Բան Գ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Տե՛ր իմ, Տե՛ր պարգևատու, ինքնաբուն բարի,

Բոլորին տիրող հավասարապես, միայն Արարիչ դու ամեն ինչի.

Փառավորյալ, անքնին, ահեղ, ահարկու, սոսկալի, հզոր,

Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,

Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի,

Անսկիզբ և անժամանակ, անշամանդաղ գիտություն,

Համարձակ տեսողություն, ճշմարիտ էականություն,

Բարձր և խոնարհ, օրհնաբանված գոյություն,

Անստվեր ծագում, ամենափայլ ճառագայթ, խոստովանված լույս,

Անտարակույս վստահություն, կատարյալ հանգիստ,

Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայված անուն,

Ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,

Հաց՝ հոգին հաստող, սեր՝ մթանն օտար, աներկբա խոստում,

Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց բաղձալի,

Զարդ վայելչական, մեծազոր պաշտպան, գովված ապավեն,

Աննվազելի շնորհ, անպակասելի գանձ,

Անապական անձրև, արփիացնցուղ ցող,

Ամենաբույժ դեղ, ձրի բժշկություն, կրկնաձիր առողջություն,

Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, հանուր ավետիս,

Ստրկամեծար թագավոր, աղքատասեր պաշտպան, մշտահարուստ տվող,

Անխափան ընթացք, աննահանջ հրաման,

Անհամառոտ հույս, երկար տեսողություն, տուրք անզղջական,

Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք,

Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրության բերումն,

Անուն կենդանի, նախախնամող մատ,

Անմոլար ճամփա, անխարդախ ընթացք, կենդանարար կամք,

Աննենգելի խրատ, աննախանձ պատիվ, լայնարձակ հնարք,

Անձկական պայման, անգտնելի հետք, աներևույթ շավիղ,

Անչափագիր պատկեր, քանակությո՜ւն անսահման,

Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմություն բազմազեղ,

Խոնարհություն տոնելի, համբույր փրկարար,

Կա՜ն դեռ շատ ուրիշ խոսքեր ավելի վեհ ու վայելուչ

Նվիրելու քեզ՝ աստվածությանդ.

Օրհնված, գովված, բարեբանված, քարոզված, ավետարանված,

Հռչակված, հնչեցված, պատմված,

Աղաչված կամքով անխաբելի,

Եվ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով,

Որոնք մեր հաջորդ ճառերում պետք է որ լուսաբանվեն,

Որով և պիտի դու զվարթանաս իմ փրկությամբ, ո՜վ երանություն,

Ախորժ զգացմամբ լցված լիուլի։

Դատարկ բառերով հյուսված երգով չէ, որ փառավորվում ես դու,

Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնա մի պատճառ մեծիդ փրկագործության։

Բ

Ողբե՜ր երգեցի ես շարահյուսված այս նոր մատյանում,—

Որն իբրև կցորդ, մեծապես գիտակ բոլոր վշտերի՝

Նշավակում է ուրույն պատկերով կրքերը ամեն մարդու պատահող,—

Այս երկրում ապրող ամեն հասակի բանականների համար անխտիր,

Աշխարհում ցրված բազմասփյուռ բոլոր քրիստոնյաների,

Բոլոր նրանց, որոնք կյանքի առաջին շրջանումն են,

Եվ նրանց, որոնք արբունքի են հասել,

Նրանց, որ մոտ են անկար ծերությամբ կյանքի վախճանին,

Մեղավորների և արդարների,

Բարձրահոն ինքնամեծարի և իր սխալն ընդունող անձնադատի,

Բարիների և եղեռնագործների, նկունների և արիների,

Ստրուկների և հպատակների,

Գերաշխարհիկների և սեպուհների, միջակների և պայազատների,

Շինականների և տոհմիկների, արուների և էգերի,

Հրամայողների և հնազանդվողների, վսեմների և նվաստների,

Վեհերի և փոքրերի, ազնվականների և ռամիկների,

Ձիավարժների և հետևակների, քաղաքացիների ու գեղջուկների,

Ահավորի սանձով բռնված գոռոզ արքաների,

Վերնականների հետ խոսակցող մենակյացների,

Մաքրակենցաղ ու տիրանվեր զգաստների,

Երջանկակրոն և ընտրելագույն քահանաների,

Վերակացու և բարեզգեցիկ առաջնորդների,

Նախաթոռ գահակալների, սրբանվեր տեսուչների համար,

Որոնցից ոմանց՝ աղերս-աղաչանք և ոմանց՝ բարի խրատներ

Հորինեցի ես աղոթքի ձևով այս մատենիկով,

Որ Հոգուդ զորությամբ եմ ձեռնարկել,

Գրի առնելով մաղթանքներ պես-պես,

Որպեսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ

Քո մեծ գթությա՜նը ներկայացվեն։

Գ

Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ,

Բժշկի՛ր նրանց հոգիները դու և հանցանքները սրբի՛ր,

Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի։

Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների,

Եվ թո՛ղ սրանով պարգևվի նրանց իղձ ապաշավի։

Շնորհվի թող, ո՜վ Տեր, նրանց հետ և ի՛նձ զղջումի կամք,

Ինչպես և նրանց՝ ի՛մ իսկ բառերով՝ շունչ բարեհամբույր.

Թող այս մատյանով և ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց,

Եվ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները։

Ողբերգությունն այս սիրով ճաշակող սրտերում թող որ

Շնորհիդ լո՜ւյսը մտնի և բնակվի։

Եթե պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայվեն,

Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.

Եթե սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,

Ո՜վ խնամակալ, անձրևի՛ր նաև դրանք ի՛նձ վրա։

Հաղորդակիցներն այս կենաց գրքի՝ թող փրկվածներին լինեն դասակից։

Քո կամքով, օրհնյալ, թող որ նաև ե՛ս համարվեմ փրկված։

Եթե խոսքերի իմ ազդեցությամբ որևէ մեկի սրտի խորքերից

Հնչեն հառաչներ աստվածահաճո,

Թող որ նրա հետ, ո՜վ բարձրյալ, և ե՛ս օգտվեմ քեզանով.

Թե մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառվի,

Թող իմ ձայնի հետ հասնի, միանա

Եվ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցվող աղոթքների.

Եթե ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,

Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նվիրված լինեմ։

Եթե բանավոր պատարագն այս իմ հաճո լինի քեզ և գնահատես,

Ուրիշներինն էլ, առաջ, քան թե իմը, թող քեզ ընծայվի.

Եթե տրտմությամբ մի ոք սրտաբեկ նվաղի տկար,

Թո՛ղ կանգնի դարձյալ հառաչանքների այս հաստարանով՝ քեզնով հուսադրված.

Եթե ամբարտակն ապահովության խորտակվի մեղքով,

Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապես կառուցվի՜ դարձյալ՝ աջովդ պաշտպանված.

Եթե հանցանքի սրով կտրվի հույսի լարը ձիգ,

Ամենակալիդ կամքով թող դարձյալ կցվի ամրապես՝ քո պատվաստումով։

Դ

Եթե հոգեկան ցավի մի վտանգ պաշարի մեկին մահացու կերպով,

Թող որ փրկություն գտնի սրանով՝ հույսով ապրելու,

Ո՜վ կեցուցիչդ քեզ աղոթողի։

Տարակուսանքի տագնապով եթե խոցոտվի մի սիրտ,

Թո՛ղ քո քաղցրությամբ՝ բուժվի սրանով և առողջանա.

Թե անքավելի մեղքի կորստյամբ մեկն ընկղմել է խոր անդունդի մեջ,

Այս կարթով թող որ դեպի լո՜ւյսը գա՝ քո պաշտպանությամբ.

Թե խավարային գործերով թմրած՝ ուժասպառ է ոք,

Թող որ զորանա քեզ ապաստանած, միա՜կ ապավեն.

Եթե պահպանակը վստահության լքել է մեկի հոգին,

Ա՛յս միջնորդությամբ թող ձեռքդ նրան ընդունի դարձյալ և ամրապնդի.

Եթե ոք հսկող պահապաններից հեռու դեգերի,

Այդպիսին թող որ սպասի սրանով նորոգչիդ դարձին.

Եթե դիվային ջերմի սարսուռը խռովի մեկին,

Սթափվի՛ թող նա խաչիդ խորհրդի

Այս խոստովանված ու երկրպագված նշանի առջև.

Անօրենության խորտակիչ հողմի մրրիկը եթե

Մարդու մարմնեղեն շինվածքն աշխարհի ծովում հարվածի,

Թող որ քո կողմից շինված այս ղեկով, առագաստներով խաղաղվի՜ դարձյալ։

Ե

Մատյանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրյա՜լ,

Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի

Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր։

Սկսածն այս իմ՝ իր ավարտին հասցրու դու

Եվ թող քո Հոգին խառնվի սրան։

Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,

Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին

Եվ ընդունում փառք բոլորից. ամեն։