Բան ԻԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Եվ քանզի նախորդ իմ ողբերի մեջ ես մասամբ միայն նկարագրեցի

Մեկը մյուսից ծանր ու գերազանց մեղքերն իմ այնքա՜ն,

Որոնց գերին է դարձել վշտակիր և թշվառ հոգիս,—

Ուստի ես պիտի փոխեմ իմ խոսքի եղանակն հիմա,

Բայց ո՛չ ավաղանքն իմ աղետների։

Կյանքս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,

Ուր հոգիս մարմնիս շինվածքով՝ իբրև նավակում,

Իրար վրա խուժող անթիվ, անհամար ալիքներից,

Տարուբերվում է միշտ այս աշխարհում։

Եսային ևս այս օրինակով պատկերեց

Երուսաղեմի և Սամարիայի հախուռն ու հանկարծադեպ քանդումը պարսիկ հրոսակներից,

Որ և սխալ չի լինի համեմատել իմ հոգևոր խորտակման հետ։

Բ

Մինչ ես չվում էի անհոգ, անտարակույս վստահությամբ,

Հազիվ թե մտքիցն իմ անցկացնելով դույզն-ինչ կասկածանք ինչ-որ արկածի՝

Փոքր այն միջոցին հանգստի միջև և աշխատության,

Իբրև թե արդեն նավահանգիստը հասած լինեի,—

Եվ ահա՛, ամառվան մեջ ձմեռն հանկարծահաս՝ հողմով իր բքաբեր

Երեքալյան ուժգին բախումով խաղաղությունը խռովեց հանկարծ։

Խորտակվեց նավը՝ վայրագ ալիքների բախումից.

Թիակների կազմվածքը քայքայվեց.

Պոկվեց իր տեղից կայմը վերամբարձ,

Թռչարանն առագաստի պատռվեց ծվեններով անկարկատելի.

Շինվածքի շքեղությունն անշքացավ,

Ու խզվեցին բոլոր առասանները ձիգ.

Գլխակողմի բարձրադիր դիտարանը խոնարհվեց,

Կտրվեց պարանն ապավանդակի,

Խարսխի հենարանը քայքայվեց,

Ու բաժանվեցին իրար կցորդված գերաններն երկու.

Ուղղիչների սամիները գալարվեցին,

Ընկղմվեց լաստի հատակը իսկույն՝ հիմքն ու հաստարանն ամբողջ շինվածքի.

Ղեկի սարքն ամբողջ սուզվեց տեղնուտեղ,

Չվելու հարմարանքները պակասեցին,

Կոտրվեց իսկույն ողնափայտն ամուր.

Կապարանները զիստի ջարդուփշուր եղան,

Նավագոգն անպետքացավ,

Հետնակողմը նավի, եզերող շրթներով, խախտվեց ու դուրս թռավ.

Բազմոցներն ընկնելով՝ անհետացան.

Վայելչագեղ վանդակապատն իջավ հատակ.

Շուռ եկավ գահավորակն հանգստավետ.

Իրար կպած տախտակաշարքերն անջատվեցին իրարից,

Եվ նրանց ամրապնդող բևեռները ելան։

Գ

Ողբերի հիշատակարան դարձած արդյունքն ինձ նմանվեց։

Նավապետը դեմ-հանդիման նավի՝ դեգերում է, ողբում,

Ձեռքը ծնոտին դրած՝ արցունքի գե՜տ է հոսեցնում։

Նավից մնացած սակավաթիվ բեկորները ալեկոծ ծովի ծփանքի վրա

Բանականների նման խողխողված՝ հեծում են թախծոտ ու ողորմագին։

Եվ այսպես, ահա՛, սխալված չենք լինի, եթե ասենք,

Որ նավապետը բարի իր երկնավոր զորքով՝ այս աշխարհի ծովում

Իմանալի իմ գոյության խորտակված տապանն է աշխարում.

Քանզի արդարև բարեգութ Տերը լացեց

Իր թաղված ազգակցի վրա, որպես օրինակ՝ համայն մարդկության,

Լացեց նա նույնպես մոլորյալ Երուսաղեմի, ինչպես և մոլեգնած Հուդայի վրա,

Որոնցից երկուսը մնացին անհույս՝ նման քայքայված նավի.

Իսկ մեկը նրանցից արդեն անդունդի հատակը հասած՝

Հույսի առասանն իր ձեռքն ունենալով՝

Դեպի ապահով խաղաղությունը դուրս եկավ նորեն։

Դ

Կտեսնե՞մ արդյոք ես երբևիցե մարմնի տապանակն իմ բազմախորտակ՝ կրկին նորոգված.

Կտեսնե՞մ արդյոք ողբալի հոգուս նավը փշրված՝ կրկին ողջ-առողջ.

Մեծ տարածությամբ բաժանվածս ես կլինե՞մ արդյոք դարձյալ միացած.

Կտեսնե՞մ արդյոք հոգնաթախիծ վշտացյալիս սիրտը դարձյալ ուրախ.

Կարո՞ղ եմ հուսալ, թե պիտի տեսնեմ հավետ խաթարված պատկերն իմ բնության հարդարված նորից.

Կտեսնե՞մ արդյոք թշվառացյալիս քանդված տաղավարը կրկին կանգուն.

Հուսա՞մ, թե պիտի տեսնեմ տարամերժ հոգիս ազատված,

Եվ լույսիդ շնորհից զրկվածիս կրկին վերակազդուրված.

Պիտի ցույց տա՞ս արդյոք ողորմաբար վայելքն ընտանի քո պայծառության.

Կտեսնե՞մ արդյոք երբևիցե ամենատխուր դեմքը հոգուս՝ ժպտուն.

Արդյոք կլսե՞մ գուժկան ձայնի տեղ ավետյաց համբավն ինձ առաքված.

Կտեսնե՞մ արդյոք իմ բյուրակործան փշրված անոթն վերանորոգված.

Պատուհաններն իմ մտքի աչքերի կտեսնե՞ն արդյոք պարտամուրհակն իմ մի օր պատռված.

Օրն իմ անձկության քավությանդ շնորհով՝ կծագի՞ արդյոք քո լույսը վրաս,

Արդյոք կմտնե՞մ լուսախորանի խնջույքը մի օր քո առաջնորդությամբ.

Անկյանք, ցամաքած ոսկորներս կրկին կկենդանանա՞ն,

Ըստ Եզեկիելի՝ ներգործուն շնչիս ետ գալով դարձյալ զորություն առած.

Կլինի՞ արդյոք, որ կրկին նայեմ քո սուրբ տաճարին,—

Ինչպես մարգարեն, որ աղաղակեց կետ ձկան պորտից,—

Ես, որ կանգնել եմ դեմդ ամոթահար՝ լույսիցդ մերժված։

Մթնածիս վրա խավարասնունդ կծագի՞ արդյոք պայծառ առավոտ.

Եվ մշտասառույց տագնապյալս ես կհասցնե՞մ արդյոք գարուն տեսնելու.

Կտեսնե՞մ արդյոք ինձ համար հոգիները արոտը դալարեցնող ցողն անձրևային.

Կլինի՞, որ տեսնեմ գազանաբեկ մերժելի ոչխարս կրկին քո ամենագութ կամքի հո՜տը դարձած։

Ե

Եվ, սակայն, ինչպես որ Հոբն է ասում,

Չարի թակարդներն անելանելի պաշարել են ինձ,

Իսկ եթե քո բարերար կամքի ողորմության լույսն ինձ ցույց տրվի,

Քո գթության դուռը բացվի,

Փառքիդ ճառագայթը ծավալվի,

Ձեռքիդ խնամքը հայտնվի,

Կենացդ արեգակի օրը տարածվի,

Քո առավոտյան ըղձալի դեմքը պարզվի,

Քաղցրությանդ առատությունն աղբյուրի պես բխի,

Արարչի կողի վտակը հոսի,

Անապակ սիրույդ ծորումը թափվի,

Ավետյաց շնորհիդ ծագումն երևա,

Պարգևիդ ծառը ծաղկի,

Քո օրհնյալ մարմնի մասունքը բաշխվի,

Սակավ ակնկալությունն իրագործվի,

Ընդհատված ձայնը ողջույնիդ լսվի,

Հեռացած խաղաղությունդ մոտենա։

Այնժամ հավիտյան այս պայմաններով երանելի,

Հաստատուն հույսով և հավատով զինված,

Ապավինելով Սուրբ Հոգուդ, որ պաշտվում է Հորդ հետ և փառաբանվում քաղցրաձայն,

Քեզ հետ լույսի մեջ անմատչելի, քավությամբ հանդերձ,

Ինձ՝ մեղապարտիս կընծայվի և՛ կյանք, և՛ երանություն։

Եվ սրանք որպես անկորուստ ավանդ կպահվեն իմ մեջ,

Իբր առհավատչյա ճշմարիտ հիշատակի՝ ի ձիր անեղծության,

Երրյակ անձնավորությամբ հզոր, սուրբ ու միակ

Եվ անքննելի տերությանդ անճառելի, ահեղ անունով,

Դո՛ւ ես, որ իսկությամբ քո և էությամբ,

Եվ բարձրությամբ քո հարակա, քաղցրությամբ, ողորմությամբ

Եվ մարդասիրությամբ պսակված հավետ թագավորում ես։

Այո՛, բոլորի համար և ըստ ամենայնի, ամենայն բանում կարող ես, գթա՜ծ։

Եվ քեզ վայել է փա՜ռք երկրիս վրա,

Նաև հանդերձյալ մշտնջենական աշխարհում,

Մեծ օրն հայտնության, հավիտյանս. ամեն։