին գերի՝ մոլեկան մարմնիս,
Ներհակ տնկակից, որի պատճառած վարանումների
Որքանությունը դո՛ւ գիտես միայն։
Սակայն մեղքերին հաջորդում են խիստ հուսահատական և տաժանակոծ,
Բազմավաղելի հո՜ւյժ ողորմագին բարձրաձայն ողբեր,
Արցունքով գրված և ի գութ շարժող թառանչներ թշվառ,
Որոնք մեղքերով տագնապողը, Տե՜ր, տարածում է քո առջև ամոթահար։
Բ
Եվ որպեսզի կրկնաբանությունս շատախոսության չհասնի
Ու չդառնա ավելի ողբալի, քան այս,
Ասեմ, թե նա արքայություն չէ, որ համարձակվում է խնդրել քեզանից,
Այլ միայն թեթևացում տանջանքների.
Ոչ թե կհուսա բնակվել լույսի մեջ ապրողների հետ,
Այլ՝ խավարի մեջ, գերեզմանականների հետ, զգայական շնչով.
Ոչ թե բարձրերի, այլ խորտակվածների և բեկյալների հետ լինել.
Հոգնաբեկ է նա իր հանգստի մեջ և խրախճանքում՝ տրտում.
Դեմքով ժպտուն է և մտքով՝ խոցված.
Երեսը ծիծղուն, և աչքն արտասվագին.
Առերևույթ սփոփված է ձևացնում իրեն,
Իսկ արտասուքը սրտի դառնությունն է վկայում։
Գ
Իր երկու ձեռքում երկու ըմպանակ, մեկն արյամբ լցված և մյուսը՝ կաթով.
Եվ վառվող երկու բուրվառ ունի նա, մեկը խունկով լի, մյուսը՝ ճենճերով.
Անոթներ երկու, մեկը քաղցրությամբ լեցուն և մյուսը՝ դառնությամբ.
Մի զույգ բաժակներ երկու նյութով լի, մեկը արտասուք և մյուսը ծծումբ.
Մատների ծայրով բռնած երկու տաշտ՝ գինի մեկի մեջ ու մյուսում լեղի.
Տեսողության դռներ իրարու ներհակ՝ մեկը լաց լինելու և մյուսը սխալվելու տրամադիր.
Իրար հակառակ երկու հալոցներ, մեկն արծարծում է և մյուսը՝ մարում.
Երկդիմի նայվածքներ՝ մեկը ողոքիչ և մյուսն անխնա բարկությամբ լեցուն.
Դեպի վեր պարզած երկու բազուկներ՝ մեկն հարվածելու, մյուսը մերժելու.
Դեմք՝ երկու տարբեր արտահայտությամբ — տխուր ու ցասկոտ.
Մեկի փոխարեն երկու կշտամբանք՝ ներկայի համար և ապագայի.
Ապավինումներ կասկածելի՝ մեկը «գոնե» և մյուսը «թերևս».
Մի բերանի մեջ երկակի բարբառ՝ մեկը եղկություն, մյուսը խռովանք.
Միևնույն սրտում երկու զգացմունք՝ մեկը կասկածելի հույսի և մյուսը ճշգրիտ կորստյան.
Ամպ լի լրթագույն, ահագնատեսիլ կրկնակ տեղումով՝ մեկը սուր նետեր և մյուսը քարեր.
Որոտում ահեղ երկու բերումով՝ կարկուտ ու կրակ.
Ցավագին գիշեր երկու վշտով լի՝ լալու ու մահվան.
Սուգի առավոտ երկու գոչյունով՝ մեկը սաստի և մյուսն սպառնալիքի.
Արևներ երկու՝ երկու կողմերից — մեկը խավարի և մյուսը կիզման։
Դ
Եթե մի բռունցք բարձրանա հանկարծ, կարծում է՝ իրեն է հարվածելու.
Իսկ եթե երկարի ձեռք պարգևաձիր՝ նա ինքը իրեն համար հույս չունի։
Երբ մեկը պարծենում է, կորանում է նա,
Եվ երբ գլուխը բարձր են պահում՝ ընկճվում է.
Երբ չար արարքներ են հիշվում՝ հեծում է.
Երբ սրբերի մասին է խոսվում՝ ամաչում է.
Հանդերձյալի մասին պատմվելիս՝ երերում է.
Երբ մեկից օրհնվի հայտնապես՝ ծածուկ անիծում է իրեն.
Երբ գովեստ լսի մեկից՝ կշտամբում է իրեն պարսավանքով.
Երբ նախատվի սաստկապես՝ գտնում է նա այդ իրավացի.
Եթե ուժգին ծաղրվի՝ համարում է այդ սակավ հատուցում նա իր բազմաթիվ մեղքերի համար.
Եթե լսի նա՝ իր մահն են ուզում՝ ասում է՝ «այո՛» և կրկնում դարձյալ.
Եթե երկնքից մահ ու շանթ ճայթի՝ իր դեմքն հազիվ է բարձրացնում վերև։
Իր իրավունքների մատյանն է գոցված,
Պատասխան տալու հույսն է կտրված,
Համարձակության ճամփան է փակված։
Չէր դանդաղի նա լինել անձնասպան,
Եթե չլիներ այդպիսի կորուստն անփրկելի քայլ։
Արդարև վա՜յ այն մեղավորին,
Որ տարակուսյալ կկանգնի երկու ճամփաների վրա, ըստ իմաստունի հոգելից խոսքի։
Ե
Եվ արդ, ինչպե՞ս չես ողորմում, բարեգութ,
Այսքան ողբաձայն ու կողկողագին հեծեծանքներիս,
Դու այս խոսքով բարձրացար, ասելով, թե՝ «Ես ողորմած Տե՜ր եմ»։
Ահա՛ չարության դեմ գերուս՝ կա քո բարությունը,
Մահապարտիս դառնության դեմ՝ քո քաղցրությունը,
Կորուսյալիս գտնելու համար՝ քո ճառագայթը,
Հանդուգնիս մոլության դիմաց՝ քո ողորմությունը,
Վնասակարիս խակության դիմաց՝ քո հեզությունը,
Կործանվածիս օգնելու համար՝ քո աջը,
Ընկղմվածիս դուրս բերելու համար՝ քո ձեռքը,
Անողջանալի վերքերիս բժշկության համար՝ քո մատը,
Ահաբեկվածիս պաշտպանության համար՝ քո ոգին,
Ապերախտիս վստահացնելու համար՝ քո երկայնամտությունը,
Ամենադաժանիս օծման համար՝ քո զորությունը,
Մեղավորիս քավության համար՝ քո հրամանը,
Փախչողիս ապավինության համար՝ քո ոտքը,
Դուրս սլացողիս պատսպարության համար՝ քո բազուկը,
Վրիպածիս առաջնորդության համար՝ քո լույսը,
Տարակուսյալիս հնարավորության համար՝ քո հանճարը,
Անիծյալիս դարձյալ ստանալու համար՝ քո օրհնությունը,
Վհատյալիս քաջալերության համար՝ քո խրախույսը,
Վշտացյալիս մխիթարության համար՝ քո բաժակը,
Նեղյալիս ընդարձակության համար՝ քո կամքը,
Ատելուս կանչելու համար՝ քո սերը,
Սասանյալիս հաստատության համար՝ քո խոսքը,
Հոգով վիրավորվածիս համար՝ քո արյան կաթիլը,
Անտես ցավերս ցրելու համար՝ քո ակնարկությունը,
Հուսահատվածիս վերընտրության համար՝ քո իշխանությունը,
Կտրվածիս պատվաստելու համար՝ քո կցորդությունը,
Մահվան խավարով ծածկվածիս համար՝ շողդ կենսատու,
Խռովյալիս հանդարտության համար՝ քո խաղաղությունը,
Վայրագորեն օտարացածիս համար՝ քո ողջույնը,
Մոլորվածիս դարձի բերելու համար՝ քո ձայնը,
Զի դու ես տիրում բոլորին քո գթությամբ,
Եվ չկա քո մեջ խավարի մասնիկ,
Եվ չկա բարություն առանց քեզ,
Եվ քեզ է վայելում փա՜ռք հավիտյանս. ամեն։