Բան ԺԹ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Ով դու, բարի կյանքի հուսատու ամենահայաց տեսողություն,

Ուշք դիր ցավագնած հոգուս հեծեծանքների բարձրաձայն աղաղակին,

Անհա՜ս մեծություն, անուն ահավոր, բարբառ կենդանի,

Լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի,

Բարություն խոստովանելի, ազդումն խնկելի,

Դավանելի իսկություն, էություն փառատրելի, գոյություն օրհնաբանելի,

Ո՜վ դու Տեր Հիսուս, Հորդ հետ գովված ու երկրպագված

Եվ Սուրբ Հոգուդ հետ բարձրացած ու հռչակված,

Որ մարմնացար մեզ պես ու մեզ համար,

Որպեսզի մեզ էլ անես քեզ համար ու քեզ նման,

Լույս ամենայնի, համակ ողորմած, հզոր երկնային։

Եվ այժմ քայքայված ու խորտակված անոթն իմ հողեղեն

Աստվածորեն հրաշակերտելով, աղաչում եմ, գթա՛ծ, նորոգիր նորեն։

Մեղքերով հնացած պատկերն իմ՝ քո ինձ տված,

Հալելով կրկին քուրաների մեջ խոսքիդ կայծակով՝

Պաղատում եմ քեզ, ձուլի՛ր վերստին։

Հոգիս պահպանող մարմնիս խորանի շինվածքը խախտված՝ հանգստարանը քո,

Աղաչում եմ, ո՜վ բարերար, մաքրագործիր քեզ ի բնակություն։

Իմ չար գործերի փոխարեն մի՛ հատուցիր նույնը դու ինձ։

Արբած եմ ես, բայց ոչ թե գինով, ինչպես մարգարեն է ասում.

Թափիր հրամանով քո ազատարար, ամենակեցո՛ւյց,

Մահվան բաժակիս թմրեցնող մրուրն անօրենության,

Որ բաժակդ ես չքամեմ վերջին օրը հատուցման։

Բ

Արդար ես դու իրավունքիդ մեջ և հաղթող՝ քո դատաստանում.

Թե մատնես մահվան՝ ճշմարիտն արած կլինես.

Թե դատապարտես, այստեղից սկսելով կշտամբությունդ տանջողական՝ հատուցում է ճիշտ.

Թե անդունդների խորքերը սուզես,

Թե կենդանության շարժումները դադարեցնես,

Թե զորությունն իմ խոսքի ունայնացնես,

Թե պատուհաններն աչքերիս ստվերացնես,

Թե կյանքի ճաշակն ինձնից հետ առնես,

Թե ընդհանրական կերակրից ինձ զրկես,

Թե օրերիս երկարությունը կարճացնես,

Թե իջնող քաղցր ցողի հետ մեկտեղ վերից հուր թափես,

Թե խոսքդ լսելուց ինձ քաղցած թողնես,

Թե ականջներիս դռները խցես,

Թե շնորհիդ պատկերն ինձանից կտրես,

Թե ոտքիս տակի հողը սարսես,

Թե ինձ անձկալի քո լույսից հանես,

Թե այս աշխարհից ինձ բոլորովին դու դուրս վտարես,

Թե հրաբորբոք փայլատակումով ինձ ահաբեկես,

Թե անբուժելի ցավերով պատժես,

Թե ինձ չարչարող դևերին մատնես,

Թե ցասման հողմով ինձ հեռու քշես,

Եվ թե ուրիշ նոր չարչարանքների գործիքներ կազմես —

Տարտարոսից վատ և գեհենից էլ ավելի սաստիկ,

Ավելի թունոտ, քան թե որդերը, և քան խավարը տարակուսելի

Եվ երկյուղալի՝ խորխորատից էլ, և ողորմելի՝ մերկությունը քան,—

Ես ինքս անձամբ վկայում եմ, թե արժանի եմ խիստ այդ բոլորին։

Գ

Եվ քանզի մեղքերս նման են իրար,

Ուրեմն և նրանց հատուցումներն էլ պետք է որ նման լինեն իրարու,

Իբրև միմյանց պատկերակից, միատեսակ և զուգակշիռ,

Այս հասկացողության կրողներն են,

Ուստի կարևոր է խոստովանել և քողը վերցնել նրանց երեսի,

Որպեսզի տեսնի փնտրողը նրան և ծանոթանա,

Քանի որ ջերմ սիրով չմոտեցա ես ընկերոջս կարիքներին,

Իրավացի է, որ առաջին իսկ վտանգի պահին սառչեմ տագնապած։

Եվ որովհետև ես չսանձեցի ցանկություններս ապերասան,

Ուստի եղկելուս արժանի է կրել կիզումն անզովանալի։

Եվ քանի որ ես չսիրեցի ավետիսը լույսիդ՝

Արդար է, որ ես կորստյան մեգի թանձր խավարում խարխափեմ մոլորագնաց։

Եվ քանզի խտրություն չդրի մանր ու մունր հանցանքների միջև, համարելով նրանք անվնասակար,

Զազիր զեռունների խայթումներից խոցոտվում եմ արդ արժանապես։

Եվ քանի որ ես ձեռք չերկարեցի վտանգի մեջ վշտակրին օգնելու,

Տեղին է, որ գարշ ապականության գուբին մատնվեմ։

Դ

Եվ արդ, ո՛չ աստվածային քո գանձերից՝ չարիք,

Ո՛չ քո լույսի շողերից՝ խավար,

Եվ ոչ էլ քեզ ապավինելուց սայթաքումներ առաջ կգան,

Այլ ես ինքս՝ կորստյան որդիս գտա այս բոլորը։

Բազում անօրեն մեղքերս են, որոնք նյութեցին այսքան բարկություն։

Մոլորեցուցիչ իշխանի կամքին հնազանդելով՝ նրան թողի ես քո տեղն իսկական,

Ըստ Գրքի հանդիմանության։

Ե

Եվ քանզի հայտնի դարձավ մարմնիս անդամների գաղտնիքն ու խայտառակությունը,

Եվ երեսիս ընկավ անվայելուչ ստվերն ամոթանքիս, ըստ մարգարեի առակի,

Ինձ բոլորովին տգեղացնելով՝ մերկ, խայտառակված պոռնիկի նման,—

Ծագիր իմ մեջ լույսը քավության, երկնավո՛ր արքա,

Որպեսզի թոթափելով մեղքերիս փոշին,

Ավետյաց ձայնը լսած, Բաբելոնից ետ դարձողների պես,

Հողից վեր կենալով՝ վերստին նստեմ,

Եվ անսասան՝ հույսիդ ամրությանը հիմնվելով,

Ինչպես Եսային է ասել,

Նախնի մաքրությամբ հագնեմ քո բազկի զորությունը կարող,

Քո քաղցր փառքի մեծության համար և աստվածությանդ ամենապարգև,

Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն։