Բան ԻԳ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Տե՜ր Աստված ամենայնի և զորավոր ամեն բանում,
Տե՜ղ անպարագիր և անվայրափակ բոլորի համար,
Բոլո՜ր իսկությամբդ ամենքին մոտիկ,
Ամենուր ես դու, և չկա ոչ մի սահման առանց քեզ։
Չես երևում երբեք, բայց առանց լույսիդ չի տեսնվում ոչինչ,
Ո՜վ ահավոր փառք և անհաս անուն,
Մեծության կոչում, ձայն անբավելի,
Իսկություն անքնին, անմատչելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր,
Տեսնող՝ հեծության և նկատիչ՝ թշվառության,
Տխրության այցելու և ամենաբույժ հնար՝ անճարության,
Հայր գթության, ծագող ողորմության և Աստվա՜ծ մխիթարության։
Բ
Տե՜ր, ողորմությամբ նայիր բազմավտանգ ախտերի դառնավիշտ իմ պատկերին,
Որ քո հանդեպ եմ տածում ահա՛։
Կարեկից եղիր ինձ բժշկապես և ոչ թե որպես քննիչ-դատավոր։
Արդարև մեծ է տագնապն այս ցավատանջ տարակուսանքի և վարանման,
Երբ մեղքով է տարված մարմինն ամբողջովին,
Իսկ հոգին չի մեկուսացած չար գործերից,
Երբ զգայարանքները կապկապված են մոլորությունների սովորությամբ,
Եվ զանգվածը շաղախված է մահացու կրքերով.
Երբ սրտի զգայությունը խայթերով է խոցոտված,
Եվ բարիքների ակնկալությունն իսպառ վերացած.
Երբ բանականությամբ հանդերձ՝ անասունների շարքն է դասված,
Եվ գոյության հետ զազրելի գարշություններ են շարամանված.
Երբ արտաքնապես թեև առողջ, սակայն ներքնապես է վիրավորված
Եվ հիշելով իր մեղքերը սաստիկ՝ հուսահատության է միշտ մատնված.
Երբ որ նախապես գործած մեղքերի տագնապումներով է տարակուսված,
Եվ աղոթքի հստակությունն իսպառ պղտորված.
Երբ խղճմտանքը խռովանքներով է հույժ տոչորված,
Եվ ձեռքը մաճին՝ հետևի գործերն հետազոտելով է միտքն զբաղված.
Երբ դեմքով դեպի առաջ է դիմում, ոտքերով՝ դեպի հետև ընկրկած.
Եվ գիտենալով հանդերձ ճշմարիտ գոյությունները, անգոներից է շարունակ խաբված.
Եվ մտքի մղած մարտերի մեջ միշտ փոքրություններից է հաղթահարված,
Եվ սրտի սաստիկ հառաչանքներից հագագի դուռն է համակ հրդեհված.
Երբ ամենուրեք՝ խոնավությունն է քիմքի տոչորված
Եվ ամեն կողմից անարև մեգով է շրջապատված.
Երբ ակնկալության ընդարձակությունն է իսպառ ամփոփված,
Եվ անտանելի տառապանքներն են զգայարանների վրա դրոշմված.
Երբ որ կորստյան եղկելիությունն է մտաբերված,
Եվ հատուցումի դատավճիռն է մտքի դիվանում արձանագրված.
Երբ բարերարի աչքն է զայրալից երևույթ առած,
Եվ լույսը բնությամբ հողազանգվածիս դեմ է զայրագնած.
Երբ որ Աստուծո ահավորությունն փոքրիկ էությանս հետ է ընդհարված
Եվ իր խոսքերի որոտումով միշտ՝ բանավոր մոխրիս դեմ է բարկացած.
Երբ արդարության իր քարերով նա մահվան արժանուս է միշտ քարկոծած.
Երբ որ ինձ տրված տաղանդը այստեղ անառակության մեջ եմ կորցրած,
Եվ իմ պատվական ստացվածքն իբրև անարգ, անարժեք՝ հողի տակ է թաղված.
Երբ ողջ արգասիքն իմ աշխատանքի՝ ծուլության մութով է ծածկված
Եվ չի երևում ճրագի լույսի պես հեռու տարված.
Երբ իրավազուրկ պատասխանարանն է լեզվիս կարկամած,
Եվ իմ անհամբույր բարբառող շուրթերս իրոք արժանի կերպով պապանձված.
Երբ հուզյալ միտքս ամեն ուղղությամբ ցրիվ է եկած
Եվ օգտակարին հասու լինելու անկարող դարձած,
Եվ լավն ու բարին ընտրելու կշռի մեջ հիմարացած.
Երբ ճանապարհը չարի արգելքով է խափանված,
Եվ վառարանն է յուղի՝ հնոցի մոխիրով լցված.
Երբ կենաց մատյանից իմ անվան գիրն է ջնջված,
Եվ երանության փոխարեն այնտեղ կշտամբանք գրված։
Գ
Թե զինվոր եմ տեսնում՝ սպասում եմ մահվան.
Թե պատգամավոր՝ խստության.
Թե գրագիր՝ կորստյան մուրհակի.
Թե կրոնավոր՝ անեծքի.
Թե ավետարանիչ՝ ոտքի փոշին թոթափելու.
Թե բարեկրոն՝ հանդիմանության.
Թե անզգամ՝ կսկծանքի.
Եթե փորձվեմ ջրով՝ կխորտակվեմ.
Եթե մի դեղ քննության առնեմ՝ կսատակեմ.
Թե բարիք տեսնեմ, կասկածելով չար գործերիցս՝ կփախչեմ.
Թե բարձրացած մի ձեռք՝ կկորանամ.
Թե խրտվիլակ փոքրիկ՝ կսարսեմ.
Թե լսեմ թնդյուն մի թեթև՝ կընդոստնեմ.
Թե կերուխումի հրավեր ստանամ՝ կդողամ.
Թե մեծիդ ներկայանամ՝ կսարսափեմ.
Թե հարցաքննության կանչվեմ՝ կկարկամեմ.
Թե իրավամբ քննվեմ՝ կհամրանամ։
Դ
Արդ, իրար վրա բարդված իմ այսքան տարակույսները ամենաթշվառ և ողորմագին,
Որոնք ի ներքուստ խոցում են սիրտս անբույժ ցավերով, նետերով անտես,
Եվ բևեռվելով անարտաքսելի՝ նրանք հոգուս հետ հանապազամուխ ու հարամնաց,
Եվ շարավներով լցնելով հոգիս, հարվածելով միշտ՝
Սատակիչ մահվանս վտանգն են սաստիկ նախագուշակում։
Իր ներսը մխված երկաթը պատող կույտը թարախի,
Տագնապը ծածուկ ու մեջս պահված վերքերն անդարման
Իմ շնչառության միջոցին սաստիկ ցավ են պատճառում։
Ուստի և նրանց նեղություններից չարաչար ճնշված,
Թախծալից հոգուս ձայնով բարձրագոչ և աղերսախառն իմ արցունքներով
Ինձ համար նաև աղոթող բոլոր նահատակների հետ այն երկրաստեղծ,
Եվ հեծությամբ ողբակից նրանց արտասվանվեր իմ այս ողբերով,
Ըղձակաթ աղերսն իմ՝ Բարեգործիդ ամենահնար՝
Երկրիցս դեպի երկինքը, ահա՛, առաքում եմ քեզ։
Շնորհիր, ո՜վ Տեր, հանգիստ ու խաղաղ կյանք ողորմելի վաստակյալիս,
Ինձ, որ ընդունա՜յն երկրագործեցի.
Ո՜վ համայնդ դու ամեն ինչի մեջ, քեզ փա՜ռք հավիտյան։