Բան ԻԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Դո՛ւ ես բարիքի սկիզբը միայն,

Գթություն անճառ, Որդիդ բարձրյալ միակ Աստուծո,

Որ ամբողջ օրը արիր մեզ համար ներման փրկարան,

Եվ ո՛չ կորստյան դատապարտարան,

Օրվա չարը փոխարկելով ինձ համար հույսի ավետման։

Բժիշկ՝ ախտավորիս,

Հովիվ՝ մոլորյալ ոչխարիս,

Տեր՝ քեզ ապավինած ծառայիս,

Գինի անապակ՝ մեծապես տրտմածիս,

Դեղ-սպեղանի՝ վիրավորվածիս,

Ազատություն՝ մեղքով գրավվածիս,

Բարի օրհնություն՝ մերժվածիս,

Շնորհաց կնիք՝ արհամարհվածիս,

Կոչումի օծումն՝ կողոպտվածիս,

Կանգնումն կրկին՝ կործանվածիս,

Պատսպարան հզոր՝ գլորվածիս,

Օժանդակդ վեհ՝ սայթաքածիս,

Դուռ բարձրադիր՝ տարակուսածիս,

Սանդուղ երանության՝ եղկելիիս,

Ճանապարհ ուղիղ՝ մոլորվածիս,

Թագավոր ներող՝ պարտվածիս,

Քաղցր հուսադրություն՝ լքվածիս,

Կյանքի ձեռնտու՝ վտարվածիս։

Բ

Դո՛ւ միայն ես մեծ և ամենառատ, որ քո լիուլի բարիքների մեջ՝

Ավելի, քան մենք հասկանում ենք և խնդրում,

Սահմանում ես ու միշտ հեղում, ըստ Պողոսի գոհաբանության։

Քանզի դո՛ւ պատվիրեցիր, որ վաղորդայնից մինչև արևամուտ,

Միևնույն օրում՝ ինն անգամ հիսուն և չորս անգամ տասը հեղ բարիք գործենք՝

Միշտ ակնկառույց, սրտով անարգել ներելով միմյանց մեղքերը սիրով,

Մի բան, որ մարդիկ չեն հուսա երբեք, թե կարելի է այդքանը խնդրել։

Իսկ եթե իմ թշվառությունն ու անարգությունը համեմատենք քո փառքի հետ,

Ամենակարող զորություն ահեղ, Աստված բոլորի, օրհնյալ Տեր Քրիստոս,

Ինչպիսի՞ կշռով և կամ ի՞նչ չափով կհավասարվի հողս՝ Հաստողիդ,

Զի անհուն ես դու, անբավ և անհետազոտելի,

Բացարձակ բարի և թե բարկության խավարին՝ անմասն։

Ուստի հույժ նվազ են համեմատած քո մեծության հետ

Թիվն այն աստղերի, որոնք ոչնչից ստեղծեցիր դու ու հորջորջեցիր ուրույն անուններով

Կամ մթնոլորտում հեղված նյութն երկրի, որը հաստելով անգոյությունից՝

Կերտեցիր երկրի զանգվածն ահագին՝

Շատ քիչ են, քան թե վերևում հիշված այն թիվն սակավ՝ իմ համեմատությամբ, որով

Դու քեզ նմանվել վարդապետեցիր։

Գ

Ահա՛ ընկղմվեց, ծածկվեց անհետ քո երկայնամիտ կամքի լույսի մեջ

Բոլորի չարիքն, իբրև դույզն մեգ, որ փարատվում է արևի տապից,

Ինչպես որ այստեղ մեր իսկ բնական զգացումները

Նույնը ցույց կտան մեր հասարակաց բարքերի մասին։

Քանզի մարդկանցից այն ո՛վ մեղանչեց, և չզղջաց.

Ո՛վ ապականվեց՝ և չամաչեց.

Ո՛վ գարշելի դարձավ՝ և չպատկառեց.

Ո՛վ սխալվեց՝ և չապաշավեց.

Ո՛վ կործանվեց՝ և չհեծեծեց.

Ո՛վ գայթակղվեց՝ և չստրջացավ.

Ո՛վ հաղթվեց՝ և իր բերանը չփակեց.

Ո՛վ խաբվեց՝ և հոգոց չհանեց.

Ո՛վ ճաշակեց լեղի՝ և չդառնացավ.

Ո՛վ ընկավ բարձրից՝ ու վեր չցատկեց.

Ո՛վ կորցրեց մեծությունը՝ և չաշխարեց,

Ո՛վ զրկվեց երանությունից՝ և չլացեց.

Ո՛վ կողոպտվեց փառքի շնորհներից՝ ու չողբաց.

Ո՛վ ինքն իր դեմ դարձավ վնասակար՝ և իրեն չմեղադրեց.

Ո՛վ մերժվեց Աստուծո երեսից՝ և չհառաչեց.

Ո՛վ լսեց Աստուծո սպառնալիքներն՝ ու չսոսկաց.

Ո՛վ մի մեղքի դեմ հազար չավաղեց.

Ո՛վ մերկացավ ձմռանը՝ և չսարսռաց.

Ո՛վ գործեց անօրենություն՝ և իր խիղճը չքարկոծեց.

Ո՛վ տեսավ ստրուկին իր մեծության մեջ՝ և չցավեց,

Ո՛վ չարիք գործեց՝ և ինքն իրեն չնզովեց.

Ո՛վ բռնվեց ախտով՝ և իր անձը չպարսավեց.

Ո՛վ ամոթալի գործեր կատարեց՝ և իր մարմինը չձաղեց.

Ո՛վ ձեռք զարկեց անպատկառ գործի՝ և իր օրը չանիծեց.

Ո՛վ հիշեց գործածները՝ ու չտապացավ.

Ո՛վ մտաբերեց գաղտնիները՝ և չխորովվեց.

Ո՛վ նկատեց ծածուկները՝ և կորստյան մահ չխնդրեց.

Ո՛վ աներևույթները պատկերացրեց՝ և գլուխը չկախեց.

Ո՛վ հեշտավետ մեղանչումների հետ հնոցի անշեջ բոցը չխառնեց.

Ո՛վ պագշոտացավ՝ ու չպապակեց.

Ո՛վ իր կամովին գործած չարիքներն հիշեց՝ և իր սատակման համար չաղոթեց.

Ո՛վ՝ չպատմվելիքները՝ և չխռովվեց.

Ո՛վ՝ մարդկային էության համար անտանելիները՝ և չթախծեց.

Ո՛վ՝ մեծամեծներն՝ ու չմաշվեց.

Ո՛վ՝ անբծությունն ապականողները՝ և չտոչորվեց.

Ո՛վ՝ տարագրության պատճառ եղող հանցանքները՝ և չտագնապեց.

Ո՛վ՝ իր երեսի աղտեղի տեսքը՝ և անձը վերնայնի բարկության արժանի չհամարեց.

Ո՛վ աչքի առջև բերեց գլխավոր մեղքերից մեկը՝ և մահացու զենքով չխոցվեց.

Ո՛վ խայտառակություններն հիշեց՝ և վհատության ողբաձայն վայեր չհյուսեց.

Ո՛վ արքայական իր գահից զրկվեց՝ և կարկամելով՝ վայր չգլորվեց.

Ո՛վ պսակի տեղ հող դրեց գլխին՝ և հոգով չարաչար չմահացավ.

Ո՛վ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագավ՝ և չտխրեց.

Ո՛վ իր կյանքը կորցրեց՝ և չերկնեց արյուն-արտասուք.

Ո՛վ լուսեղեն վերարկուի փոխարեն խավար հագավ՝ և չնվաղեց.

Ո՛վ իր սիրելու սուգի վրա չթառամեց։

Դ

Սրանք են ահա ճշգրտագույն կերպարանքը հանդիմանության արժանի մեղապարտիս՝

Տխուր դեմք, շիջած ճառագայթ, ցամաքած խոնավություն, նիհարած շրթունք,

Անշքացած տիպ, տխրամած հոգի, այլայլված ձայն, ծռված պարանոց։

Եթե մեկը իսկական ճշմարտությունը ցույց տա,

Չի ստի, ասելով՝

Անամբարտավան միտք և անհպարտ սիրտ,

Ու չլինի՝ պարգև խնդրելու անկարող թշվառ և աղերսելու ծարավյալ,

Ինքնակշտամբ դեգերող, իրավամերժ սովյալ,

Արդարալլուկ քաղցած, պատշաճադատ հարվածյալ,

Ինքնավկա մահապարտ, արժանապես արտաքսված և անձնանեծ եղկելի։

Սրանց օրինակ են ծառայում արդարագործ փարիսեցին, որ կշտամբվեց,

Եվ մեղապարտ մաքսավորը, որ հռչակվեց։

Ե

Եվ արդ, եթե այն չարիքներն ամեն,

Որոնք հնարում ու սերմանում է մեր սրտերի մեջ մոլորյալներիս գտնող բանսարկուն,

Իրենց տեղն ունեն օրվա հաշվի մեջ,—

Ինչո՞ւ չպիտի համրես դու նաև այն բարիքները,

Որոնք խնամակալ ապրեցնող քո կամքն է տնկել մեր մեջ,

Արիացնելու համար մեր հոգին, ո՜վ բարեգութ Տեր, հզոր ու հաղթող,

Քավիչ մեղավորների, ամենակարող փրկիչ բոլորի,

Եթե ուզենաս՝ անդունդները դու երկնքի կփոխես,

Եվ կամ խավարը մթին՝ կփոխարկես լույսի,

Դառնահամ լեղին՝ քաղցր մանանայի.

Եվ կամ սաստկավիշտ ողբ ու կոծերից հարսանյաց ուրախ պար ու նվագներ կարող ես կազմել։

Սրանք բոլորն էլ դյուրին են քեզ մոտ և հնարավոր,

Եվ դեռ ավելի՛ն կարող ես անել,

Զի տիրում ես դու համայն բոլորին ահավորապես.

Փա՜ռք քեզ հավիտյանս հավիտենից. ամեն։