Բան ԻԶ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Եվ արդ, նրանց հետ, որոնք ողբագին եղանակների
Համաձայն խոսքեր են շարահարում, հորինում հարմար,
Ամեն մի տողի վերջում միևնույն գիրը դնելով,
Որով արտասուք հոսեցնելու չափ մորմոքեցուցիչ
Առավել սաստիկ ու սուր են ճմլում սրտի ցավերը,—
Ուստի ես ինքս գլուխն անցած այժմ այդպիսիների,
Որոնք լալագին բանաստեղծություն են եղանակում,
Նրանց ողբաձայն հեծեծանքներով վշտակիր հոգիս եմ պարզում ահա՛,
Որը չի մեռել դեռ բոլորովին աշխարհի համար,
Ոչ էլ իսկապես կենդանի է նա Աստուծո համար.
Ոչ իսկապես ջերմ, ոչ էլ ցուրտ իրոք,—
Ըստ ավետարանչի առակի՝ գրած իր Հայտնության մեջ,—
Որը երիցս ատելի է Երրյակ Տերությանն ու Ամենատես Արարչությանը։
Այս է եղանակն ամենահարմար՝ թախծությունը մեր նկարագրելու,
Հանգավորելով յուրաքանչյուր տող,
Որով և հոգու հույզերը տխուր և՛ս առավել են հնչում սրտառուչ։
Բ
Դրամական պարտքն ուրանալով, ես վատս, հիրավի,
Գործովս անարժան մատնվել եմ վաղ տույժ ու տուգանքի.
Կրկնահանցագործ վատնիչս կորած՝ գանձին արքունի,
Որ մեծ Աստուծո հաշիվ պետք է տա և պատասխանի.
Պետք է բյուր քանքար, մինչդեռ ես չունեմ կշիռ մի ունկի։
Ես անբարեխոս դառն արգելքի տակ կապկապված գերի,
Ճաշակում եմ խիստ ցավ ու հեծություն խավարում բանտի.
Տանջվում եմ անօգ հեգ ողորմելիս առանց պաշարի.
Ինձ համար ողբի մի այլ եղանակ այստեղ ընտրեցի,
Եվ այս խոսքերովս այն կսկծալի կոծի փոխեցի.
Նույն չափով ու նույն վերջավորությամբ ես շարադրեցի,
Թիվ անհատելի և խորհրդավոր երկյակ տասնյակի։
Հնոցն աղքատության մրրկվում է ամեն կողմից ուժգնակի.
Անպաշտպան, թշվառ՝ դրված է տխուր սիրտն իմ գրավի.
Ապաշնորհ, տկար մարդ եմ ենթակա միշտ վրիպանքի,
Շուտով ինձանից անզիջում կերպով դատ կպահանջվի։
Զգայարանս մահվան ու մեղքի զենքով կխոցվի,
Գերիս՝ անփախուստ կերպով մատնված բռնի ախտերի,
Հոշոտում է ինձ սաստը սուր սրով իր սարսափելի։
Այժմվանից, նույնիսկ, երբ բեմն եմ հիշում ես դատաստանի,
Անլույս մռայլը չարատես աչքիս առջև կփռվի.
Անօգ, կապկապյալ եղկելիս մատնվել եմ տարակույսի.
Երևում է ինձ պատկերը երկյուղ ազդող վերնայնի։
Տարտարոսի մեջ անարև սաստիկ և անծածկելի,
Գեհենի հրում մորմոքվում է հույժ անձն իմ եղկելի,
Անհայտ ու անհետ կորած-կործանված անդնդում մեղքի։
Ահա ունեցածս արծաթն անպիտան, որ արժեք չունի,
Որ չի ընդունվի տերունի գանձում և չի ամբարվի։
Հայցվածս է պղտոր, և ձեռքս անմաքուր, աննվիրելի.
Բայց ես սրտաբեկ, մատներս շարժելով, հուսալով դարձի,
Երեսս հողին՝ պաղատում եմ քեզ, դու մա՜յր Հիսուսի.
Բարեխոս եղիր ինձ մեղավորիս, երկնի՛ց իսկուհի.
Մաղթիր քավություն ինձ, ո՜վ զորավոր փրկանակ կյանքի,
Թող երկրի վրա միշտ օրհնություններ, բուրումներ խունկի
Եվ անուշահոտ յուղեր մատուցվեն քեզ ախորժելի։
Գ
Իմ այս ողբերի հյուսվածքի վրա ես մի ուրիշ մաս ևս ավելացրի,
Շնորհապարգև մեծ բարերարին առատ արցունքներ ընծա բերեցի.
Չկարողացա չափելով երբեք գտնել խորությունն ես իմ կորուստի,
Հազիվ թե հակիրճ խոսքերով միայն ես նրան հանդես բերել ջանացի,
Չհասա նրան ես մինչև անգամ արագացնելով թևերն իմ մտքի։
Խորունկ մեղքերից խելքս պարտված՝ բարկության բաժակն իմ ձեռքը առի,
Տարակուսանքի տարտամությունն իմ ես ինքս իբրև մահ ճաշակեցի։
Եվ այժմ էլ, ահա, հանցանքներս անթիվ երգեցի ձայնովն իմ ողորմելի։
Մի աներևույթ բարկ կրակարան բորբոքվում է մեջս անզովանալի,
Ասես թե անտես հալոց-քուրաներ եռում են սաստիկ, անշիջանելի։
Թունավոր նետի սլաքներ կան սուր՝ շտեմարանի խորքը իմ սրտի.
Ցավառիթ խիթեր մահացու կերպով խոցում են բոլոր երակներս լյարդի։
Ճեպելու անճար՝ աղիքներիցս չեն կարող ելնել ցավերն երկունքի.
Երիկամունքներն իմ երկու կողմից այրում է ջերմը անդարմանելի.
Անչափ կուտակված դառն մաղձն ահա նախադուռն է իմ հասել կոկորդի։
Շնչափողիս մեջ հնչում են ուժգին վհատեցուցիչ ձայներ ավաղի,
Էությանս բազում մասերը՝ ներհակ իրար դեմ ելել են պատերազմի.
Կասկածանքների վախով վարանած՝ մատնվել եմ ես անհուն տագնապի,
Թեև հարազատ՝ ջարդում են իրար դավաճանաբար, ինչպես թշնամի,
Թաղված մեղքերի գարշելի տիղմում՝ ո՛չ մեռած եմ ես և ո՛չ կենդանի։
Հայացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, կասկածը սրտումն իմ պատժապարտի,
Որպեսզի կյանքի անհույս այս վիհից դուրս հանես դու ինձ լույսին անձկալի։
Դ
Նա, որ խոսքն այս շարադրեց՝
Երջանիկների շարքում պսակվի,
Ակնկալելով ողորմությունդ՝
Անարատներին թող հաղորդակցվի,
Եվ հանուն Բան-Աստծուդ զենման՝
Բարեգործությամբդ կենդանանա,
Գովյալ շուրթերիդ օրհնությունը թող
Գիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա,
Որով թող հաստատվի սողոմոնյան առակի մաղթանքը։
Բարձրյա՛լ, քո Հոգով պատկերագրիր [այս գիրքը]
Անեղծանելի նորոգման համար,
Քանի որ դու ես միակ երկայնամիտը,
Ու ներողամիտը, փա՜ռք քեզ ամեն ինչում. ամեն։